իր գինետան մեջ չէր սահմանափակվեր, անկե դուրս ալ կճառագայթեր, երբ հարկը ներկայանար։ Կիրակի օր, երբոր եկեղեցի երթար, հարգանքով կողջունվեր թաղականներուն, քահանային, ժամկոչին և վարժապետին կողմե։ Հաճի Թումիկ մարդ մըն էր, որ լավագույն էր իրեն հետ ունենալ, քան իրեն դեմ։
Եվ սակայն Հաճի Թումիկ իր ազդեցությունը չարաչար չէր գործածեր, իր հեղինակությունը չէր գռեհկացներ ճղճիմ խնդիրներու մեջ մտնելով։ Մեծ վճռական վայրկյաններուն երևան կուգար ան ու կգործեր հանուն ժողովրդին, որուն մարմնացումը, շոշափելի արտահայտությունն էր։
Տգետ, բայց մտացի, իրեն որոշ սկզբունքները ուներ, հաստատ, անսրբագրելի սկզբունքներ, որոնց վրա հիմնված էր իր ապրելակերպը։
Ղուկաս էֆենտի վայրկյան մը ուշադրությամբ քննեց իր հյուրը, հասկցավ թե իր փնտռած մարդն էր։
− Շատո՞նց է, որ Ֆերիգյուղ կնստիս,− հարցուց։
− Տասը տարի կա։
− Ըսել է թաղին մեջ ճանչցված ես։
− Էֆենտի, Բանկալթիեն բռնե մինչև Շիշլի Հաճի Թումիկը չճանչցող չի կա։
− Գիտե՞ս քեզ ինչու համար ուզեցի։
− Քիչ մը հասկցուցին։
− Ըլլալիքը թե մեր ազգին պատիվին և թե մասնավորապես ձեր թաղի պատիվին համար է։ Դուն ամուսնացած ես, զավակներ ունի՞ս, Հաճի Թումիկ աղա։
− Ամուսնացած եմ, էֆենտի, երկու հատ ալ աղջիկ ունիմ…
− Աստված պահե։
− Շնորհակալ եմ, շատ ապրիք։
− Էյ, քեզի պես ամուսնացած, աղջիկներու տեր, պարկեշտ, բարոյական մարդու տանը քով բոզ մը նստի նե՝ թող կուտա՞ս, ձայն չե՞ս հաներ…
− Ինչ ըսել է, էֆենտիս, մենք զենկին չենք ամա, նամուսի համար հոգինիս կուտանք…
− Կեցցես, Հաճի Թումիկ աղա… հիմա քեզի խնդիրը բացատրեմ, ատ ձեր կողմերը Սաթենիկ անուն որբևայրի մը եկեր տուն բռներ նստեր է իր սիրականին հետ, ատ անամոթ կնիկը եկավ մեր Աղքատախնամեն դրամ ուզելու, մենք ալ մարդ ղրկեցինք,