Jump to content

Ընկույզն ու որդը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ընկույզն ու որդը


Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, թզենի: Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր: Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ.

— Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ:

— Մի թողնի այդ թափառականին քո տունը: Ո՞վ գիտե դրա տունն ու բունը, վարքն ու բարքը, — ասացին փոքրիկ ընկույզին նրա եղբայրները:

— Այդ ձեր բանը չի, ի՞նչ եք խոսում իզուր տեղը. ես ինձ համար, դուք՝ ձեզ համար, — պատասխանեց ընկուզիկը և հյուր ընդունեց ծերունի որդին:

Ագահ և չարամիտ որդը ծակեց ընկույզի կեղևը, ներս մտավ, միջուկը կերավ, դատարկեց, նստեց ու երգեց.

— Մի նոր ընկույզ ես գտա,
Ծակեցի ու ներս մտա,
Կերա, կերա կշտացա,
Դատարկ մնաց՝ վշտացա:

Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ: Ծափ էր տալիս ու ասում.

— Դուրս գամ ծառը չափչփեմ.
Տեսնես ում կխաբխբեմ,
Ինձ որդ կասեն, ծերուկ որդ,
Լեզուս քաղցր, շողոքորթ:

Փոքրիկ, անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար, ավազակ որդին... Քամին էր միայն մեջը վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում: