Սասնո գետը, ցերեկը դադար տալիս, երթուղին շարունակում գիշերները։ Քոփի վանքում ստիպված ընդունում է անխուսափելի մարտը։ Շուտով օգնության են հասնում Ծովասարից իջնող Տեր Քերոբի զինված մարտիկները։ Թշնամին ընկնում է երկու կրակի աքցանում և, երեսուն դիակ թողնելով, խուճապահար փախչում, ցիրուցան լինում:
Առաջադրանքը հաջողությամբ կատարելուց հետո անցնում է Վան և Վասպուրականի գյուղերից հայթայթում զենք ու զինամթերք, ապա վերադառնում Սասուն և Բերդակ լեռան վրա հանդիպում մարտական ընկերներին։
Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Քեռին, Սեբաստացի Մուրադը 40 ֆիդայիների հետ իջնում են Մշո դաշտ և ապաստան գտնում Կուրավա անունով գյուղում։ Այստեղ կային 300 թուրք զինվորներ։ Դա մի փոքրիկ ռազմակայան էր։ Հայ քաջերն ուղղակի հարձակվում են այդ գյուղի վրա։ Թուրք ասկյարները դրան չէին սպասում և անակնկալի եկած մատնվում են խուճապի։ Ասկյարները հարձակվում են հայերի դիրքերի վրա։ Ֆիդայիները կռվում են համազարկ տալով։ Այդպես կարգադրել էր Անդրանիկը։ Թշնամին, թողնելով տասնյակ դիակներ, դիմում է փախուստի։
Անդրանիկի առաջարկությամբ հայ բնակիչները ժամանակավորապես թողնում են իրենց շեները և ապաստան գտնում մոտակա գյուղերում։
Մի քանի օր անց Վան են հասնում Անդրանիկի, Սեպուհի, Սեբաստացի Մուրադի խմբերը։ Ապա նրանք դադար են առնում Արտազում, ս․ Թադեի վանքում։
1905 թվականի փետրվարի 5-ին Բաքվում ծայր են առնում հայ-թուրքական ազգամիջյան կռիվները։ Թաթարների հարձակումները թվում էին անսանձելի։
Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի հատուկ որոշմամբ այստեղ են շտապում Նիկոլ Դումանը, Վարդանը, Մուրադը, Համազասպը, Սաքոն, Քեռին, Դրոն, Սեպուհը, Կորյունը, Ռաշիդը, Խեչոն, Ավոն, Ստեփան Ստեփանյանը, Մխիթարը, Մելիքը և շատ ուրիշներ։
Մուրադը հասնում է Սյունիք և Արցախ։ Նա ձեռնամուխ է լինում հայկական գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը, զինվորագրում է անձնուրաց և քաջ երիտասարդների ու հետ մղում թշնամական ուժերի գրոհները։ Դրությունը գնալով փոխվում է, և հայ մարդը կարողանում է պաշտպանել իր կյանքն ու պատիվը, իր ինչքն ու հարստությունը։
Սեբաստացի Մուրադը հրաման էր արձակել և ամենուրեք հետևում էր դրա կատարմանը՝ ռազմական գործողությունների ժամանակ երբեք