Jump to content

Թուղթ երկրորդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Թանկագին Սերո Նիկոլայի։

Ահագին ժամանակ է անցել։ Երկու եւ կես տարի։ Խաղաղ ժամանակներում դա ի՞նչ է որ։ Ուրիշ է, իհարկե, հիմա։ Մեր այս վերջին երկու-երեք տարվա պատմությունը մի քանի անգամ հարուստ է ու սրտամոտ մեր ձգտումներին, քան անցած յոթանասուն տարիների բոլոր իրադարձությունները՝ միասին վերցրած։ Եվ այնպես արագ են փոխվում դեպքերը, այնպիսի անակնկալ շրջադարձեր են կատարվում, որ... Այնուամենայնիվ, կփորձեմ վերհիշել առանց շփոթումների, մանավանդ, որ այսօր էլ թուրք «գիտնականը» արդեն ձեռնամուխ է եղել անգամ ամենաթարմ փաստերի ու դեպքերի խեղաթյուրմանը։

Էն գլխից ասեմ՝ շատ ենք ոգեւորվող, գոհավոր։ Վերակառուցում ասվածին, բնական է, պիտի հավատայինք առաջինը (քանի որ վերակառուցում պահանջող շատ հարցեր ու խնդիրներ ունեցողներից ենք) եւ հավատացինք։ Անվերապահորեն, ինքնամոռաց։ Եվ չափը չպահեցինք։ Մեր շատ հեղափոխականներ էլ խորհրդային իշխանության նախօրեին նման ոգեւորություն ապրեցին ու... շատ բան տանուլ տվինք, մոռանալով, որ հայրենիքը մարդն է՝ մայր հողի վրա։ Հայրենիք կանչելով՝ հայրենիքի մեծ մասը կորցրինք։ Այդ ո՞ւմ ձեռքն էր, որ մեր հողը սինու վրա դրած տվեց Թուրքիային։ Այդ ձեռքի դեմ կռվենք։ Հիմա էլ մեր ցավը ցախավել են արել ուրիշներն ու իրենց բակերն են մաքրում։ Որտեղի՞ց է գալիս այդ սխալը։ Երկրին պարուրած (այն էլ՝ քանի տարի) փուչ ու անշունչ գաղափարներին նվիրված լինելուց։

Ուրիշների համար զոհաբերվող ժողովուրդ ենք։ Գոնե մեկնումեկը մեզ հետ վերաբերվո՞ւմ է այնպես, ինչպես մենք ենք ուրիշներին վերաբերվում։ Ոչ, որովհետեւ ամեն մեկն իր շահն ունի։ Ժողովրդի շահի մոռացությունը սրբապղծություն է։ Մեր խորհրդային պատմության քառուղիներում հայ ժողովրդի շահը շատ է մոռացվել՝ անգամ նրա հեղափոխական զավակների կողմից։ Սա աններելի է։ Եվ եթե այսօր տեսնում եմ արձանացած ու սուտ կուռքերի ոչնչացում, սիրտս փոքր-ինչ հանգստանում է. դա արթնացում է ու դաս։ Եվ ասենք, որ 1988-ը միանգամից չեկավ։ Եթե երբեմն լռում է արցախցին ու իր ցավից չի խոսում, չի նշանակում, թե ցավը քնել է։ Ոչ։ Մեզ արթուն պահողը մեր ցավն է։ Խորհրդային «ինտերնացիոնալիզմի» տարիներին, հիրավի, կորստի շատ պահեր ունեցանք, բայց, խոստովանենք, ամենասուր ցավն անգամ մեզ չկարողացավ թմրեցնել։ Սրտի վերքերն՝ իրենց տեղը, մեր լեզվի վրա էլ վերքեր կան՝ մեր ատամների հետքը. հաճախ, եթե հարկավոր էր դա, մեր լեզուն կծել ենք ու լռել, որ մեր տեղը չմատնենք։ Ու դիմացել ենք։ Այս ամենի մասին գուցե կարիք էլ չկար խոսելու, որովհետեւ ով-ով՝ դուք դա գերազանց գիտեք։ Արցախյան շարժումը, իրավամբ, միշտ էլ մեր մեջ է եղել, այն մի օր հանկարծ չի սկսվել ու մի օրում էլ, հասկանալի է, հաղթանակ չի բերելու։ Այն գոյության մշտական պայքար է, հաղթանակն էլ հենց մեր հավերժական լինելության մեջ է։ Վերջերս աչքիս ընկավ 1987թ. դեկտեմբերի վերջին գրված իմ բանաստեղծություններից մեկը, որի մասին մոռացել էի։ Ահա.

Բանաստեղծության համար չեմ ասում...
Մեկ-մեկ թվում է՝ Դավիթն եմ, վրաս
քառսուն ջաղացքար-
Ձենով Օհանի ձենն է ինձ հասնում։
Մեկ-մեկ թվում է, թե Ավարայրի
հողն է ոտքիս տակ-
Վարդանանց կռվի ձենն է ինձ հասնում։
Մեկ-մեկ թվում է, թե ճգնավոր եմ՝
փակված մի վանքում-
խալխի դուրս կանչող ձենն է ինձ հասնում։
Մեկ-մեկ թվում է՝ Սարդարապատում
ընկած զինվոր եմ-
հաղթանակի սուրբ ձենն է ինձ հասնում։
Մեկ-մեկ թվում է՝ Արցախի սրտից
կաթած արյուն եմ-
չմեռնող հույսի ձենն է ինձ հասնում...
Աչքովս տեսա,
երկինք ու երկիր
եւ աստված վկա,
բանաստեղծության համար չեմ ասում։
Հիմա էլ Արցախի սրտից արյուն է կաթում...

Ներեցեք, ես պիտի ընդհատեմ խոսքս. նորից իմ պատուհանից կրակոցների ձայն եմ լսում, գնամ...

...Եվ, այսպես, երեկվա խոսքս կիսատ մնաց։ Այժմ շարունակեմ։ Ի՞նչ էր եղել։ Ստեփանակերտի կենտրոնական փողոցի վրա գտնվող խնայդրամարկղի աշխատանքները, ըստ պլանի, պիտի ստուգվեին՝ Մոսկվայից եկած կին ռեւիզորների կողմից։ Սակայն այդ ռեւիզորները եկել էին Բաքվի ճանապարհով։ Դա շատ բան է նշանակում՝ ոչ մեր օգտին։ Ամենաուղղակին՝ երկու ադրբեջանցի ռեւիզորներ միացել են նրանց ու... Միշտ էլ մեր պատմության մեջ այսպես է եղել։ Եվ պատկերացնո՞ւմ եք, լկտիության աստիճանը Բաքվից ուղարկված այդ ռեւիզորների... Ամեն վայրկյան խաղում են մեր ազգային արժանապատվության հետ։ Բողոքել են խնայդրամարկղի աշխատողները, մարդիկ, ովքեր տեղում են եղել, որը եւ հանգեցրել է բախման։ Բաքվեցի ռեւիզորները շտապել են ռուս զինվորականության ու պարետության «օգնությանը» դիմել։ Այսինքն՝ հասել են իրենց նպատակին, այն է՝ նորից «պրովոկացիա» հրահրել... Այն էլ ասեմ, որ ռուս զինվորները հիմնականում հրաժարվում են կատարել մեզ վրա կրակելու վերեւից տրվող հրամանները։

Մեր քաղաքի տղաներից շատ-շատերին բռնել-բանտարկել են, ծեծել են գազանաբար։ Խաղաղ բնակչության հետ հաշվեհարդար են տեսել՝ մինչեւ գիշերվա ժամը 4-ը։ Ինչ տեսակի բռնության ասես՝ որ չեն դիմել։ Մեր տղաների մեջ սպանվածներ կան։ Մեկին էլ սպանել են Մեղրագետ գյուղի մոտ, բանակից նոր վերադարձած մի 22 տարեկան տղայի։ Վիրավորները շատ են։ Մի զինվորականի էլ սպանել են Շուշիամերձ կամրջի վրա։ Դա նույնպես ադրբեջանական ղոչիների ձեռագիրն է... Հիշո՞ւմ եք, Ասադ Կարաեւի խորհուրդն իր ազգակիցներին՝ մի ռուսի սպանեցեք, գցեք այնտեղ, ուր հայերն են ապրում, թող հայերը մեղավոր ճանաչվեն, որ ռուսները նրանց դեմ դուրս գան... Նույն խաղի հոտն է փչում այս դեպքից եւս...

