Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թեև Թորամանյանի այդ շրջանի մասնագիտական գործունեության մասին տեղեկությունները շատ աղոտ են, սակայն հայտնի է, որ, մինչև Արևելյան Հայաստան գալը, նա նախագծել և կառուցել է մենատներ մեծահարուստների պատվերներով և հասարակական բնույթի շենքեր, սկզբում Պոլսում, իսկ հետո՝ Բուլղարիայում և Ռումինիայում։ Դրանցից մեկի մասին 1897 թ. «Բյուզանդիոն» թերթում[1] պահպանվել է հետևյալ կցկտուր տեղեկությունը. «Գրեթե բոլորովին վերջացավ Վառնայի ազգային վարժարանի քարակերտ շենքը, լուսավոր և օդավետ, որը պատիվ կբերե բնիկ հայության և պոլսական ճարտարապետության ալ, որովհետև անոր ճարտարապետը Պոլսեն գաղթած հայ մե, Թորոս Թորամանյան։ Թաղական խորհուրդը այժմ փութով կաշխատի վարժարանին ներքին կազմակերպությամբը, կուզե շենքին կրթական մասն ալ նյութականին համապատասխան ընծայել»։

Հետագա փաստերը ցույց են տալիս, որ Թորամանյանի իսկական կոչումը միայն նախագծելը և կառուցելը չէր։ Գործնական ճարտարապետության հետ միաժամանակ, նա շարունակում է իր որոնումները պատմական հայ ճարտարապետության տեսության բնագավառում։ Այս անգամ նրան որոշ հույսեր են ներշնչում Հայաստան այցելած օտարազգի գիտնական ճանապարհորդներ՝ Տեքսիեի, Աբիխի, Դյուբուայի և այլոց հաղորդած դրական տպավորությունները հայկական առանձին հուշարձանների ճարտարապետական ոճի ինքնատիպության մասին։

Քանի որ այդ տպավորությունները վերաբերում էին մեծ մասամբ Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիին, Թորամանյանի մեջ հասունանում է այդ միջնադարյան քաղաքի ճարտարապետական հուշարձանները անձամբ տեսնելու և ուսումնասիրելու ցանկությունը։

Առիթը ներկայանում է, երբ փարիզաբնակ բանասեր Կարապետ Բասմաջյանը հրավիրում է միասին մեկնել Անի՝ պատրաստելու այնտեղի ճարտարապետական հուշարձաններին նվիրված ալբոմ։

Սակայն նախքան Անի գնալը Թորամանյանին վիճակվում է տեսնել ճարտարապետական արվեստի գլուխգործոցներ՝ Հռոմում, Հունաստանում և Եգիպտոսում։ Դրանց տպավորության տակ Թորամանյանը 1903 թվականին գալով Անի, ավելի հստակ է տեսնում ու գնահատում պատմական հայ ճարտարապետության բնորոշ աոանձնահատկությունները։ Իր աոաջին տպավորության մասին նա հետագայում գրում է. «Անակնկալ նորություն էր ինձի համար տեսնել այնքան գեղարվեստական գոհարներով լեցուն անկյուն մը, ուր իբր օազիս արևելքի հնադարյան խավարի մեջ ծլած ու ծաղկած էր...

Զիս հետաքրքրեցին անոր ոչ միայն ինձ գրեթե անծանոթ գեղարվեստի գեղեցիկ ու ներդաշնակ հորինվածներու անհուն հպարտությունը, այլև մեր ներկա գիտության համար ալ նորություն համարվելու չափ շինարարական արվեստի հետաքրքրական մասերը»։

Համեմատելով այդ քաղաքի ճարտարապետության վերաբերյալ գրականության տվյալները տեղում պահպանված հուշարձանների հետ, Թորամանյանը մեծ հակասության է տեսնում իրական և գրական Անիի միջև։ Նախ՝ այդ հուշարձանների չնչին մասն էին մտել գրքերի և ալբոմների մեջ, երկրորդ՝ նրանցում տեղ էին գտել ժամանակագրական ու փաստագրական սխալ տեղեկություններ և երրորդ՝ հուշարձանների չափագրությունները չէին համապատասխանում իրական վիճակին: Վերջին հարցին հետագայում ևս անդրադառնալով, Թորամանյանը գրում է. «Չափերու, ձևերու խոշոր սխալներե զատ նկարված են այնպիսի կտորներ, որոնք բնավ գոյություն չեն ունեցեր տեղին վրա, և ասոր հակառակ անտեսված են այնպիսի հրաշակերտներ, որոնք իրավամբ հիացում պիտի պատճառեին ներկա գիտական ու գեղարվեստական աշխարհին»:

Իրականությունն աղավաղող այդ նկարների ու նկարագրությունների մեջ տեսնելով պատմական հայ ճարտարապետության վերաբերյալ աննպաստ կարծիքների ստեղծման պատճառները, Թորամանյանը որոշում է անձամբ զբաղվել հայկական հուշարձանների չափագրմամբ։

Չնայած իր ձեռնարկումի ճանապարհին հանդիպած անհամար դժվարություններին, նա երբեք չի հուսահատվում և իր հետագա ողջ կյանքը աներկբա նվիրում է հայկական հուշարձանների չափագրմանը և ուսումնասիրմանը՝ միայնակ, առանց պաշտոնական վարձատրության, հույսը դրած բացառապես կողմնակի և պատահական օժանդակությունների վրա։

  1. Թերթի թիվը և համարը հայտնի չէ: