Արտաքուստ, բոլորակ պատահաններու ամեն տեսակ քանդակազարդ շրջանակներ կապ չունին արտաքին արվեստներու հետ, շատ աննշան բացառությամբ. նույնպես ներքին աղեղներու շրթանց վրա քանդակվածները, այս վերջիններս Տեկորի եկեղեցիի դրանց վրա գտնվածներուն մեկ ուրիշ այլազանությունն են[1]։
⁂
Արծիվներ քանդակված չորս մեծ խոյակները, որոնց վրա հանգչած էին ներքին ութը մեծ պատասխանատու աղեղներու ծայրերը, հատկապես Զվարթնոցի համար ծրագրված են իրենց պաշտոնին համապատասխան ձևով։ Անոնց վրա քանդակված արծիվներն ալ, շատ կարելի է, հայկական ավանդության մը հետ կապված են[2]։
⁂
Հռոմեական բանակներուն հաճախ Հայաստանի մեջ ներկայությանը և հռոմեացիներու հետ Հայաստանի հարաբերությունները անպայման կարող էին ազդել հայոց ճարտարապետության վրա, բայց հռոմեական արվեստի տարրերը Հայաստան մտեր են Տրդատա թախտեն հետո, առավելագույն չափով Սիրիայի ճամփով։ Այս մասին կվկայեն Երերուքը և Զվարթնոցի քանդակամասեր ևն, ևն, որոնք շատ մոտավոր նմանություններ ունին Սյուրիո եկեղեցիներու ճարտարապետական հարամասունքներուն, ինչպես Տուրմանինը– Երերուքին, Զվարթնոցի խաչքանդակներ և մեդալներ նման են Սյուրիո… հիշատակարաններու հարամասունքներուն։
Սակայն այդ հունա–հռոմեական արվեստներու տարրական ազդեցության տակ հայ հիշատակարաններու մեջ շարախառնված են արևելյան արվեստներու տարերքներ, որոնք ոճի տեսակետով շատ կհեռացնեն հռոմեականեն հայ արվեստը և կմոտեցնեն Արևելքին։
⁂
VII դարան կանգնված Զվարթնոց հոյակապ տաճարը հռոմեականե շատ ավելի սիրիական ոճի և ճաշակի հատկանիշներ ունի[3]։
⁂
Չեմ գիտեր ո՞րչափ հավանական է Ch. Diehl–ի կարծիքը Զվարթնոցի մեջ Ներսես Շինողին հույն վարպետներ գործածած ըլլալու մասին։ Հայաստանի մեջ, թե շինարարական և թե գեղարվեստական տեսակետով VII դարը այնպիսի բեղմնավոր շրջան է, որ երբեք պետք պիտի չզգացվեր օտարազգի ճարտարապետներու. մանավանդ Զվարթնոցի օտարներու բոլորովին անծանոթ և անսովոր կազմությունը շատ կհեռացնե զինքը օտար ճարտարապետներու գործ համարվելե։
Զվարթնոցի մեջ եթե մասեր կան, որոնք հույն վարպետներու գործ կարելի է համարել, անոնք ալ գրեթե կապ չունին եկեղեցվո ընդհանուր ճարտարապետության հետ։ Այդ մասերը պետք է համարիլ անոր մեջ եղած նկարները և մոզաիկ զարդարանքները։ Ահա այստեղ է Ներսեսի հունական ճաշակի և քաղկեդոնականության ուղիղ ազդեցությունը։
⁂
Ներսես, հակառակ իր հունասիրության, ավելի սիրիական տարրերով կազմեր է տաճարը, այս իսկ պատճառ է հավատալու, որ ճարտարապետը հույն չէր, թեև ճաշակը Ներսեսինն էր՝ Արևմուտքեն ազդված։
⁂
Արևելյան ոճերու ենթարկման այս ընդհանուր հոսանքին մեջ կա, սակայն, մի ուշագրավ, բայց անհետևանք բացառություն, Գառնիի մեջ ժողովրդական ավանդությամբ Տրդատա թախտ անունով, և մի շեղում՝ էջմիածնի մոտ Զվարթնոց եկեղեցին[4]։