Սադրանքը, ինչպես երեկ, այսօր էլ թուրքերի գլխավոր զենքերից է։ Ավելի կոնկրետ։ Մեջբերենք նույն այդ ռեւկոմ Ա. Կարաեւի նամակներից երկուսը՝ հղված Շուշուց, կարդացեք եւ մեկ անգամ եւս կհամոզվեք, թե որքան խորամանկ ու իրենք իրենց համար սթափ են այդ կարաեւները՝ ի տարբերություն մեր 20-ական թվականների «հորթային նվիրվածության» շատ հեղափոխականների... Ահավասիկ, դրանք։

«Հույժ գաղտնի։ Ղարաբաղի նահանգային հեղկոմ, 1920թ. հուլիսի 21, ք. Շուշի. Գորիսի գավառային հեղկոմին։

Ընկերներ, եկող ընկերները պատմում են, որ մինչեւ այժմ դեռ զինաթափված չէ Զանգեզուրի գյուղերի 90 տոկոսը, դա ցավալի է։ Բայց առավել ցավալին այն է, որ մինչեւ այսօր գլխատված չէ (ղեկավարներից չի զրկված) Զանգեզուրի հայությունը։ Նրա մտավորականությունը եւ ռազմական պարագլուխները մինչեւ այժմ գտնվում են գյուղերում։ Վաղը ապստամբության դեպքում նրանք կդառնան ղեկավարներ եւ մեր ուժերը դուրս կքշեն Զանգեզուրից։ Նորից ու նորից կրկնում եմ՝ ժամանակը չի սպասում։ Գործեցեք գիշեր ու ցերեկ։ Ջանացեք, որպեսզի բոլոր նշանավոր ու պետական հայերը կալանավորված լինեն։ Մեծ բան չեն աքսորն ու կողոպուտը։ Օրերը կանցնեն, դրությունը կփոխվի եւ նրանք նորից կվերադառնան իրենց երկիրը։ Թողեք մարդասիրությունը, դրանով անհնար է պետություն ստեղծել, երկրներ նվաճել, ապրել խաղաղության մեջ։ Այստեղի ընկերները շատ էլ գոհ չեն Գորիսի հայկական հեղկոմից, աշխատեցեք վերընտրել հեղկոմը եւ այդ ընթացքում ընտրել միայն մուսուլմաններին ու մեզ հայտնի ռուսներին։ Այս օրերին Գորիս կգա Արմենակ Ղարագյոզյանը։ Նա ուշանում է փող ստանալու պատճառով։ Մինչեւ որ 22 միլիոն ռուբլին չստանա, չի ուղեւորվի։ Հարստանալու լավ ժամանակ է, ինչո՞ւ չօգտվի։ Դե, բարի վայելի ինչ որ մեր կառավարությունն է նրան տալիս։ Նա էլ խոստանում է 7 օրվա ընթացքում Զանգեզուրը միացնել Ադրբեջանին։ Չենք կասկածում, որ շուտով կուրախացնեն Կապանը միացնելու լուրով։ Եթե դուք ուժ չունեք, ապա կա փող։ Ինչո՞ւ եք ուշացնում այդ ապստամբած շրջանի միացումը, արդարանալով ինչ-որ Աժդա (Նժդեհ) փաշայի գոյությամբ, օգտագործեք օրհնված միջոցները։ Այն ո՞ր հային երեք միլիոն ռուբլի տաք, որ ձեզ չբերի այդ մարդու գլուխը։ Եթե դուք փողի կարիք ունենաք, հեռագրեցեք՝ կուղարկենք։

Ողջույններով՝ Ասադ Կարաեւ։

Հ.Գ.

Զինվորականներով հարուստ ու հայտնի տեղերում, հայերին թուլացնելու նպատակով, մի ռուս զինվոր սպանեցեք եւ դրանում մեղադրեցեք հայերին։ Իմացած լինեք, թե ինչ կանեն ռուսները։ Զանգեզուր մի թողեք ոչ որեւէ կարգին մարդու, ոչ էլ հարստություն, որպեսզի այդ անիծված ազգն այլեւս չկարողանա ոտքի կանգնել... Ասադ Կարաեւ»

Ահա եւ երկրորդ նամակը.

«Հույժ գաղտնի.

Ղարաբաղի նահանգային հեղկոմ

19 հուլիսի 1920թ.

ք. Շուշի

Գորիսի գավառային հեղկոմին.

Ընկերներ։ Ձեր հաջողություններն ուրախացնում են ինձ։ Մենք բնավ չենք կասկածում, որ Բաքվի կողմից բաց թողնված 100 միլիոնը անօգուտ չի անցնի։ Թող ալլահը օրհնի փողի ուժը, որոնք ավելին են անում, քան զորքերը։ Նրանք, ովքեր գիտեն հայերի հոգեբանությունը, միշտ էլ կիշխեն նրանց վրա։ Չկա մի հայ, որը հանուն փողի չծախի ամեն ինչ։ Այդ ազգը փողից բացի ուրիշ ոչ մի սրբություն չի ճանաչում։ Եվ դրանով պիտի բացատրել լրտեսների ու գործակալների նրանց մեծ քանակը, ոչ մի երկրում չի կարելի անել»։

Ինչպե՞ս կարելի է սեփական ամենաստոր ու նենգ հատկանիշներն ու կեղտերը վերագրել մեկ ուրիշ ժողովրդի, իսկ նրա ունեցվածքը (հող, ջուր, արվեստ, շենք եւ այլն) թալանել, գողանալ՝ անընդհատ մեղադրելով նրան։ Սա երեւի միայն թրքություն է։ Եվ պատահական չէ, որ ժողովրդի մեջ որպես ամենավատ, աններելի հայհոյանք է դիտվում. «Արա, թուրք ե՞ս» արտահայտությունը... Նրանց համար զարմանալի ոչինչ չկա՝ թալանելը տղամարդկություն է։ Ասում են՝ եթե թուրքի երեխայից նրա առաջին գողությունը փորձում ես խլել, հայրը գալիս, երեխայի վերցրածի դիմաց կրկնակի է տալիս, միայն թե երեխայի առաջին «թիքան» չվերցնես... Չէ՞ որ դա նրա «մեծ» ուղու սկիզբն է... Ահա թե ինչպես են աճում մեր հարեւանները։

Հիշենք, թե Էնգելսը ինչպես էր բնութագրում թուրքերին. «Երբ դեռ նրանք գտնվում էին նախնադարյան քոչվորական վիճակում, նրանց առեւտուր անելու մեթոդը քարավան կտրելն էր, այժմ, երբ նրանք մի քիչ ավելի քաղաքակրթված են դարձել, ամենահնարավորը կամայական ու բռնի հարկահանությունն է» (Հ. 1, էջ 25)։ Սակայն, ավաղ, քաղաքակրթությունն էլ շատ անզոր է թուրքի արյան մեջ նախնադարից մնացած հատկանիշները վերացնելու համար, բացի դրանից՝ էլ ի՞նչ թուրք, եթե չթալանի, չգողանա, չավերի...

Մի խոսքով՝ սադրանքները շարունակվում են։ Վերադառնանք ընդհատված զրույցին։ Ստեփանակերտում սպանվածների մեջ մի զինվոր եւս կա։ Ասում են՝ նույն ձեռագիրն է հիշեցնում։ Պարզվում է, որ ինչ-որ մեկը՝ «Նիվա» մեքենայով, ուշ ժամին, Շուշվա կողմից եկել, Ստեփանակերտ է մտել, կրակել է տարբեր վայրերում ու անհետացել, բայց... ո՞ր կողմով։ Ստեփանակերտից դեպի Աղդամ տանող ճանապարհով։ Պարետությունը, ասում են, գիտե, հասցրել է վերցնել մեքենայի համարը... Բայց հավատա՞նք, որ ճշմարտությունը կբացեն, հազիվ, Ադրբեջանի կառավարությունը լավ է խաղում ասադակարաեւական իր ժամանակակից դերերը։ Եվ լենինյան Մոսկվան էլ նրան ծափահարում է։

Արյուն է թափվում Արցախում։ Արյուն, արյուն է կաթում յուրաքանչյուր արցախցու սրտից։ Ի՞նչ անենք, Սերո Նիկոլայի։ Երեւանյան յոթանասունից ավելի կազմակերպությունների իրարամերժ գործողությունները քայքայող պառակտումների մասին են խոսում։ Իսկ հիմա մեզ համար մեր պառակտումը ավելի վտանգավոր թշնամի է, քան մյուս բոլոր թշնամիները միասին վերցրած։ Ո՞նց կարելի է թույլ տալ նման բան, ուղեղիս մեջ չեմ կարողանում տեղավորել։

Հիմա մենք ո՞ւմ դիմենք։ Ամեն օր հայերին զինաթափում են, փոխարենը զինված բանակներ են ստեղծվում ադրբեջանական ազգային ճակատներում, որոնք ընդգրկված են խորհրդային այն գնդերի շարքում, որոնք գործում են Արցախում՝ արցախցիներիս դեմ։ Իսկ այդտեղ՝ Երեւանում, ասում են, առանձին մարդիկ մեկը մյուսից վարչական շենքեր են խլում զենքով... Էդ պայքարը ինչո՞ւ չի մղվում Գորիս-Ստեփանակերտ մինչեւ այսօր փակ ճանապարհի վրա։ Մինչեւ ե՞րբ պիտի մնանք շրջափակման մեջ, մինչեւ ե՞րբ պիտի դիմանանք մի ինքնաթիռային (այն էլ՝ շատ անկայուն) կապով... Մեր բաժինը մի՞թե մինչեւ վերջ էլ (իսկ այդ վերջը չի երեւում) պիտի լինեն խոստումները, սին ու սուտ հույսերը։

