Jump to content

Հակածաղիկների գարուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱԿԱԾԱՂԻԿՆԵՐԻ ԳԱՐՈՒՆ


Ամենադյուրին ճանապարհը ամենադաժանն է, անշուշտ,
այսինքն, ճանապարհը երբ ինձ հետ է՝
որպես անհաս հեռուների իրիկնաթախիծ ու անհուն համաճարակ.
ուրեմն, ինչ էլ որ լինի,
ես ամբողջովին ներկա եմ։
Լեռ եմ բարձրանում՝ նույն լեռն այդ կրելով իմ մեջքի վրա,
եւ նախընտրում եմ ընթանալ գիշերները՝
որպես վրիժառու խավարի, ինքն իրեն մթան մեջ ուտող խարույկ։

Ես խոսելիս բացարձակապես հրաժարվում եմ բառերից,
քանզի խոսքերում, որ չեմ ասում, ես ավելի ես եմ ու մեծ,
մինչդեռ ամբողջ կյանքում չեմ ասում խոսքն այն, որ երբեք չեմ ասում։

Աստծո ամեն, ամեն օր բացվող առավոտի գյուտը մեծագույն
միշտ էլ լինում են քո աչքերը՝ ուղիներն իմ անսպառ,
եւ մեղեդին ավարտվելուց հետո էլ, էլի ձգվում է՝ ծառից վերջինը հեռացող տերեւի մենակությամբ։

Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը
ինչ գործ ունի սիրո հետ,
իսկ եթե «Ապուշի» հեղինակը լինեին Միշկինը
կամ «իշխան Հիսուսը»,
ոչ ոք չի կասկածում, որ գլխավոր «ապուշը» կլիներ ինքը՝
տիեզերական պատրիարք Դոստոեւսկին։

Տարաժամ հայացքների անդաստակ... Ո՞վ է,
սլանում է անվերադարձ,
ես իմ ստվերն ու ճամփան անընդհատ մկրատում եմ իմ
ոտքերով, կարճում,
եւ անանուն հեռուներին եմ նետում քրիստոսախենթ
մաքառումներիս շարանուկը.
-Տեր Աստված, ամեն ճանապարհ իր մեջ ունի հակաճանապարհ,
Տեր Երազ, ամեն ծաղիկ իր մեջ հակածաղիկ ունի մի քիչ...

Եվ ինչքան քայլում եմ՝ ճանապարհը երկարում է այնքան։