Jump to content

Թանգին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՆԳԻՆ

Եթե գյուղում ծաղիկ Աիներ, նա մանուկ ժամանակ չէր հիվանդանա, վերքերը չէր փորի և չեչոտ էլ չէր լինի։ Մայրն ուրիշ հոգս շատ ուներ՝ օրորոցում պարուրի մեջ Թանգուն կապելուց հետո ներս ու դուրս էր անում և չէր նկատում, թե ինչպես երեխան ուժ էր տալիս, թաթերը հանում և քորում, վերքերն արնոտում։

Թանգու առաջին սերը պատից կախ արած նախշով խալին էր։ Ամռան շոգին ճանճերը լիզում էին երեխայի քթածակերն ու աչքի ակները, իսկ փոքրիկ Թանգին մատը բերանում, ծլոլը կախ, ժամերով աչքը չէր հեռացնում խալու նախշերից։ Առաջին չորեքթաթ արշավը դարձյալ դեպի խալին էր։

Տանը երեխա շատ կար, հոգսը շատ էր, վար ու ցանքսը միջոց չէին տալիս Թանգու հորը նկատելու ժառանգի առաջին սերը։ Եվ պատահմամբ էր, որ նրա աչքին ընկավ որդու ծակոտկեն երեսը՝ չեչաքար։

Հայրը նայեց, ուզեց մի բան ասի, բայց բերանում հացի պատառը շաղախվեց թքի մեջ, կոկորդը սեղմեց, և մինչև կուլ կտար, միտքն էլ թռավ, անհետացավ։

Թանգին մեծացավ։ Հոր տնկած ծառերը դեռ բար չէին տվել, երբ Թանգին մագլցում էր ծառն ի վեր, տավարը ջուրը տանում, օրը տասն անգամ աղբյուրը վազում սառը ջուր բերելու։

Երբ գանգի խոռոչում նրա ուղեղը խմորի գնդի չափ դառավ, Թանգին արդեն գիտեր, որ ամենից թանկը աշխարհի երեսին պարարտ սևահողն է, աղբած բոստանը, գոմը ապրանքով լի և նոր տնկած ծառերը, որոնց վրա մագլցում էր նա այն ժամանակ, երբ ետևն ու առաջը բաց էր։

Մեռնելիս հայրը Թանգուն փալասի մեջ փաթաթած ոսկիներ հանձներ և աչքերը փակելուց առաջ մի անգամ էլ որդուն պատվիրեց ապրանքին լավ խնամել, տան կողքին մի ուրիշ ամարաթ շինել և ընդարձակել այգին։

— Աչքդ բաղին պահիր,— ասաց և աչքերը փակեց։

Ազգ ու բարեկամ լաց եղան, իսկ Թանգին գնաց գոմը նախ հոր թողած, ոսկիները հաշվելու և ապա մի լղար եզ ջոկելու մեռելահացի համար։

Գերեզմանատան ճանապարհը բաղի մոտով էր անցնում։ Վերադարձին Թանգին բաղի դռնակը բաց արեց, ներս մտավ, նայեց ծառերին, և շատ փոքր թվաց նրան հայրական այգին։ Գրպանում զրնգում էր ոսկին, և գրպանի ոսկուց ցոլք էր ելնում, Թանգու աչքերը շլացնում։

Կանգնեց այգում, որպես հաստարմատ ծառ, նայեց պատերից դեն ձգվող պարարտ հողերին, մտքում գծեց մի սահման և այդ սահմանը դրեց իր կյանքի կետ նպատակ։

* * *

Տարիները գլորվում էին որպես անիվներ անտես։

Տարիները արծաթ փոշի էին շաղ տալիս Թանգու մազերի վրա, մի աներևույթ ձեռք նրա դեմքին ակոսներ էր ծրում։

Ասես վերջ չպիտի ունենար ժամանակը Թանգու համար։ Ամեն տարի բերում էր մի քիչ հող, երկու մուրհակ, տոկոսով դիզած արծաթ և սև հողեր պարարտ՝ հասած խմորի պես։

