Ընկերին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ընկերին

Միխայիլ Լերմոնտով

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի


Ընկերին


Ոգևորության գըրկում փայփայված՝
Երբե՛ք իմ աշխուժ, մշտավառ հոգին
Երկնային փայլով չէ՛ հըրապուրված —
Ես միշտ սիրել եմ հիացքն երկրային։
Եվ կանցնի, ընկե՛ր, կը կորչի իմ սեր,
Որպես խաբուսիկ երազի ըստվեր.
Եվ ես երջանիկ երբեք չեմ լինիլ
Նազելուս կողքին։ Բայց ո՞վ է արդյոք
Սըրտիս ընտրյալը — այդ մի՛ հարցնիլ,
Նորան չը պե՛տք է ճանաչե ոչ ոք։
Մեզ ճակատագիրն անջատեց հավետ,
Ա՜խ, նորան հաղթել ես ուժ չունեցա.
Բայց քենն ու մերժումն իմ մեջ են, ինձ հետ,
Եվ իմ սիրո մեջ ես ունակացա։
Այդպես ծեր գողը քաշված խուլ անտառ,
Անզղջում թաղված յուր շա՛տ մեղքերում.
Դեռ նա սպառնա՛նք է ճամփորդի համար,
Եվ սիրով արնոտ դաշույնն է սըրում…
Մանկության գըրկից մինչ մահու դագաղ,
Որպես խաղալիք բախտի ու կըրքի,
Մարդկանց ամբոխը ձըգտում է դանդաղ
Մի անմեկնելի, սուրբ նպատակի…
Ե՛ս էլ անցյալում դեպ վըսեմն էի
Թըռչում և՛ հոգով, և՛ վառ մտքերով.
Բայց ինձ առավել քա՜ղցր է, սիրելի՜
Երկրային տանջանքն յուր հուզումներով,
Եվ այդ տանջանքին սովոր եմ ա՜յնքան,
Որ նա միշտ ինձ հետ կապրե անբաժա՜ն…