Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Այո, գրագիրը եկավ և լուր թողուց, որ էֆենտին անպաաճառ իրենց գրասենյակը երթա… հա, աղեկ միտքս ինկավ, գրագիրը քու խոսքդ ըրավ։

− Ի՞մ խոսքս…

− Այո, հարցուց, թե քանի՞ տարի է, որ հոս կաշխատիս, թե գործդ ի՞նչ է, թե ո՞ւր կնստիս, և այլն։

Գարեգին գույնը նետեց․ կսկսեր գուշակել թե հարվածը ուրկե կուգար։

− Ղուկաս էֆենտի և Քերովբե էֆենտի իրարու հետ շա՞տ մտերիմ են,− հարցուց։

− Հարկավ,− պատասխանեց արկղակալը,− Ղուկաս էֆենտի մեր պանքեոն է, երբոր դրամի պետք ունենանք՝ իրեն կդիմենք, իր քասան մեր տրամադրության տակն է և քասային մեջն ալ լեպլեպի չի կա՝ այլ կարմրուկ ոսկիներ։

Եվ Գրիգոր սկսավ ապուշ-ապուշ խնդալ, իբր թե սրամիտ խոսք մը ըսած ըլլար։

Բայց Գարեգին իրեն պետք եղածը իմացեր էր և բարևելով հեռացավ արկղակալին քովեն։

Ալ կասկած չի կար Ղուկաս էֆենտին էր, որ առջի օրվան դեպքին վրեժը կլուծեր։ Այս հարվածը սակայն արիաբար ընդունեց երիտասարդը, ոչ թե չընկճվեցավ անկե՝ այլ ընդհակառակը նոր զորություն մը զգաց իր մեզը պաշտպան կանգնելու թշվառ այրիին։ Հետո տեսակ մը գոհունակություն կվայելեր այսպես պաշտոնեն ճամփվելուն։ Իրեն համար խորին ցավ մը, տեսակ մը խղճի խայթ եղած էր խորհիլը, թե խեղճ Սաթենիկ իրեն պատճառավ զրկված էր նպաստե։ Հիմա որ ինքն ալ անոր պատճառով գործեն կզրկվիր, այլևս կազատեր խղճի խայթեն, քանի որ անոր զրկանքը փոխարինած էր այս կերպով։

− Ինը ոսկիով ամիս ու կես կրնամ ապրիլ և մինչև այն ատեն անշուշտ գործ մը կգտնեմ… իսկ Ղուկաս էֆենտիին հետ նորեն կտեսնվինք։

Երբ Բերայի մեծ փողոցը հասավ, բազմությունը խռնված էը ամեն կողմ, կաղանդի իրիկվան ուրախ-զվարթ ամբոխ մը, ծրարներով բեռնավորված, որ մայթերուն վրա հրմշտկելով կհառաջանար: Գարեգին հանկարծ գաղափար մը հղացավ.

− Պետք է, որ նվեր մը տանիմ Սիրվարդին, կաղանդի առթիվ,– մտածեց ինքնիրեն։