ինչպես կնիկ ըլլալուն մասին հարցուցինք, փնտռեցինք, մեյ մըն ալ ինչ իմանանք, անբարոյական բոզին մեկն է եղեր… երկրորդ անգամ գալուն աղեկ մը լվացի զինքն ու դուրս վռնդեցի։ Հիմա պատվավոր մարդիկ կուզեն, որ այդ կինը և քովի սիրականը նստած տունեն հանեն, որպեսզի փողոցը մաքրվի։ Ասոր համար թաղական խորհուրդեն դիմում պիտի ընենք Բերայի մյութեսարըֆին, բայց պետք է որ այդ կողմերը բնակող, ընտանիքի տեր, պատվավոր մարդիկը գրավոր բողոք մը ընեն թաղական խորհրդին, որպեսզի ան ալ կարենա կառավարության դիմել… հիմա ատանկ թուղթ մը պատրաստվի, դուն կրնա՞ս ստորագրել տալ։
− Ի՞նչ ըսել է, էֆենտիս, Հաճի Թումիկին խոսքեն հիչ դուրս ելլող կգտնվի՞ Ֆերիգյուղի մեջ… մինակ սա կա, որ խանութս ձգելու, այդ գործին ետևեն պտտելու եմ քանի մը օր… էհ, գիտես ա, էֆենտի, մենք օրե շահող օրե ուտող մարդիկ ենք… իրավ է, այդ գործը ազգերնուս պատիվին հսւմար է, բայց…
− Կհասկնամ, կհասկնամ,− ընդմիջեց Ղուկաս էֆենտին,- այդ մասին դու հոգ մի ըներ, ես քու վնասիդ տեղը կլեցնեմ, ես այսօր գրելիք թուղթը կպատրաստեմ, դուն վաղը առտու, Բերա իմ տունս հանդիպե, որպեսզի քեզի տամ և անմիջապես ստորագրել տաս… ժամ մը առաջ այդ աղտոտությունը վերցնելու է մեջտեղեն։
− Շատ աղեկ, գլխուս վրա, էֆենտիս։
Ղուկաս էֆենտի քսակը հանեց, մեջեն երեք ոսկի առավ և Հաճի Թումիկին երկարելով ըսավ.
− Հիմակուհիմա աս երեք ոսկին առ, գիտնաս որ թուղթը ստորագրել տալ ու բերելեդ ետքը նորեն ես քեզի պարապ չեմ հաներ։
Ոսկիներուն տեսքը բոլորովին շլացուց Հաճի Թումիկը։ Երբեք չէր սպասեր, որ տակավին չսկսված գործի մը համար այսքան առատ կանխավճար մը պիտի ստանար։
− Էֆենտի՛ս, շատ շնորհակալ եմ, շատ ապրիս,− թոթովեք հուզված կերպարանքով։
− Քեզ տեսնեմ, Հաճի Թումիկ աղա, դուն պատվավոր մարդ մը կերևաս կոր, աշխատե աս անբարոյականները հանել տալ այդ տեղեն, որ ընտանիքները հանգստանան։
− Դուն ալ հոգ մի ըներ, էֆենտիս,− գոչեց գինեպանը−…