Jump to content

Ընդհանուր ուսուցչական խնդիրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ընդհանուր ուսուցչական խնդիրը
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 232
ծ. ― էջ 608

Մեր թերթի էջերում դադարեցնում ենք Հովնանյան դպրոցի հոգաբարձության և պ. Ստ. Մալխասյանի դեմ տեղացող բողոքների տպագրությունը։ Եղած բողոքներն էլ բավական էին։

Հովնանյան դպրոցի դեպքը մի բացառիկ երևույթ չէր։ Էդպես է եղել մեզանում ամեն տեղ։ Եվ ամենքը զզված էին էդ դրությունից, հարկավոր էր մի կաթիլ էլ, որ բարկության բաժակը լցվեր, ու էդ կաթիլը եղավ Հովնանյան դպրոցի դեպքը։

Պետք է երևույթը հասկանալ ու նոր, ավելի լավ դրության համար մի ճանապարհ մտածել, բայց մեզանում մանր կրքերն էնքան են տիրում մարդկանց, որ մի հրապարակական խնդիր բարձրանալիս իսկույն բաժանվում են զանազան մութը խմբակների, ծառանում իրար դեմ ու միանգամից կորցնում են առաջները կանգնած հարցի ներքին իմաստն ու իրավունքը ըմբռնելու և նրա վրա լուրջ մտածելու կարողությունը։ Եվ հարցը, ինչքան էլ ինքն իրեն լայն լինի դրված, մին էլ տեսաք նեղացավ, փոքրացավ, դարձավ ասեղի ծերի չափ չնչին մի բան։

Հովնանյան դպրոցի դեպքը մի նոր քննությունն եղավ րելյեֆ ցույց տալու մեր նեղ հայացքն ու նեղսրտությունը։

Հոգաբարձուները, որ պարզ տեսան իրենց սխալը — էնքան արիություն ու առաքինություն չունեցան՝ խոստովանեն և ուղղեն, շինեցին թայֆայական պատվասիրության գործ, համառեցին շարունակ անվերջ բողոքների դեմ անմտորեն կրկնելով. «Հապա ո՞րտեղ էին այդ բողոքները այն ժամանակ, երբ Լևոն Սարգսյանին հեռացրին»...

Ասացին, ցույց տվին, որ էն ժամանակ էլ են բողոքել, նրանք շարունակեցին. «հապա ո՞րտեղ էիք այն ժամանակ»...

Հարցրին, թե՝ եթե դուք էն ժամանակ բողոքում էիք, ինչո՞ւ այժմ նույնն եք անում։ Նրանց շարունակեցին՝ «հապա ո՞րտեղ էիք այն ժամանակ»...

Քանի անգամ գրեցին, թե էն ժամանակ միայն էդ չի եղել, դրա նման դեպքեր շատ են պատահել, այժմ էլ չենք ուզում պատահի։ Միշտ նույնը «հապա ո՞րտեղ էիք էն ժամանակ»…

Եվ եթե զիջում արին, էն էլ միայն մի բան ապացուցեց, որ մարդիկ ընդունակ չեն ինքնակամ առաքինության, մինչև չլինի վերևից ստիպողական հրաման կամ արտաքուստ բազմության ճնշումը։ Պայծառ չէր և Հովնանյան դպրոցի ուսուցչական խմբի պատկերը իր և առհասարակ ուսուցչի դատի ժամանակ, և թերևս նրանց հոգեբանության բանալին գտնենք պ. Ա. Աբեղյանի «24 դիակների» տրագեդիայի մեջ, որ ցույց է տալիս, թե ինչքան է սարսափում հայ ուսուցիչը «ազատ» համարվելու վտանգի առաջ։

Մի քիչ դենը, նորընտիր տեսուչ պ. Ստ. Մալխասյանը իր առաքինությունները թվելով, բարձրաձայն փառք է տալի աստծուն, որ ինքը էս մաքսավորի — Ա. Աբեղյանի նման չի («Հորիզոն, № 133)։ Անկասկած ինչքան տգեղ է մեր հայկաբանի էս փարիսեցու պոզան, նույնքան անմիտ է և փառաբանությունը։

Նա սխալվում է, կարծելով՝ թե աստված միայն լսում է և կարող է խաբվել բարձրաձայն փառաբանությունից։ Ո՛չ, նա աչք էլ ունի, էն էլ ամենատես։

Փոքրացնում են գործն ու հասցնում մինչև իրենց առաքինությունների պատմությունը։

Նույնիսկ բողոքողներից մեծ մասը մինչդեռ բողոքում են միայն Հովնանյան դպրոցի դեպքի համար, միաժամանակ տեղեկություններ են տալիս, թե իրենց ուսուցչական խմբերն էլ արձակված են նույն ճամփով։ Եվ ահա տեսնում եք ամեն տեղ նույնը, նույնը, նույնը։

Լայն, պարոններ, լայն։ Լայն է խնդիրը ու ցավը ամենուրեք։ Լայն հայացքով պետք է նայել ու վերաբերվել շատ լուրջ ու անկողմնապահ։

Թող ետ քաշվեն բովոր աղմկողներն ու իրենց մանր հաշիվներով ու քմահաճույքներով հասարակությունը շփոթողները։

Ահա Թիֆլիսում Հայոց ուսուցչական միությունը անում է իր ընդհանոււր ժողովները, թող առաջ անցնի խոսելու հայ ուսուցչի վիճակի մասին ու պաշտպանի նրա դատը։

Ահա Թիֆլիս է ժամանում նորին վեհափառություն ամենայն հայոց կաթողիկոսը, որ հանդիսանում է համայն հայոց ուսումնասերների տերն ու տնօրենը, խնդիրը ամենակողմանի, լայն ու անաչառ պարզելուց հետո, նա կարող կլինի մի կարգ հաստատելու և պատշաճավոր բարձրության