Հիշենք, որ մեր տունը հաճախ նման խոստումներն ու հույսերն են քանդում։ Գոնե մենք մեզ չխաբենք։ Արցախի իշխանությունը չի ճանաչվում օրինավոր, անտերության մեջ ենք, ադրբեջանցու ուզածն էլ դա է։ Մոսկվան մեր ձեռքերը կապել է, թուրքինը բաց արձակել մեր տան մեջ, մեր հողի վրա։ Բնակչությունն արդեն ամբողջությամբ ոչնչացման եզրին է։ Էլ առողջություն ու ներվեր չի մնացել։ Իսկ դրա հետեւանքները հղի են մեծ ողբերգություններով։ Անտեսվում, ոտնահարվում են մեր ժողովրդի շահերն ու արժանապատվությունը։ Հալածանքներն ու բռնությունները չափ ու սահման չեն ճանաչում։ Այսպես թողնելն անհնարին է, Սերո Նիկոլայի։ Հենց հիմա պիտի մի բան արվի։ Մինչեւ ե՞րբ պիտի թույլ տանք, որ մեզ կոտորեն։ Մանավանդ՝ փորձ ունենք, թեկուզ՝ տխուր փորձ։ Տխուր այն առումով, որ շարժման ղեկավարները մեծ հալածանքների են ենթարկվել։ Երբ 60-ական թթ. Բագրատ Ուլուբաբյանի, Բոգդան Ջանյանի ու մեր մյուս նշանավոր մարդկանց արտաքսեցին Արցախից, դրանով հարցը չփակվեց։ Ավելին, այն շարունակվում էր հասունանալ նոր ու ավելի հիմնավոր ու կայուն բռնկման համար։ Կեւորկովյան բռնապետության տարիներին, որքան էլ արգելված լիներ Բագրատ Ուլուբաբյանի Արցախում ոտք դնելը, այնուամենայնիվ, նա գալիս էր հաճախակի, առանց այդ մասին բարձրաձայնելու։ Եվ նրան, այսպես ասած, գաղտնի ընդունողը գրողներն էին, առաջին հերթին՝ Հրաչյա Բեգլարյանը։ Եվ մի անգամ էլ, երբ իմացան, որ նրան ընդունել ենք իմ տանը, մեզ կանչեցին բարձրագույն ղեկավարության մոտ (Գ. Գաբրիելյանին, Հ. Բեգլարյանին եւ ինձ) ու խիստ զգուշացրին, որ նման բան չկրկնվի, քանզի նրանք գիտեին, թե որն է մեր զրույցների հիմնական թեման։ Որպես պատասխան, հաջորդ օրը եւս մեր տանը հավաքվեցինք, որը եւ նման էր կառավարությանը «ձեռնոց նետելուն»։ Ի դեպ, ժողովրդի կողմից ճանաչված գրողներ Գուրգեն Գաբրիելյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը, «Խորհրդային Ղարաբաղի» երջանկահիշատակ խմբագիր Լազր Գասպարյանը, որքան էլ ադրբեջանական հալածանքներն անողոք, այնուամենայնիվ, մնացին Արցախում։ Ասեմ, որ Գ. Գաբրիելյանը եւ Մ. Հովհաննիսյանը պատմական երկու նամակների տակ էլ դրել են իրենց ստորագրությունը ՝ որպես ժողովրդի ազնիվ նվիրյալներ, որպես արվեստի ու գրականության հայտնի դեմքեր, որոնց ստեղծագործությունները վաղուց արժանացել են համաժողովրդական ընդունելության։ Այո, այսօր բաց ճակատով կարող ենք ասել, որ մեր գրողների պահվածքը միշտ էլ եղել է շիտակ։ Ընդհանրապես, պիտի ասել, իր բարձրության վրա է գտնվել մեր մտավորականությունը թե՛ Արցախում եւ թե՛ մայր Հայաստանում։ Միշտ՝ ժողովրդի հետ։ Մտավորականության դերը շարժման սկզբում եւ ընթացքում անգնահատելի է։ Հիշում եմ, երբ Ավոյին (չմոռանանք, որ նա մեծ մտավորական էր) հրավիրեցինք Արցախի գրողների միություն, մեզ մոտ էր եւ Բագրատ Ուլուբաբյանը, նա մեզ պատգամեց՝ շատ պզտիկ, փոքրիկ բաներ են պակասում, որ մեր նվիրական իղձերը կատարվեն։ Պիտի ամուր կանգնենք՝ ամեն մեկս իր դիրքում, որ ազգի դիրքն է։

Երբ մենք մեր ձայնը բարձրացրինք, հավատում էինք, թե Մոսկվան ինչ-որ բան կանի՝ հանուն արդարության։ Խաբված ենք։ Եվ, այնուամենայնիվ, մեծ բանի հասանք. այն պարզ ճշմարտությանը, որ ուրիշի վրա հույս դնողը կորած է գլխովին, մենք պիտի մեզ տեր լինենք, մենք պիտի մեզ փրկենք։ Նույնիսկ այն նամակը, որ հղել էինք Մոսկվա՝ երկրի կառավարությանը, այսօրվա աչքով կարդում ու ինքներս մեր միամտության վրա զարմանում ենք։ Այս երկուսուկես տարվա մեջ երկու դարի հասունություն ունեցանք։ Եվ հիմա մեջբերեմ մեր նամակը, որի տակ ստորագրել էինք մարզի մտավորականության մի խումբ ներկայացուցիչներս, դուք կարդացեք եւ եզրակացություններ արեք, տեսեք, թե մեր պայքարը սկզբնական (այս էտապի համար) շրջանում ինչ հավատի վրա էր աճում։

ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՔԱՂԲՅՈՒՐՈՅԻՆ
ԿԵՆՏԿՈՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԸՆԿԵՐ
Մ.Ս. ԳՈՐԲԱՉՈՎԻՆ

Թանկագին Միխայիլ Սերգեւեիչ։

Հայտնում ենք Ձեզ, որ Ադրբեջանում վաղուց արդեն տարվում է հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը ադրբեջանական ճանաչելու կուրսը։ Այդ կուրսը ղեկավարում է պատմաբան, ակադեմիկոս Զիյա Բունիաթովը, որին հետեւում են Ադրբեջանի բոլոր պատմաբաններն ու մտավորականությունը։ Ընդհանրապես, ինքը՝ Զիյա Բունիաթովը, պատմական աղբյուրներից օգտվում է այնպես, ինչպես հարմար է իր համար` շրջանցելով հայ ժողովրդի մասին անգամ համաշխարհային պատմագիտության ճշմարիտ փաստերը։ Նրա համար սովորական երեւույթ է տեղական հայերին եկվորներ անվանելն ու նրանց մշակույթը սեփականացնելը...

Մեկ անգամ չէ, որ հայ եւ ռուս նշանավոր պատմաբանները դատապարտել են Զ. Բունիաթովի այդ վարմունքը։ Սակայն նա համառորեն շարունակում է այդ կուրսը՝ աղվանական ճանաչել հայ միջնադարյան պատմիչներ Մովսես Կաղանկատվացուն, Մխիթար Գոշին, Կիրակոս Գանձակեցուն, բանաստեղծ Դավթակ Քերթողին եւ ուրիշների։ Այդ կարգով նա աղվանական է համարում նաեւ հայ ժողովրդի դարերի ընթացքում թողած նյութական հարուստ մշակույթը, հատկապես Ադրբեջանի կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վանքերն ու խաչքարերը։ Գիտական փո՞րձ է սա։ Ամենեւին՝ ոչ։ Նրա նպատակը մեկն է՝ վերջնականապես կտրել Լեռնային Ղարաբաղի հայերին իրենց ազգային պատկանելությունից՝ մայր ժողովրդի հետ միանալու, նրա տարիների երազանքը խանգարելու համար, Լեռնային Ղարաբաղը առանց հայերի երկրամաս դարձնելու համար։

