Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ Պոն Մառշե մտնելով փոքրիկ սիրուն պեպեք մը առավ:

Հետո, երբ Ֆերիգյուղ հասավ, պտղավաճառն մը զանազան պտուղներ առավ և մանչու մը ձեռքը տալով, հաղթանակորեն ուղղվեցավ տունը։

− Այս իրիկուն բան մը հայտնի չեմ ըներ,− կխորհեր,− կաղանդի օրով պետք չէ տխրեցնեմ խեղճ կինը, ընդհակառակը զվարթ կերպարանքով մը կերթամ…

Եվ իրավ ալ նույն գիշեր տիկին Սաթենիկ և իր աղջիկը ուրախ կաղանդ մը անցուցին, մանավանդ Սիրվարդ, որ աչքերուն չէր ուզեր հավատալ, երբոր պեպեքը իրեն նվիրեցին։

Հետևյալ օր, երբ Ղուկաս էֆենտի եկավ իր գրասենյակը, Քերովբե Աբրահամյան արդեն իրեն կսպասեր ավետիսը հաղորդելու համար։

− Երեկ, ասկե երթալուս պես, հաշիվը տեսա, ճամփեցի այդ Գարեգինը,− ըսավ Ղուկաս էֆենտիին։

− Աֆերիմ, յա, այդ տեսակ անբարոյական սրիկաները անոթութենե սատկեցնելու է, որ երթան չափերնին սորվին:

Եվ սակայն այս չափով չգոհացավ, ուզեց, որ այդ բոզը և այդ չափխընը՝ իրենց բնակած տունեն հանել տա, որպեսզի թաղը չապականեն։ Ասոր համար դիմեց հերայի Թաղ, ատենապետին, որ իր բարեկամն էր և խնդիրը բացատրեց։

− Էֆենտիմ, անբորայական կին մը, որ երիտասարդ մը առեր նստեր է, չըլած էտեպսիզութուննին չմնար կոր, բոլոր դրացիները կբողոքեն կոր… ասանկ գայթակղություն, ասանկ խաղքություն, կըլլա՞ մի. ամենուս պատիվին արատ կբերե ասիկա, մեկ ընտանեկան պատիվ մը, սրբություն մը ունեինք պարծենալիք, ան ալ վրա տա՞նք…

− Բայց Ղուկաս էֆենտի, ի՞նչ կուզեք որ ընենք։

− Դուք հանել տվեք տունեն, կառավարության դիմեցեք, ոստիկանության ձեռքով թոզ դուրս նետեն։

− Մինչև որ դրացիներու կողմե գրավոր բողոք մը չըլլա, մենք չենք կրնար միջամտել,− աոարկեց ատենապետը։

− Ատ ըլլա ուզածդ,− զոլեց Ղուկաս էֆենտի,− ամբողջ թաղեցիին կողմե ստորագրված քեզի բողոքագիր մը բերել կուտամ:

− Եթե այդպես գիր մը գա, այն ատեն անմիջապես կրնանք դիմում ընել Բերայի մյութեսարըֆին ու զիրենք տունեն հանել տալ։