Jump to content

Ծատուն տղան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՏՈՒՆ ՏՂԱՆ

Նա հայր ուներ, իսկ հայրը՝ ոչխարներ։ Եվ երբ հայրը մեռավ, գերեզմանի փոսը ծածկելիս իր մտքում նա հոր թողած ոչխարների համրանքն էր անում։

Գյուղի քահանան նրան Աբրահամ էր կնքել, մուծել մատյանի մեջ, բայց գյուղը նրան ավելորդ անուն էր տվել՝ լոշ՝ կախ ընկած ականջների համար։

Եվ երբ հայրը մեռավ (իսկ հայրը ոչխարատեր Ծատին էր), մեռելահացն ուտելիս մի ալևոր բարեմաղթեց լոշ ականջի տավարին ու օջախին առատություն և դառնալով նրան ասաց.

— Ծատու տղա, նզովյալ լինես, եթե շվաքդ անպակաս անես էս օջախին։

Այն օրից էլ լոշ ականջը դարձավ Ծատուն տղա, ավազանի անունը հերվա ձյունի պես հալվեց։

Եվ երբ մի անդամ էլ ձյունը հալվեց, գարնանամուտին ոչխարը սարը քշելիս Ծատուն տղան հորից ստացած ոչխարը քսանով ավելացած տեսավ։

Հետո մի քանի տարի անց, երբ Ծատուն տղի բեղերն այնքան էին մեծացել, որ ապուր ուտելիս ձավարի հատիկներ էին մնում բեղերի արանքում, մի քանի տարի հետո Ծատուն տղան այնքան ոչխար ուներ, որ երեք չոբան հերիք չէր անում։

Հոգսը սարում արածող ոչխարն էր․ իրեն ի՞նչ, թե կտուրի գերանը ճաքել է, պառավ մայրը գլխին շալ չունի գցելու։ Տանն իր կամքը կար միայն, իր խոսքը՝ անգիր օրենք տան անդամների համար, որոնցից մեկը՝ պառավ նանին, ճախարակի մոտ էր դարդահալ լինում, չոբանին չուխացու մանում․ մյուսը՝ եփում, կարում, փոքրերի հոգսը քաշում, ծծկերին ծիծ տալիս և էլի քնում Ծատուն տղի հետ մի վերմակի տակ, ծխից սևացած, ճաքճքած գերաններով խրճիթում։

Երազում էլ սարում արածող ոչխարի հետն էր․ գայլն էր վրա տալիս՝ ինքը քնի մեջ մռնչում էր, ասես բուկն են խեղդում, մին էլ այնպես էր թվում, թե ոչխարները ոսկի են դառնում, դեղին ոսկիներ՝ սարի կանաչի վրա շաղ տված, ինչպես թոնրի մոխրում պեծին տվող պողեր։

Մեկ էլ զարթնում էր, մյուս կողքին դառնում և ոչխարի չափ խոնարհ, անլեզու կնոջը հրում, քնահարամ անում և կատարում այն, ինչ անհաճո էր ծծկեր ունեցող մաշված կնոջ համար։

Ամեն ինչ կյանքում նրան ոչխար էր թվում՝ յուղոտ դմակով, փափուկ դմակով։ Սարում ոչխարը խուզելիս, երբ բրդով լի պարկերը դարսում էին իրար վրա, չոբանի ձեռքի մկրատը նրան աշխարհի միակ գործիքն էր թվում, որով մարդ կարող է աշխարհներ գրավել, ծովի ավազի համրանքով ոսկի ունենալ։

Երբ տերտերը եկեղեցում քարոզ էր տալիս, ասում, թե բոլորը մի հոտ են եկեղեցու համար, թե կա երկնային մի հովիվ, Ծատուն տղան իսկույն մտքով սարն էր թռչում, ուր կախ ընկած դմակով ոչխարներն էին արածում, չաղանում, դառնում դեղին ոսկի։