ԼՂԻՄ-ում ապրող հայերի, նրանց ստեղծած նյութական եւ հոգեւոր հարուստ մշակույթի անտեսումը, նրանց ազգային արժանապատվությունը վիրավորելու փաստերը Ադրբեջանում մի շարք գիտնականների կողմից ստացել է սովորական բնույթ։ Թերթերը, լրագրերը, ռադիոն, հեռուստացույցը, պետական հրատարակչությունները, կինոէկրանները նման պղտոր մտքերն ուղղակի հեղեղում են ամենուր, աղավաղելով փաստերը։ Նման օրինակներով լեցուն պատմական ուսումնասիություն է Զիյա Բունիաթովի խմբագրությամբ լույս տեսած Ֆարիդա Մամեդովայի «Կովկասյան Աղվանքի քաղաքական պատմությունն ու պատմական աշխարհագրությունը» (Բաքու, 1986թ,) դոկտորական դիսերտացիան, որի դեմ էլ իրավացիորեն բողոքել է ՀՍՍՀ ԳԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալբերտ Մուշեղյանը։ Այդ առթիվ ԽՍՀՄ ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Անդրեյ Նիկոլաեւիչ Սախարովի նամակը, որը տպագրվել է «Գրական թերթի» 1987 թվականի օգոստոսի 14-ի համարում, չափազանց զուսպ, գիտականորեն հիմնավորված, միանգամայն ճշմարիտ, միեւնույն ժամանակ գիտնականի ծանրակշիռ խոսք է։ Էլ ով, եթե ոչ ԽՍՀՄ ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտն ու նրա պատմաբանները չպետք է լուծեն նման վեճերը, պարզեն ճշմարտությունը։

Վերջերս Զ. Բունիաթովը Բաքվում տպագրվող «Ադաբիաթ վա Ինջասանաթ» թերթում (1988թ., հունվարի 15) տպագրել է պատասխան հոդված, որը ամբողջովին ներծծված է պանիսլամիզմի թույնով եւ հնչում է որպես հերյուրանք Ալբերտ Մուշեղյանի, Ա.Ն. Սախարովի, այդ վիճաբանության հետ բոլորովին կապ չունեցող Ս. Միկոյանի, ակադեմիկոս-տնտեսագետ Ա.Գ. Աղանբեկյանի, ամենից առաջ հայ ժողովրդի եւ նրա ղարաբաղյան հատվածի՝ պատմական Արցախի հայերի հասցեին։ Ակադեմիկոսը չի խնայել մինչեւ անգամ հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին, որի կենսագրությունը դեռեւս 5-րդ դարում գրել է իր աշակերտ Կորյունը։ Ցավալին ու վիրավորականը այն է, որ Զ. Բունիաթովը առաջնորդվում է թուրքական հետադիմական աղբյուրներով եւ ռեակցիոն գաղափարախոսությամբ ջուր է լցնում թուրք պատմաբանների ջրաղացին։

Զ. Բունիաթովը իր հոդվածում խորհուրդ է տալիս Ս.Ա. Միկոյանին կարդալ իր հոր՝ Ա.Ի. Միկոյանի գրածը Լեռնային Ղարաբաղի մասին։ Իսկ ինչո՞ւ ինքն իր պարտքը չի համարում պրպտել ու կարդալ «Պրավդա» թերթի 1920թ. դեկտեմբերի 4-ի համարում Սերգո Օրջոնիկիձեի ստորագրությամբ հաղորդումը, որ «Ադրբեջանը արդեն երեկ հայտարարել է Նախիջեւանի, Զանգեզուրի եւ Լեռնային Ղարաբաղի հանձնումը հօգուտ Սովետական Հայաստանի»։

Պանթուրքիստական մոլուցքը նրան հասցրել է այն բանին, որ նա այսօր էլ փորձում է պաշտպանության տակ առնել Հայրենական պատերազմի տարիներին հիտլերյան ֆաշիզմի հետ դաշնակցած եւ մինչեւ այսօր էլ ԽՍՀՄ-ի դեմ թշնամական կուրս վարող, ՆԱՏՕ-ի մոլի անդամը հանդիսացող ռեակցիոն Թուրքիային։ Իսկ ֆրանսիական կոմկուսի Կենտկոմի օրգան «Յումանիտե» թերթում ակադեմիկոս Աղանբեկյանի հանդիպումն ու ելույթը որակում է որպես զրույց դաշնակցականների հետ։ Եվ միթե սա սեպ չէ, որ օգտագործվում է ժողովուրդների բարեկամությունը խարխլելու համար։

Իսկ Զիյա Բունիաթովը ի՞նչ կապ ունի ակադեմիկոս Ա.Գ. Աղանբեկյանի հարցազրույցի հետ ընդհանրապես։ Այստեղ հարկավոր է բացել փակագծերը։ Զ. Բունիաթովը լավ գիտե, որ երբ ֆրանսիական կոմկուսի գլխավոր քարտուղար Ժորժ Մարշեն պահանջել է մարդու իրավունքները ոտնահարելու համար Թուրքիային հեռացնել եվրոպական խորհրդից, թուրքական թերթերը սկսել են աղմկել, թե «ֆրանսիական կոմունիստները ռուսներից էլ վատ են»։ Զ. Բունիաթովը շարունակում է թուրքական թերթերի աղմուկը, ֆրանսիական կոմունիստական կուսակցության օրգան «Յումանիտե» թերթի հաղորդումը որակելով որպես դաշնակցականների ավագանու գործ։

Պանիսլամիզմի երդվյալ պրոպագանդիստ Զիյա Բունիաթովի եւ նրա նմանների պատճառով է այսօր Ադրբեջանի հայերի համար ստեղծված ճգնաժամային վիճակը։ Այդ ամենի մասին լավագույն վկայություն են տալիս Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանի հայրենի հայկական գյուղի՝ Չարդախլվում վերջերս տեղի ունեցած չարաբաստիկ դեպքերը։ Այդ վերաբերմունքը գալիս է տարիների հեռվից։ Վաղուց արդեն Բաքվում փակ են բոլոր հայկական դպրոցները, հայկական թատրոնը, մանկավարժական ինստիտուտի հայկական մասնաճյուղը, Ադրբեջանի գրողների միության հայկական սեկցիան։ Իսկ Լեռնային Ղարաբաղում փակել են գրական-գեղարվեստական-հասարակական «Կայծ», «Գրոհ» ամսագրերը եւ «Երիտասարդ բոլշեւիկ» թերթը։ Նախասովետական Շուշիում լույս էր տեսնում 21 անուն թերթ եւ ամսագիր՝ 18-ը հայերեն, 2-ը ռուսերեն, 1-ը ադրբեջաներեն։ Վաղուց չկան 18 հայկական եւ 2 ռուսական պարբերականները։ Ադրբեջանի շատ շրջաններում դատարկվել են հայկական գյուղերը։ Մարզի մտավորականների համար ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ նրանք ստիպված են լինում հեռանալ ծննդավայրից։ Ի դեպ, բացառված չէ, որ այս նամակից հետո կաշխատեն այդպես վարվել եւ մեզ հետ։ Ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանում, դժվար է ասել. մի բան պարզ է, այսօր Ադրբեջանի մտավորականության մի զգալի մասը օգտվում Թուրքիայից ստացած ռեակցիոն գրականությունից, որտեղ իշխում է հակասովետական, հակառուսական եւ հակահայկական պրոպագանդան։ Դրա պակասը լրացնում են Զիյա Բունիաթովները։

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Լենինի հավատարիմ զինակից, հայազգի պրոֆեսիոնալ հեղափոխական, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիմնադրած «Բակինսկի րաբոչի» թերթը այսօր դիտավորյալ կերպով Հայաստանին նվիրված համարներում Հայկական ԽՍՀ գերբից քերել-հանել է սովետների երկրի խորհրդանիշը հանդիսացող աստղն ու հայ ժողովրդի մայր սարը՝ Մասիսը։ Այն, ինչ տարիներ շարունակ երազում են հայոց բիբլիական սարը գողացած թուրքերը։ Եվ պատահական չէ, որ այդ նույն թերթը տարիներ առաջ տպագրեց Արդբեջանի ժողովրդական բանաստեղծ Ռասուլ Ռզայի «Բաբեկ» ստեղծագործությունը, ուր ուղղակի հայերի ոչնչացման կոչ էր արվում։ Այսպես ուր ենք գնում, պարզ չէ մեզ համար։

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը թե տնտեսապես եւ թե կուլտուրապես կտրված է ազգային արմատներից։ Իսկ Դուք Ձեր ելույթներից մեկում իրավացիորեն նշել եք, որ առանց պատմական արմատների ժողովուրդ չկա, առանց արմատի ծառը չորանում, մեռնում է։ Այս էլ, որերորդ անգամ, կացին է բարձրացվում անարդարացիորեն մասնատված մեր ժողովրդի արմատների վրա։ Եվ մի՞թե չկա փրկության ելք. կա, Միխայիլ Սերգեւեիչ, ելքը պատմական Հայաստանի ավանդական մի մասը կազմող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Հայաստանին միացնելն է։


ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՆՔ՝
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ - ԽՍՀՄ գրողների եւ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի անդամ, ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ մարզսովետի դեպուտատ, ԽՄԿԿ անդամ։

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ - ԽՍՀՄ գրողների միության անդամ, ՀԽՍՀ գրողների միության Ստեփան Զորյանի անվան գրական մրցանակի դափնեկիր, Ադրբեջանի կուլտուրայի վաստակավոր աշխատող, «Սովետական Ղարաբաղ» մարզային թերթի բաժնի վարիչ, ԽՄԿԿ անդամ։

ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ - ԽՍՀՄ գրողների եւ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, Ադրբեջանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, «Սովետական Ղարաբաղ» մարզային թերթի բաժնի վարիչ, ԽՄԿԿ անդամ։

ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ - ԽՍՀՄ գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկան, խաղաղության պաշտպանության ԼՂ մարզային կոմիտեի նախագահ, ԽՄԿԿ անդամ։

ՎԻԳԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ - ԼՂԻՄ ժողկրթության մարզային բաժնի վարիչ, ԼՂԻՄ մարզգործկոմի խորհրդի անդամ։

ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆՑ - ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, Ադրբեջանի կոմպոզիտորների միության ԼՂԻՄ բաժանմունքի նախագահ, հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթի դափնեկիր, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիրեկտոր, ԽՄԿԿ անդամ։

ՄԱՐԳՈ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ - Ադր. ԽՍՀ ժողորդական արտիստուհի։

ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆ - Գրող, Ասկերանի շրջանի կուսշրջկոմի օրգան «Կարմիր դրոշ» թերթի խմբագիր, Ադրբեջանի կոմկուսի Ասկերանի շրջկոմի բյուրոյի անդամ, ԽՄԿԿ անդամ։ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ - ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, քանդակագործ, Ադրբեջանի նկարիչների միության ԼՂԻՄ մարզային բաժանմունքի նախագահ։

ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ - Ադր. ԽՍՀ վաստակավոր արտիստուհի։

ԻՍԱՀԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ - ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ադրբեջանի կուլտուրայի վաստակավոր աշխատող, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական թատրոնի գրական մասի վարիչ։ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ադրբեջանի կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի հրահանգիչ։

ԼԵՆՈՐ ՂԱԶԻՅԱՆ - Կուլտուրայի մարզային վարչության պետ, ԼՂԻՄ մարզգործկոմի խորհրդի անդամ։

ԱԼԲԵՐՏ ՍԱՖԱՐՅԱՆ - Երաժիշտ, Ստեփանակերտի արվեստի մանկական դպրոցի դիրեկտոր, ԽՄԿԿ անդամ։

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ադրբեջանի ռադիոհաղորդումների եւ հեռուստատեսության ԼՂԻՄ մարզային կոմիտեի գլխավոր խմբագիր։

ՅՈՒՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ - ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

ԼԵՈՆԻԴ ԶԱԽԱՐՅԱՆ - Ադրբեջանի գեղարվեստի ֆոնդի Ստեփանակերտի մասնաճյուղի ղեկավար, ԽՄԿԿ անդամ։

ԱՌՆՈԼԴ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ - նկարիչ։

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆ - նկարիչ, ԽՄԿԿ անդամ։

ԳՈՒՐԳԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ - ԽՄԿԿ անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

ԲԵՆԻԿ ՕՎՉՅԱՆ - Ադր. ԽՍՀ ժողովրդական արտիստ։

ՆԻԿՈԼԱՅ ԱՎԱԳԻՄՅԱՆ - Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԽՄԿԿ անդամ։


Նամակն ուղարկելուց հետո (ականջդ կանչի, Բակունց Ակսել, նամակ ասացի՝ «Նամակդ» հիշեցի) որոշեցինք հետքերով գնալ, ասել՝ այսպես ու այսպես, ո՞նց կարող է մի ամբողջ պետություն թողնել, որ Արցախում նման անարդար-անազնիվ բաներ կատարվեն։ Գնացինք։ Այս տարվա հունվարին խորհրդային գնդակներով իր տան բակում զոհված տաղանդավոր քանդակագործ Արմեն Հակոբյանն էր, մանկագիր Գուրգեն Գաբրիելյանն էր, բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանն էր, ժողովրդական դերասան Բենիկ Օվչյանն էր, վաստակավոր դերասանուհի Ժաննա Գալստյանն էր, սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհարիկ Սարինյանն էր, կոմպոզիտոր Էդուարդ Ղազարյանցն էր, դերասան Վաչիկ Սարուխանյանն էր եւ ես (ի դեպ, կինս՝ մարզային գրադարանի բաժնի վարիչ Բելա Հակոբյանը եւս մեզ հետ էր՝ խմբից դուրս)։ Ինձ նշանակել էին պատվիրակության ղեկավար։

Երեւանում մեզ ընդունեցին ջերմորեն։ Նախօրոք իմանալով մեր այցի մասին, հայրենասեր տղաները՝ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ, Երեւան-Մոսկվա ինքնաթիռի տոմսեր էին ձեռք բերել։ Տեղավորվեցինք «Սեւան» հյուրանոցի լավագույն համարներում։ Մեզ մոտ եկավ Իգորը։ Հրաշալի մի մարդ ու հայրենասեր, որը արժանի է մեծ սիրո։ Մեր բոլոր փաստաթղթերը վերանայեցինք, ստուգեցինք։ Իգորը, որ այս գործում բավականին աշխատանք էր կատարել եւ գիտեր գրեթե բոլոր ելումուտները, մեզ բավականին ուղղություն տվեց մեր հետագա անելիքներում։ Մի խոսքով՝ մեծ պարտականություններ էինք վերցրել մեր ուսերին, պիտի պատվով տանեինք։ Երեւի, հիշում եք։ Մեր պատվիրակության անդամներից մի քանի հոգու արտակարգ սիրով ընդունեցին Հայաստանի գրողների միությունում, ուր մենք խորհրդակցեցինք մեր խնդիների մասին բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի, արձակագիր Վարդգես Պետրոսյանի եւ ուրիշների հետ։ Մոսկվա մեկնելուց առաջ գրողներս հանդիպեցինք նաեւ արցախյան շարժման հրամանատարի՝ գրող եւ պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի հետ, որի առողջական վիճակն այդ օրերին այնքան էլ բարվոք չէր։ Նա մեզ կարեւոր հարցերի վերաբերյալ մի շարք խորհուրդներ տվեց, մեզ մաղթեց հաջողություններ, պարտավորեցնելով, որ մանրամասների մասին ամեն օր զանգենք իրեն, տեղյակ պահենք գործի ընթացքին։ Այդպես էլ արեցինք, երբ Մոսկվայում եղանք։ Բ. Ուլուբաբյանը այն գրողն ու գործիչն է, որ նույն այդ արցախյան հարցով վաթսունական թվականներին մեկ անգամ չէ, որ մեկնել էր Մոսկվա, հարաբերություններ վարել, աշխատանքներ կատարել։ Բայց, ինչպես միշտ, այդ անգամ էլ գործը ձախողվել էր, ինչպես բանաստեղծ Բ. Ջանյանն է պատկերավոր ասում, ձախ ու զեխ մարդկանց կողմից։ Բագրատ Ուլուբաբյանի խորհրդով զանգեցինք ու մեզ մոտ, «Ուկրաինա» հյուրանոց հրավիրեցինք հրաշալի մարդու ու գիտնականի՝ Հրանտ Եպիսկոպոսյանին, որի գիտական գործունեության առանցքային թեման Արցախն է իր ցավով, պրոբլեմով։

Մեզ անմիջապես այցելեցին մոսկովյան մի շարք նշանավոր հայեր, այդ թվում նաեւ գեներալներ` գործող բանակի։ Ուզում եմ առանձնացնել հատկապես գեներալ Հարությունովի անունը, որովհետեւ Արցախի հարցով նրա արածը շատ մեծ է ու անգնահատելի։ Ուրախացանք, իմանալով, որ միայն Մոսկվայում գտնվող ղարաբաղցի գեներալների թիվը հասնում է 25-ի։ Եթե ըստ բնակչության թվի էլ վերցնելու լինենք, դարձյալ փոքրիկ Արցախն աշխարհում առաջին տեղն է բռնում՝ իր մարշալներով ու հերոսներով։ Բայց, ցավոք, Արցախն էլի մնում է գերության մեջ։


Մի խոսքով, երկար ու բարակ բանակցություններից հետո կարողացանք լինել Կենտկոմի ազգային հարաբերությունների բաժնի (նոր էր այդ բաժինը ստեղծվել) վարիչ Վ.Ա. Միխայլովի մոտ։ Որքան էլ տարօրինակ թվա, սկզբում գաղափար անգամ չուներ նա մեր մարզի ցավի ու հոգսի, բնակչության ազգային խնդիրների եւ այլնի մասին։ Մեզ ընդունեց բավականին ջերմորեն, հուսադրեց, ասաց, որ վերակառացումը հենց նրա համար է, որ նման պրոբլեմները լուծվեն։ Մեղքը նորից ծանրացավ Ստալինի թույլ տված սխալների վրա եւ այլն, եւ այլն։ Մենք խնդրեցինք, որ մեր պրոբլեմի ու ցավի մասին տեղյակ պահեն Մ.Ս. Գորբաչովին։ Խոստացավ։ Հույս կա՞, որ մեր հարցերը կլուծվեն. Գաբրիելյանի այս հարցին նա տվեց այսպիսի պատասխան. «Հույս կա, այն էլ՝ վարդագույն հույս, այլապես ինչու պիտի Կենտկոմին կից ստեղծվեր ազգամիջյան հարաբերությունների բաժին։ Ուրեմն, ազգային պրոբլեմ կա եւ պիտի լուծվի»։

Այդ նույն օրերին, երբ մենք Մոսկվա ենք մեկնել, Ադր. ԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Կոնովալովը եւ կուսակցության մարզկոմի նախկին առաջին քարտուղար Կեւորկովը ամենուր ժողովներ էին կազմակերպում մարզում եւ համոզել էին փորձում մարդկանց, որ... վերակառուցումը սուտ է... Քաղկոմի ակտիվի հավաքում, երբ Կեւորկովը փորձում էր իներցիայով իր քարոզները պարտադրել, Ռազմիկ Պետրոսյանը՝ մեր լավ տղաներից մեկը, կանգնեց ու նրան, ինչպես ասում են, տեղում մեխեց, ասելով, որ սուտ փչոցների ժամանակն անցել է, կուսակցության մարզկոմն այնքան է իրեն կտրել ժողովրդից, որ չի իմանում անգամ, թե մարզկոմի անդամները որտեղ եւ ինչ են անում։ Եվ երբ Կեւորկովը հակառակն է պնդել, Ռազմիկն իմ անունն է տվել ու ասել. «Գիտե՞ք, որ նա Մոսկվայում է հիմա Ղարաբաղի հարցով»։ Կեւորկովը այստեղ Ռազմիկին մեղադրել է, որ նա անտեղյակ բաներ է խոսում, իսկ քիչ հետո, պարզելով իսկությունը, ներողություն խնդրել բոլորի ներկայությամբ։

Վերակառուցման դեմ մի ելույթ, որ ունեցել էր Կոնովալովը Ասկերանում, ձայնագրվել էր։ Պահանջել էինք Ստեփանակերտի մեր տղաներից, որ ուղարկեն մեզ՝ Մոսկվա, ում պետք է՝ հասցնենք, տեղյակ պահենք։ Եվ արդեն ստացել էինք նաեւ այդ ձայնագրությունը (եթե չեմ սխալվում, բերել էր Մանվել Սարգսյանը) ու տվինք Կենտկոմի համապատասխան բաժին։ Կարծում էինք, թե՝ որ արդար ենք, ուրեմն, ամեն ինչ իր հունով կգնա։ Բայց զգում էինք, որ Բաքուն արդեն ամենուրեք մեր ճանապարհին քար էր գցում։ Եղանք նաեւ հայկական դեսպանատանը։ Էդուարդ Հայկազյանը մեզ լավ ընդունեց, հեռախոսով կապվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Դեմիրճյանի հետ, պայմանավորվեց, որ մենք Մոսկվայում սպասենք իրեն, գա ու մեզ հետ հանդիպի։ Այդ մասին պայմանավորվել էինք նաեւ Միխայլովի հետ, որը եւս խոստացել էր կազմակերպել նման հանդիպում։ Բայց, ավաղ... Դեմիրճյանի հետ մեր հանդիպումը չկայացավ։

Սակայն, նախքան մեր վերադարձը, արդեն տեղյակ էինք այն ամենին, ինչ կատարվում էր Արցախում։ Ստեփանակերտցիներն արդեն դուրս էին եկել ցույցի։ Հյուրանոցի մեր համարով մեզ զանգում են Ստեփանակերտից, լսափողը վերցնում ենք։ Մի երկու րոպե բան չենք հասկանում, ապա պարզ լսում ենք «Հայաստան», «Արցախ», «Միացում» վանկարկումները։ Արցախում ժողովուրդը մեկ մարդու պես կանգնած է եւ պահանջում է մայր Հայաստանի հետ վերամիավորում, այսինքն՝ այն, ինչի համար մենք մեկնել էինք Մոսկվա։ Ուրախությունից արտասվում էինք... Ետդարձին, երբ Երեւանում էինք, Հայաստանի գրողների միության նախագահ, ազնվարյուն բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի գլխավորությամբ մեր պատվիրակության պատվին կազմակերպվեց ջերմագին ընդունելություն։ Դա, անշուշտ, Դուք լավ եք հիշում, Սերո Նիկոլայի, ուր հուսո, հավատի եւ անզիջում պայքարի ու մաքառման խոսք էիք ասում Դուք, ապա՝ Վարդգես Պետրոսյանը, այնուհետեւ՝ Ռայա Խասապետյանը, Բակուր Կարապետյանը, ուրիշներ։ Պայքարի սկիզբը դրված էր։ Թե՛ 60-ական թվականներին, թե՛ հիմա ազգային ազատագրական շարժումը թափ առավ Արցախի գրողների միության նշանավոր նամակներով։ Ժողովուրդը ոտքի էր ելել։

Ինչ ասեմ, այս ամենի մասին Դուք քաջատեղյակ եք։ Մենք ոգեւորված վերադարձանք Ստեփանակերտ ու մեր աչքով տեսանք՝ ժողովուրդը շատ էր հավանել պատվիրակներիս ձեռնարկած քայլը, մանավանդ՝ Մոսկվայից հղած մեր հուսադրական հեռագրերը ոգեւորել էին մարդկանց։ Մեզ պատմեցին, թե կուսակցության մարզկոմի ու քաղկոմի ակտիվում ինչպես էին մեր ընկերները հանդես գալիս ու պաշտպանում մեր ձեռնարկած գործը։ Մի խոսքով՝ ժողովրդական շարժման ալիքն արդեն բարձրացել էր... Ակտիվացել էին նույնիսկ նրանք, ովքեր հրաժարվել էին նամակի տակ ստորագրել։ Սա մեզ շատ ոգեւորեց, ուրախացրեց։

Սակայն գլխավոր ձեռնարկումը դեռ առջեւում էր։ Երբ մենք նամակի տակ ստորագրություն դնելու հարցով դիմել էինք ժողկրթության մարզային բաժնի վարիչ Վիգեն Հայրապետյանին, նա մեզ խորհուրդ էր տվել՝ ստորագրելը կստորագրեմ, է, դա, իր հերթին, բայց ճիշտ կլինի մարզային նստաշրջան հրավիրենք ու հարցը ինքներս լուծենք... Մոսկվայում այդ նույն խորհուրդը տվեց եւ խիստ պատվիրեց, որ նստաշրջանն առանց ուշացնելու հրավիրենք, նաեւ Հրանտ Եպիսկոպոսյանը։ Ուրեմն, մնում էր, որ մարզսովետի նստաշրջան հրավիրենք։ Լենինի հրապարակում ցույցերը չէին դադարում։ Արկադի Մանուչարովը եւ ես մեզ մոտ հրավիրեցինք Հենրի Պողոսյանին, այն ժամանակ մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ էր։ Նա մեզ նստաշրջանի վարման կարգն ու ձեւերը բացատրեց, ապա թելադրեց ու Ժաննա Գալստյանը լրիվ գրի առավ վարման պլանը։ Մարզային ղեկավարներն այդ ժամանակ դեռ ակտիվորեն չէին մասնակցում մեր գործողություններին։

Ստացանք անհրաժեշտ բոլոր պահանջագրերը դեպուտատներից արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին։ Կարծես թե ամեն ինչ ճիշտ էր գնում։ Բայց, ահա, մարզսովետի գործկոմի նախագահ Օսիպովը ասում էր այն, ինչ կարգադրում էր Կեւորկովը։ Մի քանի անգամ, մի խումբ բանվոր դեպուտատների հետ, մտանք Օսիպովի մոտ, բացատրեցինք, հասկացրինք, բայց էլի... չհասկացավ։ Մեզ անընդհատ խաբում էր, մինչեւ ե՞րբ։ Որոշեցինք առանց իրեն նստաշրջան անցկացնել։ Պատասխանատու գործ ենք ձեռնարկել, ինքներս էլ պիտի տեղ հասցնենք... Եվ ահա գալիս է փետրվարի 20-ը։ «Խորհրդային Ղարաբաղի» խմբագրության՝ Գ. Գաբրիելյանի սենյակում նստած, կազմում էինք այն դեպուտատների ցուցակը, որոնք հասցնում էին ինչ-որ ձեւով ընկնել մարզկենտրոն։ Պետք էր քվորում ապահովել։ Ճանապարհները փակ էին։ Դեպուտատներից շատերը մոտակա գյուղերից գալիս էին ոտքով, ձիով։ Ծմակներով։ Ինչպես որ ստացվում էր։

