Jump to content

Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չարգործութիւններ ըրած էր. և կառավարութիւնը մեծ յոյս ունէր անոր վրայ:

Երբ Ք. և Իսթիլը տեսան հրացանները, չավուշին ատրճանակը և ժամացոյցը, իրենց ուրախութեան չափ չի կար: Թիւրքերէն սպաննուած էին 25 հոգի, իսկ մեզմէ ոչ սպաննուած կար, որ վիրաւորեալ: Կռիւի միջոցին փախած, անհետացած էին միայն մեզ հետ եղող յոյն նաւավարները:

Իրիկունը մեկնեցանք, այդ տեղէն, հետերնիս տանելով Ք.-ի կինը և երեխաները: Ես այնքան հիւանդ էի տակաւին. որ թևերէս մտած քարշ կու տային: 4 ժամ ճամբայ երթալէ ետքը մեզի համար անկարելի էր շարունակել, որովհետև ես և Վարդանը չէինք կարող քալել: Ք.-ի կնոջ և երեխաներուն 10 ոսկի տուինք և ղրկեցինք ապահով տեղ մը և մենք բոլորս ալ ուժասպառ եղած ըլլալով՝ մօտեցանք գիւղի մը և մերձակայ անտառին մէջ նստեցանք: Այդ անտառին մէջ կորսնցուցինք Օվակիմը: Մարդ ղրկեցինք գիւղը հիւրընկալութիւն խնդրելու, բայց գիւղը լեցուն էր ժանտարմայով, և գիւղացիք վախցան մեզ ընդունելու: Տեղափոխուեցանք ուրիշ անտառ մը. վիճակնիս շատ դժուարին էր. տեղերնիս ցուրտ, հագուստներնիս թաց, ուտելիք չի կայ, կրակ չենք կրնար վառել, ես ու Վարդանը հիւանդ: Կարգադրեցինք, որ Փիկալեան Նշանը և Վասիլը երթան, նաւավարները գտնեն և բերեն Գոճա-դաղ, իսկ մենք փնտռեցինք գրաստ մը, բայց անկարելի եղաւ գտնել: Վարդանը բոլորովին ինկած էր, զինքը յանձնեցինք մօտակայ յոյներուն, խնդրելով, որ լաւ խնամեն զինքը, մինչև որ ղրկենք ու առնենք: Այդտեղ մնաց Վարդանը և յետոյ իմացանք, որ մեռեր է:

Երեկոյին շարունակեցինք ճանապարհը և հասանք գիւղ մը, որ Սամսոնէն երկու ժամ հեռու էր։ Երեք տուներ կային առանձին, ջրի ափին, ճանապարհի դիմաց, հովիտի մէջ: Դռան մը զարկինք և տանտիրուհին, որ մօտ 30 տարեկան, երկարահասակ, վտիտ դէմքով բարի կին մըն էր, մեզ ընդունեց յարգալիր և սրտոտ խօսքերով:

— Երանի՜ թէ քանի մը թիւրքեր սպաննէիք, ես ալ տեսնէի:

Անձրևը չի դադրելուն պատճառաւ երկու օր մնացինք հոն և բաւական կազդուրուեցանք:

Տանտիրուհիին եղբայրը ղրկեցինք Սամսոն տեղեկութիւն և հիւանդներուն համար հարկ եղածը ստանալու: Անիկա վերադարձաւ երեկոյեան ժամը 11-ին. պատմեց, թէ ինչպէս Սամսոնի յոյն հասարակութիւնը ուրախացեր էր, իմանալով Ազիզ չավուշի և միւս թիւրքերուն սպաննուիլը: Բերաւ նաև թերթեր, տեղեկութիւններ: Երեկոյին մեկնեցանք անկէ: