Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Տեսա՞ր հիմա եղածը։

− Շիտակը դեռ չհասկցա քու հանկարծական հուզումիդ պատճառը այդ մարդուն խոսքերեն։

− Հանրագրություն կպատրաստեն կոր տունեն հանել տալու համար Սաթենիկն ու զիս… իբրև բոզ ամբաստանելով խեղճ կինը։

− Ի՜նչ կըսես, եղբայր,− գոչեց Սերգիս, չուզելով իր ականջներուն հավատալ։

− Այո, կատարելապես լսեցի, մեր բնակած տան մասին էր․․․ պախալ Մանոլին տունը… բայց ո՞վ էր հանրագրությունը ստորագրել տվող այդ մարդը… − ըսավ Գարեգին,− դեմքը անծանոթ չէ ինծի, թաղեցի է, բայց լավ մը չեմ կրնար հիշել… խեղճ տիկին Սաթենիկ, երբոր իմանա՝ խելքին պիտի գա, ինք որ այնքան նախանձախնդիր է իր պատիվին և երբեք չուզեր, որ ոևէ կերպով իր վրա խոսեցնե․․․

Ու խեղճ երիտասարդը, շվարած, սահմռկած, չէր գիտեր ինչ ընելը։

− Բայց ի՞նչ կուզեն այդ մարդիկը մենե, ինչ ըրած ենք իրենց,− կգոչեր ատեն-ատեն։

− Ինծի նայե,− ըսավ Սերգիս վճռաբար,− պարապ հառաչանքները օգուտ մը չունին. պետք է շենք շնորհք ճար մը մտածենք… եկուր նախ ուրիշ տեղ մը նստինք, սանկ առանձին տեղ մը, մենք մեզի։

Եվ ուղղվեցան Օսման պեյի սրճարանը, ուր այդ եղանակին բոլորովին թափուր էր։

Գարեգին լուռ կմնար, մտքին մեջ փնտռելով հանրագրության մարդը, որ վստահ էր, թե անծանոթ մը չէր իրեն համար։

Վերջապես հաղթական ճիչ մը արձակեց։

− Գտա,− գոչեց,− մեր բնակած տան մոտերը գինեպան մըն է, նույնիսկ մեկ անգամ գացած եմ խանութը… այո, հիշեցի, բոլորովին վստահ եմ, նույն ինքն է… բայց ինչո՞ւ համար այդ թշնամությունը մեզի դեմ։

− Ո՛վ գիտե, գուցե ուրիշի մը դրդումով կգործե։

− Ամեն պարագայի, ասիկա նոր սկսված գործ մը չէ, որովհետև երբ թուղթը հանեց, աչքիս ծայրովը տեսա, որ ստորագրություններով ծածկված էր… կտեսնա՞ս, ամբողջ թաղը մեզի դեմ ելած է… բայց ի՜նչ սարսափելի բան է այս։