Ուրեմն՝ պինդ ենք ու անհաղթ, ուրեմն՝ մեր գործին վախճան չկա... Մի բանի մասին էլ ուզում եմ խոսել։ Տեղը չէ, երեւի, բայց որ միտս է եկել, պիտի ասեմ... Մեր ֆիդայիների մասին քիչ է գրվել։ Այս պակասը պիտի լրացվի։ Հատկապես Սոսեի մասին։ Այդ բացառիկ խելքի ու ուժի ֆիդայուհու կերպարը, որ այսօր շատերին է ներշնչում, պիտի ամենագունեղ գծերով ներկայացվի մեր արվեստի մեջ։ Բոլորիս պարտքն է։ Նման մի բան ես արդեն անում եմ։ Դա ինձ հուշում է մեր անվեհեր արցախուհիների օրինակը, բայց չգիտեմ՝ ինձ մոտ կստացվի՞, թե չէ։ Բանաստեղծությունների ժողովածու եմ պատրաստում՝ «Սոսե» վերնագրով։ Տեսնենք։ Խառն ընթացող օրերում մի կերպ եմ ժամանակ գտնում՝ գրիչ վերցնելու։ Միեւնույն է, սակայն, մենք պիտի հասցնենք անել մեր բոլոր գործերը։ Ուրիշ ելք չկա։

06.06.90 թվական


Խոսքս այստեղ ընդհատվել է ոչ իմ մեղքով։ Մի քանի օր գրիչ չէի վերցնում։ Ներեցեք, խնդրում եմ, որ պատմությունս շեղումներով է ստացվում։ Մի քանի օր առաջ Արցախ էր եկել Ադրբեջանի պրեզիդենտը՝ Մութալիբովը։ Եվ ի՞նչ։ Զենք ու զորքով շրջապատված՝ ապահովության համար, մտել է թուրքաբնակ գյուղերը, սիրտ տվել իր ցեղակիցներին ու ասել, որ հայերը Արցախում հյուրեր են, կենվորներ, դուք պինդ մնացեք, տներ կառուցեք... Ապա նույն կերպով մտել է Ստեփանակերտ՝ անպայման ավտոմատների խիստ վերահսկողությամբ, հասել նախկին մարզկոմի շենքը (այդ շենքը շինող վարպետը մեր գյուղացի Սիմոնն է եղել, մտքովն անգամ չի անցել, որ կարող էր իր դրած պատերի ներսում իր ժողովրդի դեմ դավ նյութվեր երբեւէ), հավաքել գլխին սաֆոնովյան զորականներին ու մեդալներ բաժանել... Այդ մասին երեկ հաղորդեց նաեւ «Ժամանակ» ինֆորմացիոն ծրագիրը, հաղորդեց անամոթաբար, փաստերը խեղաթյուրելով... Նույնիսկ նշեց, որ Արցախում մեքենաներ են ջարդել, սակայն մի բերան չզորեց ասել, որ այդ մեքենաներից մեկում տանում էին մարտակերտցի մի գողացված տղայի, որ բանակից նոր էր զորացրվել։ Տանում էին խորհրդային զինվորները՝ հազարական ռուբլի կաշառք ստացած լինելով թուրքերից... Այսպես է, ահա, վիճակը...

Մեդալներ ու շքանշաններ, գումարներ են հանձնվում զինվորականներին, ոգեւորում են նրանց, որ ավելի անմարդկային լինեն մեր հանդեպ։ Եվ լինում են... Բայց մենք դիմանում ենք ու էլի դիմանալու ենք, քանզի անմարդկայնություն տեսնելը մեզ համար դարձել է սովորական եւ զարմանալի էլ չի նույնիսկ... Պոլյանիչկոն քաբուլյան «թրծվածք» ունի, մեր երկրի շատ ու շատ ջահելների գլուխն այնտեղ ուտելուց հետո Բաքու, ապա Արցախ է եկել՝ ցուցաբերելու Քաբուլի կռվում ձեռք բերած ստոր ու նենգ միջոցները... Մտածում եմ՝ ինչո՞ւ հասարակ ռուս ժողովուրդն ինքն իր ձեռքով չի պատժում իր անունը խայտառակող նման աճպարարներին։ Ի դեպ, վերջերս (2.06.90թ.) «Կոմսոմոլսկայա պրավդան» բավականին դիպուկ է բնութագրել այդ Պոլյանիչկոյին. «Դրա համար չէ՞, արդյոք, Նաջիբուլայի նախկին խորհրդատու, Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի ներկայիս երկրորդ քարտուղար Վ. Պոլյանիչկոն, որ նոր էր վերադարձել Աֆղանստանի հանրապետությունից, 1989 թվականի ամռանը Ադրբեջանի ժողովրդական ճակատի վարչությանը խորհուրդ տալիս գունազարդել իր ծրագիրը, նախընտրելով կապույտ-կանաչ գույները, այսինքն նրա մեջ մտցնել թուրքական եւ իսլամական մոտիվները։ 1989թ. դեկտեմբերից մինչեւ 1990թ. հունվարը Նեմաթ Փանահովը եւ նրա կողմնակիցները՝ թե՛ լսելով երկրորդ քարտուղարի խորհուրդները, թե՛ որոշելով ինքնուրույն, սկսեցին «ուժեղացնել» իսլամական եւ թուրքական մոտիվները...»։ Այդ մոտիվներն էլ ի վերջո հանգեցրին Բաքվի հայության նոր ջարդերին, որտեղ դարձյալ խորհրդային բանակի անտարբեր ու չեզոք թողտվությունը մեղքի մեջ իր սեւ բաժինն ունի։ Ֆոտեեւը նորից Ստեփանակերտում է։ Մի քանի օր է արդեն, սակայն չի երեւում։ Երեկ Մոսկվայից վերադարձավ նաեւ մարզգործկոմի նախագահ Ս.Հ. Բաբայանը։ Հանդիպեց Ֆոտեեւի հետ, Ֆոտեեւի խմբից մի քանի հոգի էլ, երեւի, այսօր գան։ Տեսնենք։ Ուզում ենք Ֆոտեեւի միջնորդությամբ օրինականացվի մեր մարզգործկոմի վերականգնումը։ Բաքուն չի ուզում։ Սաֆոնովը չի ուզում։ Մոսկվայի «լռությունը» թուրքամետություն ունի ընդգծված։ Ի՞նչ կլինի։ Ես արդեն, շատերի հետ միասին, մի օր առաջ գրավոր դիմել եմ մարզգործկոմի խորհրդին՝ նստաշրջան հրավիրելու պահանջով։ Նախ՝ պետք է մերժվի հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը՝ Խոջալլուն քաղաք դարձնելու, ադրբեջանական գյուղերում վարչական միավորումներ ստեղծելու եւ այլնի մասին, ապա պիտի քննարկվի մարզի ներկա իրավիճակը՝ համապատասխան քայլեր անելու, նոր միջոցների դիմելու համար։

Տխուր բաներ շատ եմ ասում, Սերո Նիկոլայի։ Ի՞նչ արած։ Մխիթարականն այն է, որ մեր ժողովուրդը աննկուն է ու ամուր, ոչ միայն չի զիջում, չի նահանջում, այլեւ, գնալով, դառնում է ավելի վճռական, ավելի փորձառու, ավելի անսխալ... Հարյուր անգամ իմ ձեռքով գրած կլինեմ, որ արցախցին իր լեռան պես ամուր է, բայց միայն հիմա եմ հասկանում, որ, ընդհակառակը, լեռն է արցախցու պես ամուր։

07.06.90 թվական

Անցնենք մեր բուն նյութին, թեեւ հայը ինչի մասին էլ խոսի, բուն նյութ է։ Ուրեմն, երբ արդեն բավականին թվով դեպուտատների ներկայությունն ապահովեցինք մարզգործկոմի դահլիճում, ես եւս գնացի մարզգործկոմ՝ խմբագրության շենքում թողնելով Արկադի Մանուչարովին, Ռազմիկ Պետրոսյանին, Հրաչյա Բեգլարյանին, Գուրգեն Գաբրիելյանին, Ժաննա Գալստյանին, մեր մյուս ակտիվ մարդկանց... Հրապարակում մարդկային ծով էր... Մարդիկ գիտեին արդեն, որ ղեկավար դեպուտատներից մի քանիսը հրաժարվել էին նստաշրջանին մասնակցելուց՝ դրա հետ ոչ մի հույս չկապելով կամ զգուշանալով (նախկին իներցիայով)։ Սակայն կարեւորն այն է, որ ժողովրդական շարժումը գնալով ավելի մեծ թափ էր վերցնում։ Ինչ անում էր՝ ժողովուրդն էր անում։ Եվ հիմա էլ նույնը։

