ապստամբելով արաբներեն, անցան հունաց կողմը, իսկ հույներն ալ մի առ ժամանակ թողին ամեն հալածանք Հայաստանի մեջ և երկրին բախտը հանձնեցին հայերուն, որովհետև թե ներքին սաստիկ կռիվներ սկսեր էին Բյուզանդիոնի մեջ և թե արաբական արշավանքներու լուրջ վտանգը այս անգամ զիրենք ստիպեր էր ռազմական լուրջ կազմակերպության պատրաստություններով զբաղվել։
Թեոդորոսի կուսակցության հունաց կողմը անցնելը խիստ վատ հետևանք ունեցավ Հայաստանի ճակատագրի վրա։ Արաբները վրեժխնդիր եղած, իրենց քով գտնված պատանդները սպանվեցին[1] և Մուհավիեի գահակալությամբ գրեթե վերջացած լինելով ներքին անկարգությունները, վերստին կպատրաստվեին Հայաստանի վրա արշավելու, այս անգամ կրկնակի վրեժխնդրության դաժան որոշումով։ Բյուզանդիոն իր ներքին խռովություններով և արտաքին վտանգներով տարված, բնավ չպիտի կարողանար պաշտպանել Հայաստանը։ Ամենեն ավելի հունամոլ Ներսեսն անգամ համոզվեցավ, որ հունական իշխանությունը խնդրելեն ավելի հուսալի էր արաբացվոց գթության ապավինել և միանգամայն հպատակվել անոնց. ուստի Ներսես նախարարական ժողով գումարելով, որոշեցին դիմել ամիրապետին և Գրիգոր Մամիկոնյանին կառավարիչ նշանակել տալ Հայաստանի վրա (622)[2]։
Մուհավիե սիրով ընդունեց այս առաջարկը, որովհետև ինչ որ զենքի ուժով պիտի գործադրեր, խաղաղ ճանապարհով ինքնին կատարվեցավ և ավելի ընդարձակ սահմաններով, կամավ նվաճվեցան հայեր, քան ինչ որ ունեցեր էին նախկին արշավանքներու ժամանակ։ Եվ որ ավելի գլխավորն է, արաբներու բյուզանդական կայսրության կործանման ծրագրին գործադրության համար պատերազմական ճակատը պիտի փոքրանար և գուցե հայերեն ալ օգնություն պիտի առներ նախկին դաշնագրի պայմանին համեմատ (տես նախորդ էջ՝ 23)՝ բյուզանդական սահմաններեն Հայաստանի վրայով ներս արշավելու համար։
Թեև պատմական տվյալներ չիկան հայերու մասնակցության, այնուամենայնիվ, արաբները Հայաստանի կողմեն միանգամայն ապահով, երկար տարիներ շարունակ հարձակվեցան բյուզանդական կայսրության հարավային սահմաններու վրա և պահ մը հասան մինչև Կոստանդնուպոլսո դռները (672), սակայն պարտված ետ դարձան և դադար տվին պատերազմներու մի քանի տարի ժամանակով՝ նոր բանակ կազմակերպելու և ավելի հարձակումներ գործելու դիտավորությամբ։ Բայց այս անգամ ուրիշ ծրագրով, այսինքն՝ փոխանակ ուրիշ կողմերու, Հայաստանի սահմաններեն պիտի սկսեին բուռն պայքարը։
Մինչև արաբներու վերստին Կայսրության հետ նոր պատերազմի բռնվելը, որ Գրիգոր Մամիկոնյանի մահվան թվականին (682) կհամապատասխանն, մառախլապատ խաղաղություն մը անցավ Հայաստանի վրայեն, մոտավորապես տարիի մը չափ, այսինքն՝ Թեոդորոս Ռշտունիի արաբացվոց կողմը անցնելեն մինչև Գրիգոր Մամիկոնյանի մահը։
Գրիգոր Մամիկոնյանի մահվանեն հետո, փոխվեցավ Հայաստանի ճակատագիրը, անոր տեղ չի փոխարինեց ավելի վարչապետ մի կառավարիչ։ Գրեթե մեկ տարի առաջ ալ մեռած լինելով Մուհավիե, արաբական գահը ձեռքե ձեռք կանցներ մեկ կողմեն, մյուս կողմեն արաբ-բյուզանդական ընդհարումները սկսեր էին բուն Հայաստանի հողին վրա։
Քանի մը անգամ Հայաստանը ձեռքե ձեռք անցավ, այս երկու հզոր ախոյաններու կողմանե ոտնակոխ ընելով Հայաստանն ու հայությունը, մինչև որ վերջնականապես հաղթությունը մնաց արաբներու կողմը, և Հայաստանը մնալով արաբաց տիրապետության տակ (698), առաջին անգամ արաբ ոստիկան նշանակեցին Հայաստանի վրա։
Հայաստան եկող այս առաջին ոստիկանը, Մուհամմեդ-Պինի-Մրվան, աներևակայելի պատուհաս եղավ դժբախտ Հայաստանի գլխին, նմանը չի տեսնված չարիքներ հասցուց բովանդակ հայության, այնպես որ, ժողովուրդը սրտանց երանի կուտար մեռնողներուն, որոնք խաղաղական կենոք մեռան և ազատեցան իրենց քաշած տառապանքներեն[3]։
Մուհամմեդ այս զարհուրելի չարագործությունները վերջացնելեն հետո, հանդարտ խղճով մեկնեցավ Դամասկոս՝ 700 թվականին, հաշիվ տալու համար ամիրապետին, որը նոր ոստիկան նշանակեց Հայաստանի վրա։