Գյուղում Թանգին հզոր էր, բազուկն ուժեղ, ասածն օրենք։ Խուլ բողոք կար և տրտունջ, թե Թանգին աղքատի պատառն է կուլ տալիս, պայմանագիր է կեղծում, կաշառում օրենքին և զավթում, թաթը դնում մսոտ հողերի վրա, դառնում խան ու սարդար։

Քմծիծաղ էր տալիս Թանգին, երբ ականջին էր հասնում գյուղի խոսքը, ոլորում էր բեղը և ինքնագոհ հայրական այգու ճանապարհը բռնում, դռնակը բաց անում։

Տարիները գլորվում էին, ծառը պտուղ էր տալիս, արտը՝ ոսկեհատ ցորեն, արևը ծագում էր, խանձում ցերեկին, մայրամուտին հանգչում։ Թանգին պինդ էր կոխում սեփական հողը, մտքում դրած սահմանին ձգտում անխռով, ինչպես ծագում է արևը, խանձում ու հանգչում մայրամուտին։

* * *

Մի գարուն էլ, երբ օրերը երկարացան, հողը տաքացավ, և գոլորշի բարձրացավ հանգստացած հողից, մի գարուն էլ Թանգու համար ուրախ լուրեր չեկան քաղաքից։ Արևն էլի առաջվա տեղիցն էր ծագում, բայց Թանգուն թվում էր, թե ծռվել է աշխարհի առանցքը, վազքն ընդհատ է, շնչակտուր։

Թխպեց Թանգին։ Այգում սեփական հողը պինդ չէր կոխում, դողում էին կոր ծնկները։ Կանգնում էր ծառի մոտ, տեսնում, թե ինչպես լցվում են բողբոջները, սևին է տալիս խնձորենու մաշկը, զգում էր, որ զարթնում են արմատները, շարժվում են հողի մեջ կենարար հյութերը, և մտածում, որ գարունն ուրախ լուրեր չի բերել։ Գունատվում էր մերթ, զայրանում, և զայրույթից չեչաքար երեսը կարմրին էր տալիս։

Օգոստոսին կարմրեց խնձորը, հասավ։ Գիշերով թռան պարսպի վրայով, ծառերը պլռկեցին, ճղակտոր արին։ Եվ երբ լուսաբացին Թանգին այգու դռնակով ներս մտավ, տեսավ խնձորները թափված, բոստանը ոտնակոխ, ճղները՝ կտրած կռներ, տեսավ և գիշերվա հետքերը, տերևներ ցողոտ այստեղ-այնտեղ, հասկացավ, որ գարունը տեղահան է արել պարիսպները, ուրիշ բերաններ կան գյուղում՝ խնձորի, փափուկ լավաշի կարոտ։

Տարիներն էլ անիվներ չէին անտես, այլ ծանր ջաղացքար, որոնք գլորվում էին թափով և տրորում պարիսպները, հիմնահատակ անում զավթած հողերի սահմանները, հարթում հավասար։

Մուրհակները խոնավացան, բորբոսնեցին երկաթե սնդուկում, ուժը հազիվ էր հերիքում պահելու եղածը, հեռվում մթնեց սահմանը, որ գծել էր նա գերեզմանատնից գալիս։

Խեղճացավ Թանգին։

* * *

Ուրիշ օրեր եկան, արև օրեր։

Կռունկները եկան, սևահողը տաքացավ, սևահողում արևի տակ ծլեց ոսկե հատիկը։

Թանգին գոհ կլիներ, եթե միայն կռունկները գային, և արևի տակ հատիկը ծլեր։

Գարունքին եկան հողերը չափելու, հավասարելու։ Գյուղը մրջնոցի պես էր, գարունքին զարթնած մրջնոց։

Ժողով կար, աղմուկ, աղաղակ։

— Վեր թափեք Թանգու հողերը, հավասար բաժին անենք,— կանչում էին ժողովում, Թանգու երեսին շպրտում՝ «քյասիբ ուտող»։

Եվ բարակ շղթաներով չափեցին հողերը, ապառաժն ու այգին, ջրովին ու դեմին։ Չափեցին, նկարեցին, բաժին արին։

