Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հունա-հռոմեական արվեստի հայ ճարտարապետության վրա թողած ներգործության դրոշմը ես կտեսնեմ V դարեն սկսած դեպի ետ՝ հին դարերը, հետո ալ X–XI դարաշրջաններու մեջտեղ։ VII դարու Զվարթնոցը, բացի հատակագծի ոճեն, բոլորովին բացառութուն է՝ հունա-հռոմեական արվեստի վերջին աղոտ շառավիղները իր վրա ցոլացնող։

Այս տեսությունը գլխավորաբար գեղարվեստական և շինարարական ճյուղին կվերաբերի, եկեղեցական հատակագծերու զարգացման մեջ ազդեցության բոլորովին տարբեր ընթացք կա, որուն մասին պիտի հայտնեմ կարծիքս իրեն կարգին[1]:


3. ԶՎԱՐԹՆՈՑԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՄԱՆ

ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ[2]։

Զվարթնոց եկեղեցվո ճարտարապետական հռչակը այնքան մեծ էր, որ դարուց ի դարս պատմագիրներ մեծ մասամբ առանց հիշատակության չեն թողած, կառուցանողի անվան հետ անբաժան։ Նույնիսկ իր ամբողջական կործանումեն հետո ալ պատմագրաց անհիշատակ չի թողելեն զատ, թագավորներ և իշխաններ աշխատեր են նույնությամբ վերականգնել ճարտարապետական այդ չնաշխարհիկ կոթողը՝ Հայաստանի ուրիշ մասերուն վրա։

Անիի մեջ Գագիկ Ա Բագրատունի թագավորը, Բանակի մեջ Ատրներսեհ թագավորը գրեթե նույնությամբ վերականգներ են. ներսեսաշեն հոյակապ Զվարթնոցի գեղարվեստական հիշատակը հավերժացնելու միակ նպատակով։ Անիի պարիսպներեն դուրս Հովվի եկեղեցի կամ, ըստ ռամկական հորջորջման, «Նախրճուն ժամը» անունով փոքրիկ մատուռը Զվարթնոցի մի չքնաղ մանրանկարն է։ Կհավաստեն, թե կան ուրիշ տեղեր ալ Զվարթնոց եկեղեցվո ընդօրինակություններ, սակայն ինձ հայտնի չեն։ Այս տեսակետով քննելի է Օլթիի շրջանին մեջ Թավուզքյարի եկեղեցին, որուն համար կըսվի, թե ոչ միայն Զվարթնոցի նմանն է և կանգուն է մինչև ցարդ, այլև ներսեսաշեն լինելուն ապացույցներ կան։

Պատմագիրներու մեջ առաջին հիշատակողն է Ներսեսի ժամանակակից, Զըվարթնոցի անպայման ականատես Սեբեոս եպիսկոպոսը, որուն մասին թեև հակիրճ, բայց վերին աստիճանի սքանչացումով կնկարագրե անոր շքեղությունն ու մեծությունը հետևյալ կերպով. «Յայնմ ժամանակի արկ ի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս շինել իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն՝ որ ի Վախարշապատ քաղաքին ի վերայ ճանապարհին՝ յորում ասեն ընդ առաջ եղև թագաւորն Տրդատ՝ սրբոյն Գրիգորի։ Շինեաց անդ և եկեղեցի մի անուն երկնաւոր Զուարթնոցն, որոց երևեալի տեսլեան սրբոյն Գրիգորի բազմութիւն երկնաւոր զաւրացն. և շինեաց եկեղեցին բարձր շինուածաւք և չքնաղ զարմանալեաւք, արժանի աստուածային պատւոյն՝ որում նուիրեացն։ Ած ջուր և եբեր զգետոյն և արկ ի գործ զամենայն վայրսն առապար, տնկեաց այգիս և ծառատունկս, և շուրջանակի պատուարեաց զբնակութեամբ գեղեցկագիր յաւրինուածով բարձր պարսպաւ ի փառս աստուծոյ»[3]։

Այս պատմագրական հակիրճ տեղեկութենեն կերևի, որ եկեղեցին վերջացած էր և նույնիսկ պարսպապատված։

Սեբեոսի պատմության ընթացքեն կերևի, որ, քաղաքական ալեկոծություններու պատճառով, Ներսես չէ կարողացեր շուտով լմնցնել սկսած ամեն գործ իր ձեռքով, որովհետև ստիպվեր է միառժամանակ հեռանալ և շինությանց գործին ղեկավարությունը հանձնել իր սենեկապետ Անաստաս Ակոռեցիին (իրեն հաջորդած կաթողիկոս): Վեց տարի բացակայելեն հետո, երբ վերադարձեր է, այն ժամանակ անձամբ վերջացուցեր է կիսատ մնացած մասերը, այս մասին հետևյալ կերպով կպատմե. «Իսկ կաթուղիկոսն Հայոց Ներսէս գնաց ընդ թագաւորին, որպէս վերագոյն ասացի, և չուեաց ընդ նմա ի Կոստանդնուպաւլիս։ Եւ ընկալաւ զնա անդ պատուով. և ետուն

  1. Թորամանյան Թ., Տեկորի տաճարը, էջ 54: Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 21:
  2. Թորմանյան Թ., Նյութեր… հ. 1, էջ 251-259: Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 25-28
  3. Սեբեոս, նշ. աշխ., էջ 192-193