Jump to content

Սերոբը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍԵՐՈԲԸ

— Սերո՜բ, — ասում է հայրը, — գնա հարևանից արշինը բեր, կտավը չափենք:

— Է՜, բան չունես, հայրիկ, ի՜նչ նեղություն տանք հարևանին, ես գիտեմ, որ մեր կատուն պոչից մինչև ականջի ծայրը մի արշին է: Էլ արշինն ի՞նչ կանենք:

— Սերո՜բ, Սերո՜բ, — ասում է հայրը, — ապրես, գնա հարևանից գրվանքանոցը բեր, պանիր կշռենք:

— Է՜, բան չունես, հայրի՜կ, ա՜յ, մեր սատկած էշի սմբակը մի գրվանքա է:

— Սերո՜բ, Սերո՜բ, դու ինձանից թեթև ես, մի դուրս վազի տես եղանակն ինչպես է:

— Է՜, հայրիկ, էլ ի՛նչ գնամ, կուզես մեր շանը կանչեմ, թե մազերը չոր են, հո եղանակը պարզ է:

— Սերո՜բ, Սերո՜բ, — շունչը կտրած ասում է հայրը, — հացը բկիս կանգնեց, ջո՜ւր, ջո՜ւր, ջ՜ուր....

— Է՛, հայրիկ, — ասում է Սերոբը, — դու էլ ինչ դժվար բան կա, ինձ ես ասում...