Jump to content

Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռևս անծանոթ հայ քաջերի ու քաջորդուհիների մղած հերոսական պայքարը, մարտական առանձին դրվագներ։

Բոլորն էլ իրոք ուշագրավ են ու սրտամոտ։

Ահա նրանցից մեկը, որի անունը անպայման պիտի իր արժանի տեղը գտնի հայ ֆիդայիների հերոսական պատմության մեջ։ Անունը՝ Խանում, դեռահաս հայ օրիորդ, որը դուստրն է Ծարվա գյուղի մեծահարուստ Ավետիս Շահինյանի։ Հայ քաջորդուհին ականատես է լինում իր յոթ եղբայրների վայրագ սպանությանը։ Անմիջապես կտրում է աղջկական երկար հյուսքերը, հանդերձավորվում է տղամարդու պես և վեց ընկերներով փակվում է Դարբուի քարայրում։ Տղաները գնում են ջրի, բայց ընկնում են խաչաձև կրակի տակ։ Խանումը մտնում է առվի ջրի մեջ և ատրճանակի հատուկենտ կրակով պաշտպանում է ընկերներին։ «Երկու ժամ կռվեն վերջը,-գրում է Մուրադը,- կը զարնվի հինգ տեղեն և կընկնի անշնչացած։ Պատիվ ու հարգանք քեզ, հերոսուհի»։

* * *

1917 թվականին Սեբաստացի Մուրադը Թիֆլիսից փափուկ վագոնով մեկնում է Ալեքսանդրապոլ։ Նա մենակ չէր։ Այստեղ էին Ստեփան Մամիկոնյանը (Մոսկվայի հայկական կոմիտեի նախագահ) և Սեպուհը։

Զրույցներից մեկի ժամանակ Ստեփան Մամիկոնյանը մեղադրում է արևմտահայերին անխոհեմության և անհեռատեսության մեջ։ Մուրադը զայրացած պատասխանում է. «Գիտե՞ք, թե ինչպիսի՞ անարգանքներու է ենթարկված մեր ժողովուրդը, չգիտեք, դուք ի՞նչ գաղափար կըրնաք կազմել գործած ոճիրի մեծության մասին, երբ այդ մասին միայն լսած եք ու կարդացած… Եթե դուք ձեր կաշվի վրա ընդունած լինեիք այդ ահռելի խոցը, այն ատեն հավատացած կը լինեի, որ այդ ձևով չէիք խոսեր մեզ հետ»։

Սեբաստացի Մուրադն իր քաջերով հասնում է Երզնկա և քաղաքը պաշտպանում թշնամու հարձակումներից, իսկ Սեպուհը՝ Բաբերդը։

Զորավար Անդրանիկը հասնելով Սարիղամիշ, անմիջապես հեռագրում է Մուրադին, կարգադրելով թողնել Երզնկան ու ամրապնդվել Մամախաթունի՝ Ջևիդ կիրճում։ Մի հեռագիր էլ Սեպուհին՝ Բաբերդը թողնելու առաջարկությամբ։

Երզնկայում Մուրադը և գնդապետ Մորելը հաստատել էին հայկական իշխանություն։ Գնդապետ Մորելը ծագումով ֆրանսիացի էր և ռուսական բանակի բարձրաստիճան սպա: Մուրադին աջակցում էր նաև գիտակ ու գործունյա բժիշկ Արշակ Պողոսյանը։