Էտլվայս
ԷՏԼՎԱՅՍ
Սեղանիս վրա է, մոխրասպիտակ թերթերով ծաղիկը։ Գոց սնտուկներու մեջ՝ ծովով, երկաթուղիով ճամփորդած է և ամիսներով աշխարհ պտտած է իմ ձեռքս հասնելն առաջ։
Խոնջ ու վաստակաբեկ բան մը չկա վրան, իր ձյունադալար անկողնին մեջ ծլածի պես՝ գողտր ու դողդոջուն կեցեր է դեմս, երկու ձեռքով փարած իր դեռաբողբոջ ծաղիկի փափկությանը։
Ցողուն չունի, հյութ ու կյանք չառներ տեղե մը այս եզական ծաղիկը՝ ուրկե Ռիկիի կամ Ցոնկֆրոյի վերելքը փորձող ամեն ալպասեր՝ հատ մը չքաղած վար չիջներ։
Ուշադրությամբ կը դիտեմ այս անբացատրելի հմայքը, այս անթառամ երիտասարդությունը, և մատիս դպչելուն՝ կզգամ որ իր տերևներուն նուրբ թավիշը՝ փայփայանքը սիրող պզտիկ կատուի մը ուսին պես կակուղ է դեռ։
Իր ստվերոտ ճերմակությունը ատեն անցնելով չէ եղծված, ու անայլայլ կեցած է որբևայրիի մը կես սուգին պես, որ վայլելուն համար՝ բնավ չի հաներ վրայեն։
Իր գալուստեն ի վեր իմ քովս, ո՜րքան ծաղիկներ ծնան, բողբոջեցան ու մեռան պարտեզիս մեջ. ամենքը, անկե ի զատ, անցան գացին, իրենց վաղամեռիկ հրապույրներուն սուգը ձգելով սրտիս մեջ. էտլվայսը միայն իր անանց մանկության մեջ է ու պիտի մնա այսպես։
Ու բաղդատությունը ինքնին կուգա մտքիս առջև. որոշում մը տալու, երկուքին մեջ ընտրություն մը ընելու պետքը կզգամ. չէ. չեմ սիրեր այս լերան ծաղիկը, չեմ սիրեր որ ինքը մնա հավիտենական երիտասարդուհին, երբ իր նմանները այնքան շուտ կանցնին կերթան. անիրավ, կոշտ ու հետադեմ կը տեսնեմ անվերջ տևողությունը բանի մը որ իր շուտանցիկ ու խուսափուկ հանգամանքին համար գողտր ու քնքուշ է աչքերնուս։
Եվ կը զայրանամ, մանավանդ անոր համար որ վերջապես պետք է ամեն բան ժամանակի մը ենթակա ըլլա, իր վերջին օրը, ժամն ու վայրկյանը ունենա, և անոր սպասկոտ անձկությամբը տառապի, վախնա, կամ ուրախանա, վերջին էակը չլլա ինք, և մեկը գտնվի որ իրմե ետքը գա և կարենա վճիռ մը տալ անոր դեմ։ Իմ կարծիքովս անմահությունը մահացումներուն էն ահավորն է։
Չափազանց տևողությունն իսկ բանի մը, անտանելի է սրտիս։ Կիներ կը ճանչնամ որ իմ տղայությանս միջոցին մանկատի աղջիկներ էին, ու հիմա ալ դեռ առջի աղջիկները մնալու կը ջանան, հին ատեն ի ծեքծեքումները կը պահեն։ Կանանց էտլվայսներն են անոնք։
Դպրոցական տարիքես կը հիշեմ կարգ մը մարդիկ որ հայ հասարակության մեջ երևցեր էին, հանրային կյանքի մեջ, աղեկ կամ գեշ, գործ մը ընելու երևույթով, և ահա քառորդ դար մը վերջը, միևնույն մարդիկը կը տեսնեմ շուրջս, կանգուն ու երիտասարդ, միշտ գործի վրա։ Ազգին էտլվայսներն են անոնք։
Ու իմ ծաղիկներուս դառնալով ես անոնք միայն կուզեմ, որոնց Սյուլլի Բրյուտոմ վաղաթառամ կյանքը երեսնուն կը զարներ։ Ես իմ մեռնող ծաղիկներս կը սիրեմ, և էտլվայսիս պես տարիներով սեղանիս վրա կեցող բույսե մը՝ հազար անգամ կը նախընտրեմ այդ նուրբ ու թարմ բաները որոնք գույնի
մը ո բույրի մը հիշատակը ձգելով կանցնին։ ⁂
Փողոցին վրա նայող տան մը պատշգամբին մեջ, լայն ապակիին ետև տեղավորված, աղվոր կնիկներ կը տեսնես երբեմն. հոն են միշտ անոնք միևնույն մաման։ Ձեռքովդ դրածի պես, ապահով ես հոն գտնելուդ այնքան՝ որ անշարժ կարծելու իրավունքը կուտան քեզի։ Ուզածիդ չափ կրնաս դիտել զանոնք ու զմայլիլ վրանին։
Անդին, փողոցին թոհ ու բոհին մեջ, անուշադիր ու մտազբաղ մեկ վայրկյանիդ ժպտուն, արագաքայլ, մանրիկ ոտքերով մեկը կը սահի կանցնի քովեդ հանկարծ, իր անցքը ավելի կզգաս քան թե ատեն կունենաս տեսնելու։ Ու աճապարանքով կը դառնաս, կը վազես ետևեն ու հազիվ կը հաջողիս հեռուն, շատ հեռուն, բազմության մեջ բոլորովին անհետանալեն առաջ, ծոծրակին վրա ոսկեձույլ թումբի մը պես բարձրացու մազերուն ցոլքը նշմարելու։
Ո՞վ է, ո՞ւր է, ի՞նչ է, չես գիտեր, գեղեցի՞կ է գոնե, չես կրնար տեսնել։
Ընդնշմարվող, խուսափող բանն է ան, Երջանկությունն է Անդին՝ անբաժան, մշտակա, շարունակ քովդ ի վեր է մյուսը Վիշտը՝ սա դեմի ծաղկիս պես։
<1898>