Jump to content

Թե աչքերիդ աչքերով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Թե աչքերիդ առջեւով միշտ,-
Ընդգծելով իր կապույտը
Հորիզոնում,
Խենթ Խաչենը չգար - չանցներ,
Ով կասեր, թե՝
Գեղեցիկ են քո աչքերը։

Թե դու կանգնած չլինեիր
Կարոտաշատ ժայռածերպին՝
           ոտքերիդ տակ
Չխոսեին քարերը մեր
Խենթ մանկության,
Ով կասեր, թե՝ ուրիշ չես դու
Ու օտար չես այս աշխարհում։

Արցախը թե չունենայիր
Քո սրտի մեջ,
Ով կասեր, թե՝ դու սիրտ ունես։
Արեգակը,
Նայիր, ահա, քո հայացքի
Հայելում է շտկում կրկին
Իր ընթացքը հավերժական
Ու տխրազոր։

Կոհակ-կոհակ պահն է հոսում
Ծառի մոտով,
Քարով-գետով
Եվ պահն ի վեր՝ ընդդեմ հոսքին,
Մաքառում է
Մեր երազը - նշանը մեր,
Մեր նշանը - երազը մեր։