Թանգու հողերը սելավի բերանն ընկան, պարարտ հողերը թռան ձեռքից, հեռացող կռունկի պես, և մնաց այգու կեսը, մի օրավար ջրովի, երկու կտոր վարելահող։ Շունչը քիչ էր, այդքան էր հասնում։

Երբ շղթաները զնգալով կտոր-կտոր արին Թանգու հողերը, նրան այնպես թվաց, թե սիրտն են կտրատում։ Բողոքեց, սպառնաց, գանգատվեց, հռհռացին, ծաղրեցին։

Թանգին հենվեց այգու քարապատին, նայեց չափարարների հեռացող խմբին։

Մայրամուտ էր, իրիկնամուտ էր արդեն։

* * *

Հենց նույն գիշերը Թանգու տանը մի քանի հոգի՝ ազգ ու բարեկամ ժողովի նստեցին։ Թանգին էր կանչել իր ճանաչ մարդկանց՝ մի հնար գտնելու, հողերի բաժանումը խանգարելու, մինչև՝ — Մեզ համար մի լույս ծագի,— ինչպես ասում էր Թանգին։

— Թողնեն իմ ձեռքով հողերս բաժանեմ։ Մեկը քեզ տամ. ազգ ես ինձ, ինչո՞ւ խալխը ուտի, ես դատեմ...

Մինչև կես գիշեր հնար էին փնտրում, խափանման միջոց։

— Թանգի ամի, մենք որ բողոք տանք, չեն ընդունի, վերջը լավ չի լինի,— ասաց մեկը։ — Եկ կանանց կազմակերպենք, թող նրանք անեն։

Հենց այդ գիշեր էլ կանչեցին մեկին, որին Թանգին խոստացավ չորս փութ ցորեն, և դիմումը գրվեց նախ միայն «կանանց միության» կողմից, բայց վերջում անհրաժեշտ համարվեց, որ տղամարդիկ էլ ստորագրեն։

Եվ գրագիրը թղթի վրա շատ պարզ դրեց նախ «ՀՍԽՀ», տպա ներքևը՝ «Մրվան գյուղի կանանց և տղամարդկանց միություն»։

Աքլորականչին ժողովը ցրվեց։ Թանգին ճրագի տակ նայում էր գրած թղթին, որի վրա ներկա եղողներից մի քանիսը բութ մատով կնքել էին «վասն անգրագիտության»։

Մյուս օրը Թանգին գյուղում մարդու էր ման գալիս, կողմնակից ճարում, համոզում, որ թղթին ձեռք քաշեն։ «Մրվան գյուղի կանանց և տղամարդկանց միության» դիմումը Թանգին հատուկ մարդով քաղաք ուղարկեց։

* * *

Երկար ժամանակ չանցավ։

Մի իրիկուն, երբ Թանգին տնքալով շորերն էր հանում քնելու, գզիրը կտուրից ձեն տվեց նրան, թե շտապ գործով կանչում են գյուղխորհրդից։ Թանգին գնաց՝ ճանապարհին հազար միտք անելով, հազար կասկած։ Դիմումը մերժել էին, հողաբաժանումը հաստատել։

— Թանգի ապեր, գործդ հիմա էլ կանանց հետ է, միանում ես նրանց հետ,— ծիծաղելով ասաց նախագահը,— գնա, տեղդ հանգիստ նստիր, Թանգի ապեր, էն վաղ էր, որ... Թանգին փոշման տուն վերադարձավ։

Պառկեց, քունը չտարավ։ Միտք էր անում, միտն էր բերում պարարտ հողերը, հոր պատվիրանը՝

— Աչքդ բաղին պահիր,— ոսկիները, որ տվեց հայրը մեռնելուց առաջ, բորբոսնած մուրհակները և երկաթե օղերով պսպղուն շղթան, որ բաժանեց սևահողը, այգին։

Թանգու աչքերն ընկան պատից կախած խալուն, որ տարիների ընթացքում խունացել էր արդեն, հնացել։