Ահա այսպես ալեկոծված ու փոթորկալից օրեր անցնելով բոլորեց VII դարը մարդկային սպանդանոցի վերածված արյունաներկ Հայաստանը։
Թեև ներկա աշխատությանս տեսակետով կփակվի իմ տեսությունս VII դարով, սակայն ընդհանրապես արաբական տիրապետության շրջանին հայ ճարտարապետության և գեղարվեստի զարգացման աստիճանը և արաբական տիրապետության ազդեցությունը բնորոշելու համար, այստեղ ավելորդ չեմ համարեր հետագա ժամանակներու մասին ալ քանի մը խոսք ըսել, մինչև արաբական տիրապետության թուլանալով, հայկական անկախ պետություններու կազմակերպվիլը, որով մի նոր թվական բացվեցավ հայ ճարտարապետության, և գեղարվեստի մի նոր վերածնության։
2. ԶՎԱՐԹՆՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ[1]
Ինչպես ներկա ժամանակիս, նույնպես ալ անցյալ հեռավոր դարերու մեջ ազգի մը քաղաքակրթության և զարգացման ինչ աստիճանի վրա գտնվիլը կապացուցանեն այդ ազգին նույն ժամանակի գիտություններն ու արվեստները։ Այդ ապացույցները մինչև մեր օրերը հասած են մասամբ, ավելի կամ նվազ կանգուն մնացած հիշատակներու միջոցով և մասամբ ալ պեղումներու շնորհիվ։
Ոչ մեկ գրիչ և պատմություն այնչափ պերճախոս չեն կարող վկայել հնադարյան մարդկության նկարագրի մասին, որչափ այն այլանդակված, ժանգոտած հողաթաթախ առարկանրը, որոնք դուրս եկան բազմադարյան փլատակներու տակեն և իրենց մեջ կցոլացնեն նախնյաց ոգին և արժանավորությանց ճշգրտագույն պատկերը։
Քաղաքակրթված ազգերը միշտ ամենաարժանավոր տեղը տված են շատ դարեր առաջ իրենց գոյության կենդանի վկա և իրենց նախնիքներու հանճարին թարգման ամենաանտեպ կարծված բեկորներուն իսկ։ Միլիոններ ծախսած են զանոնք խնամքով պահպանելու համար և հպարտ պարծանքով մը ցույց կուտան աշխարհին։ Մենք` հայերս միայն անտարբեր գտնվեր Ենք այս մասին, մեր անցյալ քաղաքակրթության ապացույցները ոչ միայն օտարներուն, այլ նույնիսկ մեր հարազատ զավկներուն ցույց տալու մեջ աններելի կերպով անփույթ գտնվեր ենք։
Խոսքս մասնավորապես հայկական հին գեղարվեստի մասին է։
Եվրոպացիներ մեզմե շատ ավելի են հետաքրքրվել մեր հին արվեստներով։ Վերջին 60—70 տարվան մեջ, շատ մը եվրոպացի գիտնական ճանապարհորդներ հետաքրքրությամբ շրջեր են հայոց հին ավերակները, քիչ թե շատ աշխատեր են չափագրել, գծագրել։ Հայր Ալիշան ահա այդ աշխատություններեն օգտվեր է։ Այդ ճանապարհորդներու աշխատությանց մեջ գլխավոր տեղը կբռնեն Բրոսսեի և ՏԵքսիեի գործերը, բայց, դժբախտաբար, անոնք ալ, կհամարձակիմ ըսելու, որ գրեթե անպետք են, վասն զի նկարագրական մասերը միշտ շփոթ, մեկը մյուսին տեղ առնված, իսկ գեղարվեստական մասերը՝ բոլորովին սխալ և այլանդակված են։ Չափերու, ձևերու խոշոր սխալներե զատ նկարված են այնպիսի կտորներ, որոնք բնավ գոյություն չեն ունեցեր տեղին վրա. և ասոր հակառակ՝ անտես են այնպիսի հրաշակերտներ, որոնք, իրավամբ, հիացում պիտի պատճառեին ներկա գիտական ու գեղարվեստական աշխարհին։
Հայ ճարտարապետության ինքնուրույն ոճին ուրվագիծը կամ ծագումը գտնելու համար պետք էր դիմել հնագույն հուշարձաններու։ Առիթը ներկայացավ ինձի, երբ այցելեցի էջմիածինեն չորս վերստ հեռավորության վրա գտնվող առապարի ս. Գրիգոր կամ Զվարթնոց եկեղեցիի ավերակները, որոնք նշխարներն էին VII դարուն շինած հոյակապ գործի մը։
Այստեղ հիացումս ալ ավելի մեծ եղավ, որովհետև, թեև քանի մը դար ավելի հին, քան Անին, բայց արվեստի տեսակետով ավելի վսեմ հրաշալիքներ կպարունակվեր. կային այնպիսի նորություններ, որոնց գիտական, ճարտարապետական խիզախությունը ժամանակակից արվեստագետներե ոմանց պատրանք թվեցավ։
Զվարթնոց եկեղեցիի մասին Էջմիածնի միաբան
- ↑ «Մուրճ», 1905, №5, էջ 186—197։ Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1, Երևան, 1942, էջ 247—251։ Թորամանյան Թ., Զվարթնոց, Երևան, 1978, էջ 3—10։