Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ծո, դուն ո՞վ կըլլաս կոր, որ իմ տանս մեջ ասանկ խոսքեր կընես ինծի… սըվոր նայեցեք, ճեպը տասը փարա չունի, անոթութենեն բերանը հոտող մեկը, ելեր բարոյականի, պատիվի խոսքեր կընե, հեմ որո՞ւ… Ղուկաս էֆենտի Կելկիթյանի պես մեկուն, դուրս կորսվե նայիմ…

Նույն միջոցին ծառան, որ զանգակին ձայնը առած էր, ներս մտավ։

− Դուրս հանեցեք սա սրիկան,− գոչեց Ղուկաս էֆենտի ծառային՝ Գարեգինը ցույց տալով։ − Թո՛ւ, գարշելի արարած,− պոռաց երիտասարդը էֆենտիին երեսին ու դուրս ելավ սենյակեն։

Ղուկաս էֆենտիի ոտքը ձեռքը բարկութենեն կդողար ու չէր կրնար կանոնավորապես շնչել։ Սկսավ բավական ժամանակ ժուռ գալ սենյակին մեջ, հետո քանի մը սիկարեթ ծխեց վրա վրայի և երբ քիչ մը հանդարտեցավ, քթին տակեն մռմռաց.

− Վաղը կտեսնվիմ այդ սրիկային հետ…

Հետևյալ առտուն, երբ իր գրասենյակը հասավ, առաջին գործը եղավ իր գրագիր պ. Արշակը կանչել։

− Գարեգին Հայկյան անուն մեկը կճանչնա՞ս,− հարցուց։

Պ. Արշակ, գրիչը ականջին անցուցած, պահ մը մտածեց, ճակատը շփեց և ի վերջո հարցուց.

− Ի՞նչ գործ կընե եղեր:

− Չեմ գիտեր, վաճառականի գրագի՛ր է, ինչ է։

− Այդ անունով մարդ չեմ ճանչնար կոր,− եզրակացուց գրագիրը հուսահատ դեմքով մը. որովհետև տակավին նոր մտած ըլլալուն՝ Ղուկաս էֆենտիի քով իրեն համար ձախողանք մը կնկատեր այս պարագային օգտակար չկրնար ըլլալը։

− Ի՞նչ գործ ունիս ձեռքդ,− հարցուց Ղուկաս էֆենտի։

− Քանի մը նամակներ կան գրելիք…

− Ձգե, այդ նամակները կեսօրեն ետքն ալ կրնաս գրել, ու շուտով գնա ասդին անդին, հարցուր փնտռե և աղեկ մը հասկցիր թե ո՞վ է այդ Գարեգին Հայկյանը և որո՞ւ քով կաշխատի… անունը միտքեդ չելլե, Գարեգին Հայկյան, Ֆերիգեղ կնստի… քեզ նայիմ, պարապ ետ չդառնաս։

− Շատ աղեկ, հիմա կերթամ կհասկնամ,− պատասխանեց գրագիրը և դուրս ելավ էֆենտիին քովեն։

Երկու ժամ ետքը պ. Արշակ զվարթ ու հաղթական վերադարձավ: