Jump to content

Թափառավազք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԹԱՓԱՌԱՎԱԶՔ


Ես հաճախ չեմ իմանում, թե ուր եմ գնում՝
երբ որ չեմ գնում,
թեեւ չի լքում չխոստովանվող պատրանքը հույսի,
թե տուն եմ գնում։
Կաթիլ-կաթիլ աշխարհվում եմ,
աշխարհի չափ՝
ապաշխարվում։

Ինչո՞ւ այլեւս պատահաբար չեմ հանդիպում քեզ։
Մտքիս մեջ անգամ դու հրաժարվում ես ինձ հետ
քայլելուց եւ ես ամենուրեք գնում եմ մենակ։

Վայրկյանն ինչո՞ւ է շրջանցել հավարժությունը։ Երբ
բոլորն են քեզ սիրում, նշանակում է՝ ոչ ոք չի սիրում։ Եվ
ամեն վայրկյան իր մեջ հրաժեշտ ունի, անկասկած։

Ապագան ներկայում մոլորած՝ նույն անցյալի զավակներն ենք
եւ չկա ոչինչ ավելի անբարոյական,
քան բարոյականության մասին քարոզը։

Սիրում եմ իմ երկրի թշվառներին, որ խենթ ու
ծանր են մեր քարերի պես՝
ուրիշ այլ մի վայր գնալու համար, քանզի
ամեն մարդ իր միջով է անցնում իրենից
դուրս գտնվող ճանապարհը։

Սերն այնժամ է սեր, երբ չեն հասնում։ Յուրաքանչյուր գետ մի քիչ
Ախերոն է։ Հեռուն, որին այնքան տենչում եմ հասնել, կախված
է ինձանից։ Հետեւապես կախյալ եմ եւ ես։ Մարմին եւ հոգի։

Ես թռչեցի երկինք՝ կարծելով լեռների գաղտնիքն այնտեղ է։ Բայց
ամենաբարձր գագաթը-ծովի մակերեւույթից-
դարձյալ մնում է Հովհաննես Այվազովսկու իններորդ ալիքը։

Ես հաճախ չեմ իմանում, թե ուր եմ գնում՝
երբ որ չեմ գնում,
վերադարձի տեսիլներն անվերջ ուղեկցում են ինձ,
եւ ես համոզված եմ՝
հասնելու եմ այնտեղ, որտեղ երբեք չեմ հասնելու։