Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես տեսանք այս պատմական ուրվագծեն, Հայաստանը, ներքին և արտաքին զորեղ թշնամիներու քմահաճույքներուն խաղալիք դարձած, երբեմն խաբուսիկ խաղաղության և հանգստության տարիներ անցնելով, երբեմն ալ արյուն ու ավերի, սովի և սրածության ալեկոծաթյուններու կուրծք տալով, բայց միշտ մշտնջենական կորստյան անդունդը գլորվելու վտանգին ենթարկված, հուսահատական վիճակի մը մատնված բոլորելով VI դարաշրջանը, հյուծված ու անբախտացած թևոկոխեց VII դարը։

Հայաստանի համար VII դարը ոչ միայն խաղաղություն չի բերավ, այլև նորանոր քաղաքական ալեկոծություններու ասպարեզ բացավ։ Թեև Մորիկի մահվամբ հուսալի էր, որ հայահալած քաղաքականությունը դադարի թե հունաց և թե պարսից կողմանե, սակայն Խոսրով իր բարերար Մորիկ կայսեր եղերական մահվան վրեժխնդրության պատրվակով բյուզանդական կայսրության հետ վարած պատերազմներով, ոչ միայն երկու մեծ պետության երկիրները մշտատև խառնակություններու մատնեց, այլև այս երկու պետությանց մեջ գտնվող Հայաստանը, սկսած Փոկասի գահակալութենեն (602) մինչև Խոսրովի մահը (628), գրեթե 25 տարի պատերազմական դաշտի վերածեց։ Հպատակության օրենքը կպահանջեր, որ Հայաստանի յուրաքանչյուր բաժինը զինքը հովանավորող պետության շահերը զենքով պաշտպաներ։ Եվ որովհետև բուն Հայաստանի հողին մեջ էր երկու պետությանց սահմանագլուխը, այդ պարզ պատճառով ալ աոաջին անգամ Հայաստանի հողին վրա սկսավ այս հետագա անհուն չարիքներով լեցուն պատերազմը և իմիջիայլոց Հայաստանի համար եղբայրասպան շրջանը հօգուտ հունական կամ պարսկական բանակի։ Թե պարսից և թե հունաց բանակներու մեջ քիչ չէին հայ նախարարական գունդեր, որոնք դեմ առ դեմ կկռվեին՝ իրենց հպատակության պարտքը կամա թե ակամա կատարելու համար։

Փոկասի գահակալութենեն անմիջապես հետո, պարսիկները բանակ դրին Դվինի մեջ։ Հունական զորքերը գումարվեցան Եղվարդի դաշտը, ընդհարումները վերջացան պարսիկներու պարտությունով և Արարատյան նահանգի մեծ մասի ավերումովը։

Հետևյալ տարին պատերազմի դաշտը Շիրակ գավառն էր։ Հունական զորքը համախմբված էր Շիրակավանի (այժմ՝ Պաշ Շեորեկել) մեջ։ Պարսիկները հարձակեցան Գետիկ գյուղի (այժմ Քետիկլեր) մոտերը Ականից դաշտի վրա։ Այս կռվի սարսափը այնքան մեծ էր, որ շրջակա հայ գյուղերու բոլոր բնակչությունը ապաստանեցան Արգինայի բերդին մեջ։

Պարսից զորքը հունաց բանակը ջախջախելեն հետո, դարձան Արգինայի բերդին և շրջակայից մեջ ապաստան գտած հայ գյուղերու վրա, անխնա կոտորեցին, ավերեցին, թալանեցին և երեսուներեք գյուղ ամբողջովին գերի արին (603-ին)։

Մյուս տարին պատերազմի թատերաբեմը եղավ Արածանիի ափերու մոտ Ծաղկոտն գավառը և այսպես ամեն անգամ հաջորդաբար Հայաստանի տարբեր գավառներու մեջ անդադար կնորոգվեր պատերազմը, և տուժողը կլիներ բնիկ հայ ժողովուրդը։ Բասեն գավառի մեջ տեղի ունեցող երկարատև պատերազմները [1] ուղղակի մաշեցին հայ ժողովուրդը, գրեթե, Հայաստանի շատ մը գավառներու մեջ։ Պարսից բանակը, որուն կողմը թեքված էր հաջողությունը, Հայաստանը անասելի ավերումներու և գերեվարություններու ենթարկելե հետո, գնաց ի վերջո շրջապատեց Կարինը (608-ին)։ Քաղաքը գրավելը բավական չի համարելով, վերջիվերջո քաղաքին ամբողջ հայ ազգաբնակչությունն ալ գերի տարին Պարսկաստան, որուն մեջ էր Մորիկի ձեռքով Ավանի մեջ հակաթոռ նստող Հովհան կաթողիկոսը [2]։ Փոկասի գահակալությունը երկար չի տևեց, ինքն ալ սպանվեցավ իր զորավարներու ձեռքով, և տեղը նստավ Հերակլ (610-ին)։ Հակառակ Հերակլի խաղաղասիրական ձգտումներին, իր հաղթանակներով հպարտացած Խոսրովը, խաղաղության համար Հերակլի կողմանե հաշտության ամեն առաջարկ մերժեց կտրականապես և շարունակեց իր պատերազմները և նվաճումները։ Ոչ միայն Մորիկ կայսեր ունեցած դաշինքի համաձայն Բյուզանդիային թողած հայկական հողամասերը վերստին գրավեց, այլև անցնելով Փոքր Ասիայի սահմանները, հասավ մինչև Կոստանդնուպոլսի դռներուն [3]։

  1. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 116—120
  2. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 122—123
  3. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 142—152