Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձգեցին, այդ ժողովուրդը երբեք չէր կարող Ներսեսի շինությանց հսկայական գումարը ծախսել։ Իրաց այս վիճակին մեջ, Երբ հայ ժողովուրդը երբեք չէր կարող Ներսեսի այդ շինությանց հսկայական գումարը ծախսել, արդյոք տեղը չէ՞ հավատալ Կաղանկատվացվո տեղեկության՝ թե միմիայն կայսեր ծախքով կանգնված է Զվարթնոց տաճարը[1] և, ինչպես կըսե մեծանուն գիտնական պրոֆ. Մառ, մի՞ թե փող չուներ կայսրը Հայաստանի մեջ եկեղեցի մը շինելու համար (Ագաթանգեղոսի թարգմանության մեջ պ․ Մառ հայտնած է այս կարծիքը)։

Բայց թե ինչո՞ւ համար փոխանակ Դվնա մեջ շինելու, կուգա Վաղարշապատի կողքին մի անջուր և առապար տեղ կընտրե։

Այս հարցին պատասխանել այնքան ալ դժվար չէ, թեև զանազան մեկնություն տվողներ եղեր են այս իրողության, սակայն իմ կարծիքը բոլորովին տարբեր է, որովհետև ես միանգամայն տարբեր տեսակետե նայեր եմ ՆԵրսեսի անձնական նկարագրին և գործելակերպին վրա։

Հավանական քանի մը պատճառներ կան Ներսեսի Դվինեն հեռանալով, Վաղարշապատի առապարը իբրև կաթողիկոսանիստ ընտրելուն մեջ։ Բացի այն, որ արաբներու ձեռքով Դվինը ամբողջովին քարուքանդ եղած էր և ամեն կողմ մարդկային թշվառություն ու աղիողորմ տեսարաններ միայն կներկայացնեին, ավելի կարևոր պատճառը, իմ կարծիքով, մի հսկայական ծրագրի իրագործման համար Ներսեսի ունեցած անհագ փառասիրությունն էր։

Թող ներվի ինձ ըսել, որ մարդկային փառասիրությունը եթե իր դատապարտելի կողմերը ունի, այնուամենայնիվ, միշտ եղեր է նաև մի զորավոր մղիչ ուժ գիտությանց անդադար հառաջադիմության և զարգացման համար։ Նույնիսկ մեր պատմությունը մեզ ցույց կուտա, որ հայ գրականության և գեղարվեստի զարգացման մեջ ամենախոշոր դեր կատարեր է հայ իշխանական և ազնվական տոհմերու փառասիրությունը։ Այսօր, եթե քննենք մեր հնադարյան բազմահազար ձեռագիրները, կտեսնենք, որ, գրեթե առանց բացառության, մի թագավորի, իշխանի կամ որևէ բարձրաստիճան կղերի ու ազնվականի անվան հետ կապված են։ Ձեռագիրներ գրողներն ալ մեծ մասամբ վանական միաբաններ են, ուրկե կհետևի, որ մեր հին գրականության զարգացման մղում տվողը կղերն էր։ (Կղերական ճարտարապետներու մասին առանձին հիշատակություն)։

Երբեմն հավատքը, բայց հաճախ փառասիրական մրցումները մեծամեծ գումարներ ծախսել տվեր են անոնց, որևէ գրքի մը սկիզբը կամ վերջը քանի մը տող մաղթանք կամ գովաբանական հիշատակարան շահելու համար։

Երևույթը նույնն է նաև ճարտարապետական ճյուղին մեջ։ Մեր ձեռքը հասած բոլոր հնադարյան հայ հիշատակարանները հայ իշխանի կամ ազնվականի պարգևներ են ներկայիս հայ հնագիտության և հայ գեղարվեստի պատմության համար։ Առանց այդ փառասիրական մրցումներուն մենք չէինք կարող տեսնել այսօր Հայաստանի մեջ ամեն քայլափոխի վրա մեկզմեկ գերազանցող հազարավոր հոյակապ կոթողներ։ Ոչ միայն մեծամեծ ապարանքներ կկանգնվեին անոնց վայելչության համար, այլև մեր օրերը հասած գեղակերտ տաճարներ կապված են անոնց մեկն ու մեկի անվան հետ։ Պատմության մեջ դեռ չէ պատահեր ինձ հասարակական ծախքով մի եկեղեցի շինված լինելու պատմական հիշատակություն, միշտ թագավորին, իշխանին և ազնվականին մենաշնորհն էր կարծեք կանգնել չքնաղակերտ հիշատակարաններ և նվիրել ժողովուրդին, փոխարեն, իբրև վարձատրություն, անոնց երախտագիտական մաղթանքներն ու աղոթքը խնդրելով։

Որևէ մի երկրի մեջ երբ բազմաթիվ ճարտարապետական մեծամեծ կոթողներ կանգնվին, այլևս կասկած չի կարող լինել, որ զուգընթացաբար զարգացած պետք է լինեին ուրիշ բազմաթիվ արվեստներ և արհեստներ, որոնցմով միայն կկազմվի մի շենք։ Բավական չէ գործը ղեկավարող և վառվռուն երևակայության թռիչքին իրականացման ձգտող ճարտարապետին տաղանդը, եթե ճարտար արհեստավորներու համազործակցությունը չաջակցի մարմնացում տալու ճարտարապետին ուղեղին մեջ ծրագրած հրաշակերտին։

Քննական մի պարզ հայացք բավական է

  1. Մովսես Կաղանկատվացի նշվ. աշխ., էջ 363