Ընդդիմախոսություն
[ 85 ] որի մեջ, նա, խուժանի այդ հարազատ զավակը, արիստոկրատական ծիրանի հագած, արշավանք է սկսում խուժանի դեմ։ Սազ է գալի պոլսական առածը՝ ո՛վ դարք, ո՛վ բարք…»։
Այս տողերը ես արտագրում եմ և պատասխանում, որովհետև այնպիսի խոսքեր կան, որ տեղն եկած ժամանակ չասելը ուղղակի հանցանք է, որ կարող է մնալ ծանրացած մարդու սրտի և խղճի վրա։
Ինչ վերաբերում է թաղելուն՝ ես այդ համարում եմ մի շատ անզոր և միամիտ մասխարություն, որ միմիայն այնպիսի մարդիկ կանեն, որոնց համար Մշակի էջերից դուրս էլ աշխարհ ու կյանք չկա։ Այդպիսի մարդիկ նման են խլուրդի, որ ինչ բանի որ դունչը դիպչում է, միայն այն է ընդունում, և նրանից դենը էլ բան չկա։ Թողնելով դրանց, այդ խելքից ու բարոյականությունից զուրկ ձգտումները, որ մաքրության վկայական են բաժանում, գործչի ատեստատ են տալիս, կյանքի ու թաղման վճիռներ են կարդում, թողնելով այդ ձգտումները, որոնք որքան զազրելի են, այնքան էլ արժանի են լուրջ ուշադրության, որպես բարոյական անկման ահռելի նշաններ, ես ուզում եմ խոսել խուժան բառի մասին, որի պատասխանատվությունն ընկնում է ինձ վրա։
Այդ՝ վերև արտագրած տողերը, վերաբերում են Տարազի № 12-ում տպած իմ նամակին, որի մեջ Հրատարակչական ընկերության վերջին ընդհանուր ժողովի մասին խոսելիս, ի միջի այլոց, ասել էի. «Իր խուժանական լոգիկայով նա (ընդհանուր ժողովը) մինչև անգամ հնարավոր գտավ իր սև քվեների բազմության առաջ դնել պ. Շիրվանզադեի պատվի խնդիրը» և այլն։ Այստեղից շատ պարզ է, թե ում են վերաբերում իմ բառերը. բայց եկեք տեսեք, որ աչքակապության մի եղանակ կա և հրապարակախոս կոչված արարածների մի ցեղ, որոնց դիպար թե չէ, կսկսեն ոռնալ՝ օ՜, ժողովուրդ, օ՜, ժողովրդի իրավունք, օ՜, հասարակություն… որ ժողովուրդն էլ կարծի, թե ճիշտ որ այդ պարոնների և իրան մեջ մի ընդհանուր բան կա, մի կապ կա, և նրանց դիպած հարվածն իրան՝ ժողովրդին է վիրավորում։ Այս եզվիտական սկզբունքին հավատարիմ, այժմ էլ այդ Մշակի Գրողը իմ գրածը խեղաթյուրում [ 86 ] է և ինքը զարմացած, գրաբար բացականչություններով, ո՛վ դարք, ով բարք աղաղակելով, ուզում է ուրիշներին էլ զարմացնել, թե տեսեք ժամանակն ի՛նչպես է խարաբ եղել, որ Հովհաննես Թումանյանցը՝ Խուժանի հարազատ զավակը, արշավանք է սկսում խուժանի դեմ։ Իհարկե, հասկանալի է, թե ինչ է սրա հետին միտքը, ինչպես է ուզում ընթերցողին տրամադրել, ինչպես է ուզում մտքեր պղտորել։ Բայց ես կպարզեմ, իսկ պարզությունը այդպիսիների մահն է։
Նախ և առաջ մի հարց. հառաջադիմական թերթի ազատամիտ Գրող, ի՞նչ զարմանք, եթե խուժանից դուրս եկած մարդը կռվի խուժանի դեմ։ Ձեր կարծիքով մի՞թե այդ այնքան դատապարտելի գործ է, որ դրա համար կարելի է մարդու թաղել և գրաբար աղաղակել՝ զի ոչ գիտէ զինչ գործ է… ո՛վ դարք, ո՛վ բարք, և զանազան պառավական բացականչություններ։ Եվ դուք դեռ համարձակվում եք հառաջադիմականության մասին խո՞սք ձգել, և դուք ձեզ համարում եք ավելի բարձր, քան խուժա՞նը:
Այո՛, պ. խավարամիտ (այս գրչի սխալ չի), իմացած եղեք և զարմացած էլ մնացեք, որ տեղը եկած ժամանակ ես հանգիստ խղճով և մաքուր ոգևորությամբ արշավանք կսկսեմ և՛ այն խուժանի դեմ, որի հարազատ զավակն եմ ես և որին սիրում եմ։ Ես չեմ ծառայում և չեմ էլ ծառայելու խուժանի հաճույքին ու ձայնին, այլ այն գաղափարներին, որ բարձրացնելու են նրան։ Այս թող լինի մի հայտարարություն ձեզ զարմացնելու համար և մի երդում այն խուժանի առաջ, որի կյանքի խորհուրդն ինձ համար այնքան թանկ է և սուրբ։
Բայց բանն այն է, որ դուք սուտ եք ասում, պարոն. ո՛չ առիթ կա և ոչ էլ ես արշավանք եմ սկսել այն խուժանի դեմ, որին դուք հովանավոր եք հանդիսանում ձեր վանական զայրույթով։
