Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Զվարթնոց տաճարի ուսումնասիրությամբ ես ստիպված եմ մինչև անոր կառուցումը՝ անցյալ դարերու ճարտարապետության համառոտ տեսություն մը կատարել, ուստի անհրաժեշտ կհամարիմ պարզել, թե քաղաքական ինչ դժնդակ պայմաններու մեջ ապրելով հայ ժողովուրդը ստեղծեց և զարգացուց ինքնուրույն ճարտարապետություն մը, որուն գլուխգործոցը եղավ VII դարու կեսին Զվարթնոց եկեղեցին։

Մարդկային ընդհանուր պատմության ընթացքը մեզ այնպես սորվեցուցեր է, որ ինքնուրույն զարգացման և սեփական ստեղծագործություններու ընդունակ կլինեին այն ազգերը, որոնք ունին քաղաքական անկախություն և բարեկեցիկ տնտեսական վիճակ։ Քաղաքական անկախությունը կորսնցնող ազգերը, պատմական փաստերով ապացուցված է, որ ոչ միայն իրենց կորած անկախության հետ զուգահեռաբար կորսնցուցեր են իրենց զարգանալու և ստեղծագործելու ընդունակությունները, այլև իրենք ալ մեծ մասամբ անհետացեր կամ ձուլվեր են ավելի զորավոր ցեղերու կամ քաղաքակրթապես ավելի բարձր ազգերու հետ։

Հայ ազգը, այս ընդհանուր օրենքի հակառակ, տարօրինակ մի բացառություն է։

Պատմական փաստ է, որ նախքան քրիստոնեական թվականը, քանի մը դարեր նաև դրանից հետո, Հայաստանը միահեծան և անկախ կյանք անցուցեր է, որուն նմանը հետագային մեջ երբեք չունեցավ։ Սակայն քաղաքական տիրապետությունը կորսնցնելն հետո, երբ այլևս իրեն վրա տիրապետող մեծ պետությանց քմահաճույքեն կախված էր նույնիսկ իր ֆիզիկական գոյությունը, այնպիսի հոգեկան և իմացական շնորհք սկսեր է ցույց տալ, որն որ ունեցած լինելուն բնավ փաստ չունինք անկախության շրջաններուն մեջ այնքան ակնբախ բարձրության հասած լինելուն։

Հայաստանի անկախության վերջալույսը նկատեցին մի քանի քաղաքագետ և հեռատես գլուխներ դեռ V դարու սկզբին և այդ պատճառով ալ ամեն տեսակ դյուցազնական ջանքեր թափվեցան հայ գրի և գրականության ստեղծագործության համար, որով կհուսացվեր փրկել պետությունը և ապահովել ազգի մշտնջենական գոյությունը։

Ահա այս խախուտ, անկման մոտիկ շրջանեն է, որ կսկսի Հայաստանի մեջ ճարտարապետական հոյակապ կոթողներու կանգնումը, որոնցմե շատերը մեզի հասեր են այսօր իբրև անհերքելի վկաներ կանգնողներու ցեղական և նկարագրական բարձր արժանավորություններուն։

Կսիրեմ հավատալ, որ գրի ու գրականության ստեղծումը մեծ զարկ տված լինի նաև գեղարվեստի զարգացման և քաղաքական հասունության նոր մի ճանապարհի բացման, որով կարողացան ըստ ամենայնի ճկուն և շրջահայաց լինել՝ ամեն կողմե փչող ավերիչ փոթորիկներդ դեմ ինքզինքնին պահպանելու և իրենց գոյությունը մշտնջենավորելու համար, այլապես անհնար էր տևական լինել այնպիսի մի ժամանակ, որում քաղաքական անկախութենե զրկված պետք էր որ ստեղծագործելու ընդունակություններն ալ խամրեին շատ իրավացի կերպով, քանի որ Հայաստանի վրա տիրապետող պետությանց ձգտումները խնամակալական զգացումներն շատ հեռու լինելե զատ, հայ ազգը իսպառ անհետացնելու անվիճելի փաստեր շատ տվեր է մեզ մեր պատմությունը։ Թերևս իրենց նպատակին հասնեին ս. Սահակի և ս. Մեսրոպի նման հեռու փառասիրական ամեն տեսակ ձգտումներե, զուտ հայրենասիրական եռանդով բորբոքված անձնազոհ գործիչները և ամրապնդեին քաղաքական աննպաստ անցքերով խարխլած հայկական գահը, եթե վրա չի հասներ Վռամշապուհի նման ազնիվ և բարեմիտ թագավորին կանխահաս մահը և քիչ հետո ալ այդ գահը չի վիճակվեր Վռամշապուհի բոլորովին հակապատկեր, թուլամորթ, մեղկ ու աննկարագիր Արտաշիրին, քանի դեռ չէր սկսված նոր գրականության միջոցավ վառվիլ ժողովուրդին մեջ մաքուր հայրենասիրության սրբազան կրակը։ Այդ չքնաղ գրականությունը թեև իր հոյակապ պտուղները տվավ Վարդանանց պատերազմի ժամանակ, սակայն արդեն ուշ էր։

Այս անսպասելի դժբախտությունը եթե չի կարողացավ վնասել հայության ֆիզիկական գոյության, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական անկախությունը ընդմիշտ ջնջեց և բնականորեն գիտության և քաղաքակրթության հսկայաքայլ զարգացման բուռն թափը ջլատեց այնպիսի անդարմանելի կերպով, որ մինչև այսօր հայ գրականության համար V դարու ոսկեդարի տիտղոսը բնավ չի նսեմացավ։ Սակայն մխիթարականն այն է, որ այս չարաբաստիկ դիպվածեն հետո, Հայաստանի քաղաքակրթության