Հեղափոխությունն էլ նա հասկացավ յուրատեսակ ձևով. թագավորը հովիվն էր, ժողովուրդը՝ հոտը։ Մի մեծ մկրատ Մոսկվայից մինչև ինքը խուզում էր ժողովրդին։

Գյուղում զրույց անելիս նա այդպես էլ ասում էր, թե գայլերը գալու են անչոբան մնացած ոչխարն ուտեն, որ առաջ յուղ ու կաթ էր հոսում Մոսկովից մինչև ինքը, երբ մեծ մկրատը կար։

Ամռան վերջն էր։ Թուխպը մեկ–մեկ նստում էր սարին, շաղոտում էր սարի կանաչը, թացանում էր ոչխարի բուրդը։

Թուխպ կար սարում, երբ Ծատուն տղան ոչխարի մոտ գնաց։ Չոբանները եկան, շները՝ գայլաբոյ, վնգստացին, բայց Ծատուն տղան ունքերն էլ իրար չտվավ։ Բարձրացավ մի քարի գլուխ, ձեն տվավ չոբանին, որ ոչխարը քշեն քարի տակով։ Նեղվածք էր, դժար կապ, ոչխարը մեկ–մեկ էր անցնում, գլուղում կախ, մանր-մանր քայլերով։ Եվ երբ վերջին կաղ ոչխարն անցավ, Ծատուն տղայի շրթունքները բեղերի տակ շարժվեցին․

— Երեք հարյուրից չորսը պակաս։

Ասեց և հեռացող ոչխարի ետևից նայեց մի պահ, չոբանին կանչեց.

— Ծեգին ոչխարը քշիր քաղաք։

Չոբանն ուզեց հարց տալ, բայց բերանը բաց էլ մնաց։ Ծատուն տղան ձիու գլուխը գյուղի կողմն էր դարձրել։

Պառավ նանն էլ զարմացավ, երբ իմացավ, թե տղան առավոտ ծեգին քաղաք է գնում։ Մեկ ուզեց խնդրի մի գոտկալ, մեկ տազ արեց։ Ծատուն տղայի աչքերը այնպես պեծին էին տալիս ունքերի տակ, ասես երկու թեժ ածուխ լինեին։ Երբ մութ եղավ, քնեցին, կինը կամացուկ խնդրեց շապկացու, սիրտ արեց, մոտեցավ մեջքին, բայց Ծատուն տղան երեսը շուռ տվեց, մյուս կողքի վրա պառկեց։ Շուռ եկավ, բարկացած ասեց.

— Լավ, սատկիլ չես...

Ծեգին գնաց, երկու օր հետո եկավ։ Ծատուն տղան էլ ոչխարատեր չէր։ Ոչխարը ծախել էր քաղաքում։ Այն, ինչ երազում էր տեսել՝ դեղին ոսկիներ, հիմա զնգում էր նրա գրպանում։

Չոբանների ձեռքը մի բան դրեց, չոբանները հեռացան, շներն էլ՝ պոչերը կախ, նրանց ետևից, դեպի սարերը թխպոտ։

Եվ երբ երկու օր հետո եկավ, Ծատուն տղան իր հետ քաղաքից տասը ձիու բեռ ապրանք բերեց՝ ճոթ, սապոն, նալ ու մեխ, շաքար։

Մյուս օրը Ծատուն տղան գեղում դուքան ուներ, տան մոտ, մարագի հին շենքում։ Առաջ դժվար թվաց արշին բռնելը, գրվանքա շաքարին աչքը վարժ չէր, ճոթ ու կտորի թոփը բաց անել չէր իմանում, բայց հետո սովորեց։

Նույնիսկ գործը դուր եկավ։ Հանգիստ նստում էր խանութում, նալ ու մեխ էր ծախում և ամեն իրիկուն մտքում հաշիվ անում, թե ինչքան օգուտ ունի։ Էլի առաջվա պես էր մտածում, գյուղացիք, որ ապրանք են առնում իր խանութից, գյուղացիք նրա աչքում էլի ոչխար էին, աղի վրա վազող ոչխար, որ թողնում է կթես, խուզես։

Հինգ ամիս հետո գյուղում շատ երդիկի տակ էին խոսում, իրիկվա հացին․

— Ծատուն տղան պարտքն ուզում ա, էգուց մի փութ պանիր տանք պարտքի դիմաց։

— Էսօր էլի ասեց էն շաքարի համար...

