Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկրորդ ճակատին վրա, որ ավելի նեղ է, քանդակված են կարգավ փոքրիկ բոլորակի շրջանակներ և յուրաքանչյուր շրջանակի մեջ փոքրիկ վարդեր և ծաղիկներ։ Այստեղ պետք է տեսնել քանդակագործին զարգացած ճաշակին հետ անոր համառ համբերությունը և արտակարգ սերը դեպի յուր գործը։ Շրջանակներու տրամագիծը հազիվ կհասնի չորս սմ. այդ փոքրության մեջ նա աշխատեր է ցույց տալ ծաղիկներու թերթիկներում ամենեն բարակ երակներն իսկ. տեղ-տեղ փորվածքներն այնքան նուրբ և ճաշակավոր են, որ հազիվ թե ճարտար գծով մը այնքան կարենար շինել թուղթի վրա, ինչ որ այստեղ շիներ է քանդակագործը ավազոտ հրաբխային քարի վրա։ Բարավորին վրա շուրջանակի քանդակված են ուռուցիկ ձվաձևեր՝ որոնց ծայրերու նեղանալեն հառաջ եկած դատարկությունները կլեցնեն տերևազարդ մանրիկ քանդակներ։ Բախտի բերմամբ, բոլորովին անաղարտ մնացած է այս մասը հողին տակ՝ օր մը մեր ալ հիացման արժանանալու համար։ Մարմարիոնի վրա միայն կարելի է տեսնել այսչափ մաքրություն՝ երբ վարժ արհեստավորի ձեռքե ելած է։

Մյուս երկու դռներն ալ, որոնք համեմատաբար ավելի պարզ են, միևնույն արվեստագետի չքնաղ տաղանդին դրոշմը կկրեն։

Դժվար կլլա առայժմ այստեղ ներկայացնել այն ամենը, որոնք պերճախոս վկաներ են մեր անկեղծ հարգանաց արժանի մեծ արվեստագետներու գոյության և պատկերներ ժամանակի ոգվույն։ Այդ մանրամասնությունները թողնելով ուրիշ անգամի, հիմա անհրաժեշտ կհամարեմ քանի մը եկեղեցական սպասներու քննությունը, որոնք գտնվելով Գագիկի եկեղեցիին մեջ, լիովին կհակասեին թե Գագիկի փառասեր ոգվույն և թե անոր կանգնած շենքի մեծափառ շքեղության։

Պեղումներու ժամանակ հաջորդաբար գտնվեր են մեկ մոմակալ, մեկ բուրվառ, մեկ կանթեղ և մեկ պղնձյա ջահ։

Մոմակալը շատ հասարակ շինված, պղնձե և արծաթի ջրով օծված է. տակի կողմը ունի խողովակ մը՝ ձող անցնելու հատուկ, վրան չափավոր մեծությամբ գունդ մը և անոր վրա շինված է մոմ դնելու տեղը։ Գունդին վրա փորագրված է բարակ գծերով զարդարանքներ, որուն ոճը հատուկ է Զաքարյան շրջանի անեցիներու ճաշակին։

Կանթեղը կամ ավելի ճիշտ կանթեղակալը, որուն մեջ կդրվեր ապակյա կամ բյուրեղյա կանթեղը, շինված է բրոնզե. շրթունքներուն վրա ունի երեք ծակված փոքրիկ կոթեր, շղթաներ անցնելու հատուկ ուռուցիկ փորին վրա շուրջանակի քանդակված են կրոնական բարձրաքանդակ պատկերներ՝ ավետարանի պատմութենեն առնված։ Քանդակները շատ անճաշակ և բոլորովին նախնական վիճակ ունին։

Բուրվառն ալ գրեթե նույն ձևն ունի, միայն թե ավելի փոքր. այս ալ նույնպես շրջապատված է կրոնական բարձրաքանդակ պատկերներով, բաղդատելով կանթեղակալի <հետ>, սա ավելի հմուտ ձեռքի գործ է, բայց կրկին այն չէ, ինչ որ իրավամբ կսպասվեր անեցիներու այն ժամանակի արվեստներու զարգացյալ վիճակին։ Պահ մը ենթադրենք, որ Անիի և շրջակայից մեջ նույն դարուն նկարչության և արձանագործության արվեստներու պահանջ չի լինելուն պատճառով, բնականաբար հաջող արդյունք չի պիտի կրնային տալ տեղական արհեստավորները մարդոց պատկերներ քանդակելուն մեջ, և Գագիկ ստիպված պիտի բավականանար տեղական արվեստագործությամբ։ Սակայն պղնձյա ջահը իր գռեհիկ ձևով կուգա այս ենթադրությունն ալ բոլորովին հեղաշրջելու։

Ջահը շինված է հասարակ պղնձագործ վարպետի մը ձեռքով, պղնձի բարակ թերթերե կտրված աղավնիներ և ուրիշ կենդանիներ շարեր է նույնպես պղնձի թերթերե կտրված իրարմե տարբեր տրամագծերով շրջանակներու շուրջը, որոնք իրարմե կախված են պղնձյա թելերու միջոցավ։ Աղավնիներու և մյուս անճանաչելի կենդանիներու իրանին վրա, կանթեղներ դրվելու հատուկ ծակեր ծակված ըլլալեն զատ, անոնց վիզերեն ալ թելերով կանթեղներ կախեր են։

Ի տես այդ ողորմելի կազմածին, չէ կարելի մի կերպ հաշտվել, որ Գագիկ Ա Զվարթնոցի նման մի հսկա մեծագործություն Անիի մեջ վերաշինելու փառասիրական ձգտումը իրագործելեն հետո, զիջաներ իր «Սքանչատես տեսլեամբ գմբեթաւոեալ գունակ գերամբարձ և երկնանման գնտին»[1] մեջեն կախել

  1. Ասողիկ, նշվ. աշխ., էջ 282։