Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ենթադրենք, թե Ներսես այդ երկու տարվան մեջ ամբողջացուց թե եկեղեցին, թե շրջակա շենությունները և կայսեր ալ հրավիրեց Հայաստան 659 և 661 թվականներու միջոցին։ Այդ Ժամանակվան պատմական խոշոր անցքերը եթե ի նկատի ունենանք, պիտի տեսնենք, որ այդ թվականներուն ոչ Ներսես կհամարձակեր կայսրը հրավիրելու, և ոչ ալ կայսրը կուգար Ներսեսի նորաշեն եկեղեցին շնորհավորելու։

Ներսես Տայքեն վերադառնալեն հետո էր, որ Բյուզանդական կայսրության Հայաստանի վրա ունենալիք պաշտպանութենեն հուսահատ, իշխաններու խորհրդով Հայաստանը դրավ արաբաց իշխանության տակ, որով Ներսեսի և կայսեր բարեկամական հարաբերությունը միանգամայն խզվեցավ։ Այդ թվականներուն կայսրը, եթե Հայաստան գար, պատմական այդ խոշոր իրողությունը մեր պատմագրաց կողմանե անհիշատակ չի մնալեն զատ, այդ գալուստը կլիներ ավելի շուտ իբրև ապստամբ երկիր Հայաստանը ջնջելու և Ներսեսին ալ պատժելու համար։ Գուցե տեղի ունենար կայսեր կողմանե այդպիսի մի տխրառիթ այցելություն առանց հրավերի սպասելու, ինչպես նախորդ անգամին, սակայն նույն ժամանակներուն թե Բյուզանդական արքունիքի մեջ տեղի ունեցող ներքին պառակտումները և թե արտաքուստ երկրին սպառնացող վտանգները միանգամայն մոռացուցին կայսեր հայն ու Հայաստանը։

Ուրեմն, մինչև այստեղ իմ կատարած հետախուզության հիման վրա եզրակացությունս այն է, որ Զվարթնոց եկեղեցին հիմնարկվեցավ 643 թվականեն ոչ ուշ, հավանորեն եկեղեցվո շենքը բավական հառաջ գնալեն հետո, թերևս ավարտման մոտ, հիմնարկեցան կաթողիկոսարանի հատուկ շինությունները։ Անաստաս Ակոռեցին շարունակեց կիթողիկոսարանի շինությանց մեկ մասը, բացառությամբ մեծ դահլիճի և անոր հարակից բաժանումներու։ 659 թվականին Ներսես՝ իր վերադարձեն հետո ամբողջացուց կաթողիկոսական բնակությանց հատուկ շենքերը և պարսպով պատեց եկեղեցին:

Արդյոք Ներսեսի Վաղարշապատի առապարին մեջ սկսած շինարարական գործը սահմանափակված էր եկեղեցիով ու կաթողիկոսարանո՞վ, թե՞ ուրիշ շինարարական ավելի մեծ և ընդարձակ ձեռնարկություններ ունեցավ։ Եթե ունեցավ, ի՞նչ աստիճան կարողացավ հառաջ տանել ծրագիրը։ Այս հարցերում հաստատական որևէ կարծիք հայտնելու համար պետք է ծանոթանալ Ներսեսի անձնական նկարագրին և բովանդակ կենսագրության, հիմնված պատմագրական մի քանի աղոտ, բայց բնորոշ ակնարկներու վրա։

Այս մասին իմ անհատական կարծիքս, թե նա հղացած էր մի մեծ և փառավոր ծրագիր, որ կոչված էր իր անվան մեծ փառքը և այսօր մեր ազգին պարծանքը լինելու, սակայն դժբախտաբար վաղաժամ մահը իր խանձարուրին մեջ խախտեր է Ներսեսի բոլոր քաղաքակրթական և գեղարվեստական ծրագիրներու լիակատար իրագործման ջերմ ակնկալությունները։ Եթե այդպես չի լիներ, նա չէր կարող Շինող պատվանունը ստանալ ժողովրդի կողմանե, Զվարթնոցը և ուրիշ քանի մը մանր ու միջակ շինություններ բավական չէին զինքը այդ մականվամբ օժտելու, եթե ինքը ոչ միայն եկեղեցաշեն, այլև աշխարհաշեն հատկություններով օժտված չի լիներ։


4.ԶՎԱՐԹՆՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՔԱՐԵՐԻ

ՆՇԱՆՆԵՐԸ[1]


Վաղուց է, որ Զվարթնոցի քարերի վրա նկատված են մի քանի նշաններ, որոնք ոչ մասնագետ շրջաններում երկար ժամանակ զանազան թյուր մեկնաբանությունների տեղիք են տվել։ Այդ ըստ քմաց մեկնված՝ քարերի վրա խազված նշանները ունին իրենց հետաքրքրական պատմությունը և գիտականորեն պարզված նշանակությունները։

Այդ նշանների նշանակության և գոյության պատճառների մասին շատ վաղ ժամանակ ուշադրություն են դարձրել եվրոպական հայտնի գիտնականներ՝ Հայաստանից դուրս

  1. Տեղեկագիր ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի, 1927, № 2, Երևան, էջ 3—7։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 267—269