որուն մեկ օրինակը կա Երերուքի տաճարին մեջ։ Ծագումով ասորա-քաղդեական են թե գունդերը և թե spirale–ները, բայց առանձին գործածված իրենց նախնի բնագավառին մեջ. իմ կարծիքով, այդ ոճը երեք ճանապարհով մեկներ է զանազան կողմեր։ Մեկ գծով անցեր է Հնդկաստան, մեկ գծով ալ դեպի սիրիական եզերքներ, իսկ ուրիշ գծով ալ Հայաստան, այս երեք երկիրներու մեջ ալ տարբեր երևույթ ստացեր են գնդաձև խոյակներու համաչափությունները։ Միայն Սիրիայի և Հայաստանի մեջ միօրինակություն կներկայացնեն կողովի հյուսված քանդակագործությունով, որ թերևս կապ ունի սրբագործված ավանդության մը հետ և այդ ավանդությունն ալ Սողոմոնի տաճարին դռան երկու քովի սյուներու խոյակնեն ըլլալ կկարծեմ, որոնց գունդերը ցանցակերպ հյուսվածքով ծածկեր է Սողոմոնի տաճարին ճարտարապետ փյունիկեցի Քիրամը[1]։
⁂
Երերուքի մեջ գտնված մի խոյակ, որ սյունազարդ ծածկույթի արտաքին անջատ սյուներուն կվերաբերի, պարզ ցույց կուտա իր ասորա-քաղդեական հնագույն ոճը, որ սասանական արվեստի միջոցով փոխանցված է թե Հայաստան և թե Միջագետքի ու Սիրիայի ճանապարհով մինչև Երուսաղեմ, մի ուրիշ ճանապարհով ալ մինչև Հնդկաստան։ Գնդագլուխ սյուներու այս ձևը, առանց համաչափական մեծ փոփոխություններ կրելու, պահված է հայոց մեջ մինչև XIII— XIV դարերը։ Երերուքեն հետո, Զվարթնոցի մեջ կա VII դարուն, Բանակի մեջ X դարուն, XI դարուն Անիի գագկաշեն ս. Գրիգորի և ուրիշ շատ մը փլատակներու մեջ։
X—XI դարեն սկսած, բոլոր հայ հիշատակարաններուն արտաքին որմասյուները միևնույն ձևով խոյակներ ու խարիսխներ ունին։ Իսկ վերջին շրջանի վերածնության մեջ մի քիչ ավելի բարեփոխված էին անոնց abaque-ները և երբեմն անկյունավորված գունդերը[2]։
⁂
Երերուքի, Զվարթնոցի և Բանակի գնդագլուխ խոյակներու վրա փորված զարդաքանդակները ինձի պահ մը ենթադրել կուտան, որ եթե խոյակներու լերկ ձևը ուղղակի ասորա-քաղդեական ներգործություն է հայ արվեստին մեջ, այնուամենայնիվ այս երեք եկեղեցիներու մեջ գտնված քանդակազարդված ձևը սիրիական արվեստի ազդեցություն լինի հայոց գեղարվեստի վրա։ Նախաքրիստոնեական շրջանի մեջ նույն ձևի սյուներու գործածությունը Սյուրիո մեջ հաստատված է, բայց ավելի հնագույն օրինակ կներկայանան Սողոմոնի տաճարին համար փյունիկեցի Քիրամին շինած խոյակները, որոնց նկարագրությունը ճշտիվ կպատկերացնե Երերուքի, Զվարթնոցի և Բանակի խոյակները ցանցակերպ հյուսված քանդակազարդությամբ[3]։
⁂
Զվարթնոցի մեջ մի քանի արձանագրությունների և մոնոգրամների հունարեն լեզվով լինելը պետք է քննել, թե ինչո՞ւ Ներսես մի քանի արձանագրություններ հունարեն գրեց այնպիսի մի դարաշրջանում, որում հայերեն լեզուն և հայ գրականությունը այնքան հառաջ գնացած էր, որ նախընթաց Ե դարը հայ գրականության ոսկեդար անվանեցին (նկ. 13)։
«Ներսէս շինեաց յիշեցեք» խոսքին հունարեն գրված լինելը պետք է բացատրել, որ օտարներին հասկանալի լինելու պատճառով է. կարելի էր նաև, որ ի հաճույս հունաց կայսեր ևս լիներ, ըստ Կաղանկատվացու, եկեղեցվո ծախքը տված լինելուն համար։ Թեև կարող էր այն ժամանակ շատեր հունարեն լեզուն գիտենային, սակայն VII դարուն՝ հորում հայ գրականության ոսկեդարն էր գրեթե, միևնույն ժամանակ ոչ պատմական արձանագրությունների հունարեն լինելը ավելի դիվանագիտական նպատակով պետք է բացատրել, ըստ իս։
- ↑ Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ», 1911, № 1—2, էջ 15—16։ Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 20։
- ↑ Թորամանյան Թ., Տեկորի տաճարը, էջ 84։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 213։ Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 20։
- ↑ Թորամանյան Թ., Տեկորի տաճարը, էջ 84։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 213։ Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 20։