Գյուղը հեռու, յոթ սարի քամակին, ճամփեն՝ կածան, անապահով, տարիները՝ խռով, ամեն տեղ երկյուղ, քաղաքում՝ խանութները փակ, ծածուկ պահեստներում՝ գաղտնի վաճառք հին ծանոթին։

Իր ոչխարի համրանքից ավելի լավ գիտեր այդ Ծատուն տղան։ Ապրանքը թանկացնում էր ժամեժամ, գանգատվում, թե վնաս է անում, էլ ապրանք չկա։ Շաքարը հիվանդի դեղ էր, ոսկու հավասար։

— Առ տա՛ր, էլ շաքար չես տեսնելու,— ասում էր Ծատուն տղան իր հարևանին, որ հոգեպահուստն էր Ծատուն տղին պահ տալիս։ Ծատուն տղան մեծացավ, ուռեց, դարձավ անվանի, ազդեցիկ։

***

Ձյունի սպիտակ փաթիլները թրթռում էին պաղ օդի մեջ, պտույտներ անում, կամացուկ իջնում, դարսվում իրար վրա։

Թարմ ձյունի վրայով քայլում էին երեք հոգի դեպի հեռու ձորի գյուղը։ Կարմիր բանակը քաղաք էր մտել, և լուրը թռել-հասել էր գյուղին։

Երեք հոգին գյուղ հասան իրիկվա մութին։ Եկան, հավաքվեցին ծանոթ գյուղացիք, ազգ ու բարեկամ։

Մյուս օրը գյուղում հեղկոմ կար, եռուզեռ կար, խոսք ու զրույց։ Երբ բաց արեցին Ծատուն տղի խանութը, միջին մի քանի թոփ քաթան կար, լամպի չորս շուշա, մի քիչ էլ մեխ։ Ծատուն տղին կանչեցին։

— Չկա, էդ ա մնացել, տարեք…

Խուզարկեցին, բան չգտան։ Հեղկոմը առաջին նիստում որոշեց Ծատուն տղի քաթանը գյուղի աղքատներին բաժանել։

Ձյունը հալվեց, սարերը կանաչին տվին, բայց կանաչ սարում Ծատուն տղան էլ ոչխար չուներ, խանութումն էլ խոտ էր դարսում։

Հողը տաքացավ, գութանները դուրս արին։ Ծատուն տղան էլ վար գնաց։ Վաղուց, շատ վաղուց էր մաճ չէր բռնել։ Մոտիկացավ մաճին, ուժը գութանին տվեց, մինչև մի ակոս ծրելը ձեռքերը թուլացան, նստեց գետնին։

— Քոնը արշինն ա, Ծատուն տղա,— ձեն տվեց քշողներից մեկը, իջավ լծից, մաճը բռնեց։

Ծատուն տղան հանգստացավ. մի քիչ էլ մնաց և, դեռ գութանը չարձակած, տուն եկավ։ Մյուս օրը մաճկալը Ծատուն տղից մի օրավարի վարձն էր ուզում։

— Առ, էլ չունեմ, երեխաներիցս եմ կտրում,— ասաց Ծատուն տղան, խեղճանալով։

Բայց Ծատուն տղան բեռը բռնել էր առաջ, երբ ճոթ կար խանութում, նալ ու մեխ և շաքար։ Պահած փող ուներ, մառանում յուղ ու պանիր կար։

