Թիթեռնակի թեւեր են աչքերդ, -
Ծաղիկը խոնարհ շնչում է կրծքիդ,
Ջուրը ցատկի մեջ երկինք է բերում,
Օրը իր շոգում փնտրում է ստվեր,
Ես սպասում եմ մի հատիկ խոսքի։
Աստծո դուռն է ծեծում Նեմրութը, -
Լեռան կողն ի վար փայլում է առուն,
Աղբյուր Սերոբի թուրն է շողշողում,
Հայոց ծովերով սար ելիր, Սոսե՛,
Հետքերը լույսի ակունքներ են թեժ։
Աղավնու թեւը խայտում է Քիրսին, -
Ցավի կրակը ձյունով չեն մեղմում,
Գնդակահերթը դարձել է գոտի,
Ձեռքին հուր ունի Արմենն արցախցի,
Եվ կալի ճամփան հասկ է հավաքում։
Կուլան սարերի ուսին փշրվեց, -
Լեռն ի վար խոսող հազար ջրիկ կա,
Պատիժն ու սերը երկվորյակներ են,
Ես հոգուդ վրա կամար եմ փիրուզ,
Եվ բաց դուռ ես դու հավերժի վրա։