− Դեռ սենյակ չբռնեցի, առայժմ պանդոկն եմ, բայց հավանորեն Բանկալթիի կողմը պիտի հաստատվիմ։
Եվ Սերգիս պատմեց, թէ այլևս Պոլիս պիտի մնար մնայուն կերպով և ամսականի հավելումով։ Իր մեծերը շատ գոհ են իրմե և կհուսար թե քանի մը տարիեն պիտի կրնար կարևոր դիրք մը գրավել իր գտնված Անգլիական մեծ հաստատության մեջ։
Եվ խոսակցելով հասան մինչև Ֆերիգեղ ու կրկին նստան շիտակ ճամփու վրա սրճարան մը։ Երկար բացակայությունե մը ետքը, երկու բարեկամներ չէին կրնար դյուրավ իրարմե կարոտնին առնել, մանավանդ որ Գարեգին, իր ներկա վիճակին մեջ պետք կըզգար մտերիմ ընկերոջ մը խորհուրդներուն։
Հազիվ թե քառորդե մը ի վեր նստած էին սրճարանը, երբ որ գինեպան Հաճի Թումիկ ներս մտավ և ուղղվեցավ խումբի մը, որ Գարեգինի ու Սերգիսի սեղանեն քիչ մը անդին կգտնվեր։
− Բարև, աղաներ,− ըսավ Թումիկ։
− Աստծո բարին, Հաճի Թումիկ աղա, եկուր տեսնանք, ի՞նչ կա չի կա։ Գինեպանը աթոռ մը առավ և բազմեցավ իր ծանոթներուն քով։ Հետո գրպանեն թուղթ մը հանեց և ներկաներուն երկարելով ըսավ․
− Սըտեղ մեյմեկ իմզա դրեք։
− Ի՞նչ է,− հարցուց մեկը։
− Ճանըմ, մահալլեներնիս գեշ մը եկեր է, իր սիրողին հետ, անոր համար այս թուղթը պիտի ստորագրենք քի Պեյ Օղլու թաղական խորհուրդին տանք տե, ատոնք տունեն հանեն։
Իր սովորության համեմատ Հաճի Թումիկ բարձրաձայն կխոսեր ու Գարեգին և Սերգիս կատարելապես կլսեին զինքը իրենց նստած տեղեն։
− Ո՞վ է քի․․․
− Սաթենիկ կըսեն կոր, սա պախալ Մանոլին տունը կնստի եղեր,− առաջ տարավ Հաճի Թումիկ։
Գարեգին այդ բառերը լսելով գունաթափ ու շանթահարված մնաց։
− Ի՞նչ եղար,− գոչեց Սերգիս, որ տակավին իրողությունը լավ չէր ըմբռնած։
− Մեկնինք այս տեղեն անմիջապես,– մռմռաց Գարեգին ոտքի ելլելով ու գարեջուրին դրամը վճարելով։
Երբ փողոց ելան, Գարեգին գոչեց.