Մի տարի էլ, և քաղաքում Ծատուն տղի մի քանի հին ծանոթները կողպած խանութները բաց արին։ Ծատուն տղան պանիր ու յուղ տարավ քաղաք, հողի կճուճում պահած ոսկին էլ հանեց, խանութի խոտը մաքրեց, կարգի բերեց։

Էլի առաջվա խանութում էր Ծատուն տղան մի քանի թոփ կտոր դարսել, սապոն, աղ, լուցկի։ Քաղաքում ծանոթներ ուներ հին, օգնել էին, ապրանք տվել։

Ծատուն տղան էլի դինջ նստեց խանութում, արշինը ձեռքն առավ, ապառիկի հին դավթարում նոր երես բաց արեց։

Գյուղը հեռու՝ ճամփան կածան, ուժը պակաս։ Ջահիլներն աղմկեցին, նամուսի ընկան. ո՞վ էր՝ պատմեց կոոպերատիվի մասին։

Կեսգիշեր էր, երբ ցրվեցին տները։ Եվ դեռ երկար ժամանակ մտածում էին կոոպերատիվի մասին, Ծատուն տղի նոր խանութի մասին։

Ծատուն տղան լսեց, որ ուզում են ջուրն էլ առաջվա առվով չկապեն։ Մի անգամ էլ մտքում կրկնեց այն, ինչ հազար անգամ էր ասել.

— Թե սրանք մնան, վերջս լավ չի...

Հիշեց մի քանի թոփ կտավը, լամպի շուշան, նալ ու մեխը, որ տարել էին, խլել իրենից, միտն ընկավ մաճկալի խոսքը, թե՝ — Ծատուն տղա, քո բանը արշինն ա...

* * *

Նոյեմբերի արև օր էր, պայծառ, դուրեկան աշնան օր։

Քաղաքում նոյեմբերի արևի տակ պսպղում էին նվագափողերը պղնձե, լայն փողոցներում ծովացել էր բազմությունը, ալեկոծ դրոշները՝ վե՜ր, բարձր։ Թնդում էր քայլերգը, աղմուկ կար, երգ ու ուռա, մեկը պատշգամբից ձայնով զիլ մեր վերելքն էր պատմում։

Արև էր, և հեռու գյուղում աշնան դուրեկան օր։ Դրոշներ կային՝ փայտի ծայրին հագցրած, գույնզգույն շորերով հարս ու աղջիկ կար, բրդի չուխավոր շինական։ Դհոլը դմբում էր, զուռնան փչում էր զիլ։

Շատերը խոսեցին. ամեն մարդ իր միտքն էր ասում, միտքը հյուսում յուրատեսակ, հետո մեկն էլ բարձրացավ քարի վրա, խոսեց, թե՝

— Ընկերներ, մենք կապերատիվի կողմից շատ ետ ենք մնացել, էս ձորերում մթին ա։ Ծատուն տղան էլի կենդանացել ա։ Մեզ պետք ա մի կապերատիվ հիմնենք հենց էս տոնին, էստեղ։

Խոսեց, հետո դարձավ բազմությանը, թե՝

— Կապերատիվ սիրողը թող մոտենա, գրվի էստեղ...

Մոտեցան, առաջ քաշվելով, վարանոտ, հետո սրտալի։ Գալիս էին գրվում, փայը վճարում։

Նա, որ խոսել էր, շուտ-շուտ կանչում էր տեղից.

— Շեն կենա մեր կապերատիվը...

Ծատուն տղան էլ էր լսում նրան, տեսնում, թե ինչպես են գրվում։ Մեծ մասը իրեն պարտ էին՝ լավ էր ճանաչում։

Կանգնել էր մի քիչ հեռու, նայում էր նրանց։ Կարծես հեղեղ է, գարնան վարար հեղեղ, իսկ ինքը մի չոր տաշեղ հեղեղի բերանում։

Ծատուն տղի փափախի տակ մի միտք կար միայն.

— Սրանք որ կան, վերջս լավ չի...

Այնքա՜ն հուսահատություն էր կաթում Ծատուն տղի լոշ ականջներից։