Ո՛չ պ. Գրող, իմ նամակում գործածած խուժանական բառը վերաբերում է ձեզ և ձեր ընկերներին։ Ես իսկի չեմ էլ մտածել ձեզ համեմատել այն խուժանի հետ, որի հարազատ զավակն եմ ես, որովհետև ձեր և այն խուժանի մեջ սար ու ձորեր կան։ Այն խուժանը, որքան էլ որ ընկած լինի, այսուամենայնիվ այնպիսի մաքուր ու բարձր ադաթներ ունի, [ 87 ] որ անմատչելի են ձեր զգացմունքներին։ Այն խուժանի ադաթով եթե մեկն իր հակառակորդին ասում է՝ ես զենք չունիմ ձեռքիս, ես անպատրաստ եմ, հակառակորդն իրավունք չունի իր զենքը շարժելու, հարված տալու, իսկ եթե այդ արավ, նա համարվում է նամարդ (տմարդի, ոչ մարդ), իսկ արարքը՝ նամարդություն։ Եվ այս ամենամեծ նախատինքն է, ամենացած անունն է, որ կարելի է տալ մարդուն ու գործին։ Եվ այդ արատից զարհուրում ու զզվում է ամեն մի մարդը այն խուժանի, որի հարազատ զավակն եմ ես։ Նա այս զգացմունքն ու ոգին իր կաթի հետ ջամբել ու ներշնչել է ինձ, և սրանից էր, որ ես Հրատարակչական ընկ<երության> վերջին ժողովում լինելով, այնքան զզվեցի և զզվանքս էլ հրապարակավ հայտնեցի ձեր դեմ[1])։ Այդ ժողովում՝ պարապմունքները վերջանալուց հետո, երբ ժողովականների մեծ մասն արդեն ցրվել էին (որոնք եթե իմանային, կմնային և գուցե ուրիշ կարծիք հայտնեին), մնացածներն էլ ուզում էին հեռանալ, դուք հանկարծ ձեր պորտֆելից հանում ու ժողովի մնացորդի առաջն եք դնում, տեղեկագրից և ժողովրդի պարապմունքներից դուրս, պ. Շիրվանզադեի հարցը։ Այստեղ ինձ համար Շիրվանզադեն չլինի, ով կուզե լինի։ Դուք ուզում եք մարդու պատվի մասին մի վճիռ կայացնել տալ, մի խոսքով, թիկունքներդ ձայների բազմությամբ ամրացրած, ուզում եք հարված տալ նրան։ Դոկումենտների անուն եք տալի, վկաներ եք հիշում, արձանագրություններ եք դնում սեղանի վրա։ Այստեղ կանգնած է ձեր հակառակ կողմը՝ պ. Շիրվանզադեն։ Նա ասում է. պարոններ, ես էլ ունիմ դոկումենտներ, բայց այժմ մոտս չեն, ես էլ վկաներ ունիմ, որոնք այստեղ չեն, այժմ ես անպատրաստ և անտեղյակ եմ ժողով եկել, ես այժմ զենք չունիմ ձեռքիս, թույլ տվեք մյուս ժողովում քննելու, կամ մի
նոր ժողով կազմեցեք, կամ մի մասնաժողով ընտրեցեք, որ ես հնար ունենամ պատրաստված ներկայանալու և պատասխան տալու։ Նա կրկնում է իր խոսքը, դուք դարձյալ ձերն եք պնդում։ Նա երեքկնում է իր բողոքը, և, այսուամենայնիվ, դուք ձայների մեծամասնությամբ վճռում եք ձեր ցանկացածն անել և այն էլ այնպիսի եզվիտական եղանակով, թե մենք միայն զեկուցում ենք ուզում լսել։ Իսկ զեկուցումը լսելուց հետո կանգնում եք ու ձայների մեծամասնությամբ վճռում, որ Շիրվանզադեն մեղավոր է, պարտ է, և, մեկը կանգնում է, ասում՝ ես կտամ, մյուսը թե՝ կեսն էլ ես կտամ, և ապա հարա-հրոցով վստահության քվե եք տալիս վարչությանը։
Այս բոլորը տեսնելուց հետո, կրկնում եմ, թեկուզ Շիրվանզադեն չլիներ, մի հետին մարդ լիներ և այն էլ հայտնի մեղավոր, ես դարձյալ կզզվեի ձեզանից և նույն խոսքերը կասեի, որովհետև ամեն մի հանցավորի հանցանքից ավելի գարշելի ու քստմնելի գործ է այդ ձևով դատաստան կտրելը, ամեն մի հանցավորից ավելի դատապարտելի է այդպիսի նենգամիտ, նախապաշարումներով կաշառված և տմարդի դատավորը, և նրա համար էլ ես ձեր վարմունքը անվանեցի խուժանական։ Եվ չեմ դադարիլ այդպես անվանելուց, թեկուզ և դրա համար ինձ թաղեն, ինչպես արին գերեզմանատուն դարձած Մշակի № 40–ում։
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Դեռ մի կողմ եմ թողնում տեղեկագրի քննությունը, երբ դուք ձեր անխոս ձայների մեծամասնությամբ բռնանում էիք դատողությունների խնդիրների վրա, և այնպես կորցրիք կուսակցական երազներով տաքացած գլուխներդ, որ ընդհանուր ժողով բերած հարցերից երկուսն էլ հետներդ ետ տարաք։ Կարդացեք տեղեկագիրը—ընդհանուր ժողովի պարապմունքները № 4։ Հ. Թ.