Jump to content

Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զենք չբարձրացնել կանանց, երեխաների, ծերերի և անզեն մարդկանց վրա:

Սա կատարյալ ասպետություն էր` առինքնող ու վեհ, որ զարդարում էր հայդուկներին, դարձնում նրանց խիստ մարդկային և դրանով իսկ իրոք` անխոցելի:

1915 թվականի գարնանը Մուրադը հայրական տանն էր: Մարտի 15-ին երեք ոստիկան բախում են նրա տան դուռը: Տանտերը ներս է հրավիրում անկոչ հյուրերին: Նրան հանձնում են Ալի-բելի գրությունը. «Անմիջապես եկեք` մի քանի կարևոր գործերի շուրջը խորհրդակցելու»:

Սեբաստացին մի անգամ չէ, որ շփվել էր ոստիկանների հետ և անմիջապես կռահում էր, որ թուրքերը ծուղակ են պատրաստում: Առանձնապես չի ոգևորվում այդ անորոշ հրավերով, այլ կարգադրում է Ագապիին` հյուրասիրե ոստիկաններին: «Դուք կրնաք երթալ, կես ժամեն ես կուգամ, չեմ ուզեր գյուղեն ոստիկաններով մեկնիլ»,- հանգստացնում է նրանց:

Մուրադը ընկերների հետ թողնում է հայրենի Կովտունը: Ու այսպես սկսվում է նրա ոդիսականը: Նա ականատես է լինում ողբերգական դեպքերի, անցնում անտառներով ու անանցանելի կիրճերով, թռչում քարերի ու քարափների վրայով, կտրում-անցնում սառցաշունչ գետերը և դուրս գալիս Սև ծովի առաձնյա գոտին, ուր համարձակ գրոհով գրավում թուրքական մի փոքրիկ ձկնորսանավ և ուղղություն վերցնում դեպի Բաթում: Այդ առասպելական ճամփորդությունը, որ լի է բազմաթիվ արկածներով ու հոգեկան տագնապներով, ժամանակին մեծ արձագանք է գտել և ոգևորությամբ ընդունվել: «Հորիզոն» թերթը տպագրում է «Մուրադի ոդիսականը» խորագրով հոդվածներ ու վկայություններ: Հրապարակի վրա եղած նյութերը, մանավանդ Մուրադի քրոջ` Սրբուհու, զինակից ընկերոջ` Վարդան Շահբազի և ուրիշների պատմածերի, գրավոր փաստերի, հավանաբար նաև Մուրադի «Օրագրի» հիման վրա գրող-հրապարակախոս Զապել Եսայանը ստեղծում է «Մուրատի ճամբորդութիւնը» ուղեգրությունը և 1918 թվականին հրապարակում Բաքվում լույս տեսնող «Գործ» հանդեսի 4-8 համարներում: Հետագայում, 1921-ին, առանձին գրքույկով լույս է տեսնում Բոստոնում, իսկ 1981-ին «Նաիրի» ամսագրի էջերում (Հալեպ, Բեյրութ):

Արդ` անդրադառնանք Մուրադի «Օրագրին» (գրած մատիտով), որն առաջին անգամ տպագրվել է 1933-ին, ապա` 1990-ին «Նորք» հանդեսում: Այն իբրև հավաստի սկզբնաղբյուր իր տեսակի մեջ եզակի և կարևոր փաստաթուղթ է: Այստեղ օրագրությունը