Նախաձեռնող խումբը ինձ էր հանձնարարել նստաշրջանի անցկացումը։ Մեր հայրենասեր տղաներից մեկը՝ Արմո Ծատուրյանը (քվորումն ապահովելու նպատակով) ցուցակագրում էր ներկայացող պատգամավորներին ու ինձ տեղյակ պահում նրանց հաճախումների մասին։ Ես հեռախոսով կապվում էի նախաձեռնող խմբի հետ՝ հինգ րոպեն մեկ, նրանց ներկայացնում իրավիճակը։ Քվորումի ապահովումը հարցերի հարցն էր, եւ այս գործում մեծ ու անուրանալի աշխատանք ծավալեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ի դեպ, նրանց համագործակցված ու նպատակամետ գործունեությունը վճռական նշանակություն ունեցավ նաեւ շարժման, որի անսխալ առաջնորդներն են, հետագա ծավալումների ընթացքում։ Քվորումն ապահովված է։ Դահլիճում, հրապարակում հավաքված ժողովրդի ձայնն էր տիրում ու ոգին։ Մի քանի անգամ ինձ կանչեցին կուսակցության մարզկոմ, չգնացի, այնտեղ էր Ադրբեջանի վերնախավը՝ Բագիրովի գլխավորությամբ։ Վերջինս ուզում էր ինձ հետ խոսել։ Լսել էի, որ խնդրում, սպառնում, ամեն ինչի դիմում էր՝ ամենաբարձր պաշտոններ առաջարկելով սրան-նրան։ Ես որոշեցի չգնալ նրա մոտ, քանի որ ժողովրդի կողմից նստաշրջանն անցկացնելու հանձնարարության կատարմանն արդեն ձեռնամուխ էի եղել։ Եվ չէի գնա, բայց երբ երրորդ թե չորրորդ անգամ ասացին, որ Եղիշե Սարգսյանն է հրավիրում (վերջինս մեզանից էր), խորհրդակցելով նախաձեռնող խմբի հետ, գնացի։ Բագիրովի հորդորները, խնդրանքները, ապա՝ սպառնալիքները՝ խիստ արեւելյան գունագեղությամբ, իզուր անցան։ Թողի, վերադարձա մարզգործկոմ, որ նստաշրջանն սկսենք։

Արդեն շատ ժամանակ է անցել։ Պիտի սկսենք։ Ասում են՝ հանրապետության ղեկավարությունը եւս ուզում է մասնակցել, քիչ էլ սպասենք։ Սպասում ենք, մասնակցում են՝ մասնակցեն, ի՞նչ կա որ։ Եվ ահա, գալիս միանգամից, գրավում են նախագահությունը։ Մոսկվայից էլ Կենտկոմի պատասխանատու աշխատող Կոնդրատեւն էր։ Բառերով հնարավոր չէ նկարագրել, Սերո Նիկոլայի, թե նրանք ինչերի էին դիմում, որ մեր նստաշրջանը տեղի չունենա։

Խոսք վերցրեց Բագիրովը, նշեց որ իսկապես արցախցիների բողոքն ու դժգոհությունները տեղին են, որ տարիներ շարունակ պրոբլեմները կուտակվել են Արցախում, որ իրենք շատ ու շատ սխալներ են թույլ տվել, որ... Մի խոսքով՝ արեւելյան ոճի փայլուն օրինակ։ Ապա ընդգծեց, որ իրենք պատրաստ են թերությունները վերանայելու վերակառուցման շրջանում, իսկ ինչ վերաբերում է նստաշրջանին, այն իրավունք չունի Հայաստանի հետ մարզը վերամիավորելու հարց քննարկել, մանավանդ` Մոսկվան նման հարցերով չի զբաղվել ու չի զբաղվի։ Ես իսկույն տեղից վեր կացա եւ ասացի, որ մի քանի օր առաջ ինքս եմ Մոսկվայում եղել եւ Կենտկոմում ազգային խնդիրների լուծման համար արդեն հատուկ բաժին է ստեղծվել, նշեցի, որ Բաքուն մշտապես խաբել է մեզ եւ այսօր էլ դա շարունակվում է, յոթանասուն տարվա խոստումներից բավականին կուշտ են արցախցիները։

Բագիրովից հետո խոսք է վերցնում Կոնդրատեւը եւ ասում այն, ինչ ասաց Բագիրովը։ Այս ամենը թատրոն էր հիշեցնում, իհարկե, Բագիրովի եւ Կեւորկովի գրած սցենարով։ Սակայն նրանք դեմ էին առնում անանցանելի պատնեշների։ Արցախցի դեպուտատները անզիջում էին։ Մեկը մյուսի ետեւից ելույթ էին ունենում մարզխորհրդի դեպուտատները։ Ես վերջացնում էի խոսքս, ելույթ էր ունենում վետերանների խորհրդի նախագահ Մ. Խաչատուրովը, նրանից հետո քաղաքացիական շտաբի պետ Է. Բաբայանը, ապա՝ ժողկրթության մարզբաժնի վարիչ Վ. Հայրապետյանը, բանվոր-բանվորուհիներ, հողի պարզ ու ազնիվ եւ տարիներ շարունակ թուրքերի ձեռքից վառվող մարդիկ... Հաճախ ստիպված էինք լինում յուրաքանչյուրս չորս-հինգ անգամ ելույթ ունենալ։

Ժամերը գնում էին։ Ժողովուրդը դրսում ծովացած պահանջում էր՝ սեսիա... Մոսկվայից ու Բաքվից եկած պաշտոնավորները կորցրել էին իրենց գլուխները, չգիտեին ինչ անեին, ինչի դիմեին, օդը չէր հերիքում տեղի կեւորկովականներին։ Շրջկոմների առաջին քարտուղարներից, շրջգործկոմների նախագահներից, մարզային ղեկավարներից շատերը, որոնք մարզխորհրդի դեպուտատ լինելով հանդերձ, մինչ այդ չէին համարձակվել գրանցվել, հիմա եկել ու նստել էին առաջին շարքում։ Բագիրովը, տեսնելով, որ անվերադարձ տանուլ է տալիս, դիմում է առաջին շարքում նստածներին, որ նրանք եւս մի խոսք ասեն, որ իրեն պատվար դառնան, բայց իզուր... Ոչ ոք հակված չէր մազաչափ անգամ նրա կողմը թեքվել... Բագիրովը նույնիսկ անուններով դիմեց կուսշրջկոմների քարտուղարներից մեկին-երկուսին, որ վեր կենան, խոսք ասեն, բայց նրանք իրենց գլուխներն անգամ չբարձրացրին...

Երբ մենք ելույթներ էինք ունենում, Կեւորկովը, նստած Բագիրովի ականջի տակ, թարգմանում էր մեր խոսքը։ Տեսնելով, որ երկու ժամից ավելի ժամանակ է անցել եւ «ղեկավարները» նստել են նախագահությունում ու միտք չունեն դուրս գալու՝ նստաշրջանը տապալելու նպատակով, նորից խոսք խնդրեցի։ Տեսնեիք, Սերո Նիկոլայի, թե այդ Բագիրով կոչվածը ինչպիսի քծնանքով ու արեւելյան շողոքորթությամբ էր այդ պահին վերաբերվում մեզ հետ... Բարձրանալով տեղից, ասացի, որ պիտի խոսեմ միայն հայերեն... Բագիրովը տեղն ու տեղը «հովանավորում» է, ասելով՝ խնդրեմ, խնդրեմ, մեծ սիրով կլսենք... Եվ այնպիսի տոնով էր ասում, կարծես «դեմոկրատիայի» ամբողջ ուժը ցանկանում էր տեղավորել իր այդ մի հատիկ «խնդրեմ» բառի մեջ։ Դա դահլիճում հումորիկ ժպիտ առաջացրեց։ Եվ ով-ով՝ արցախցիներս գիտենք, թե որքան անթույլատրելի էր մինչ այդ Բաքվից եկած որեւէ ներկայացուցչի ներկայությամբ հայերեն շշնջալն անգամ։

Ինչեւէ։ Խոսքս հիմնականում սա էր. «Սիրելի արցախցիներ։ Դուք տեսնում եք, որ արդեն երկու ժամից ավելի է, ինչ ընկերները նստած նախագահությունում, ամեն կերպ փորձում են խանգարել մեր նստաշրջանի աշխատանքները։ Սակայն նրանք չունեն դրա իրավունքը։ Օրինական կարգով մենք նստաշրջան ենք հրավիրել եւ ոչ ոք իրավունք չունի մեզ խանգարելու։ Այդ իրավունքը չէր ունենա անգամ երկրի ղեկավարը, եթե այսօր լիներ այս դահլիճում, այնպես որ, եթե մի շաբաթ էլ մենք մնալու լինենք այս դահլիճում, պետք է մինչեւ վերջ պայքարենք ու մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորման մասին որոշումը կայացնենք։ Այլապես պատմությունը մեզ չի ների, մեզ չի ների մեր հերոսական ժողովուրդը, որի ձայնն անընդհատ մեր սրտում է ու ականջում։ Վերջապես չենք ների ինքներս մեզ։ Ուրեմն, նախագահությունում նստածներին՝ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամներին, Մոսկվայից ժամանած պատասխանատու աշխատողներին, մի խոսքով բոլորին, որոնք նախագահությունում են, մենք՝ դեպուտատներս, հրավիրում ենք մնալ ու մասնակցել մեր նստաշրջանին՝ եթե ցանկանում են, իսկ եթե չեն ուզում, առաջարկում ենք՝ հենց հիմա թողնել դահլիճը եւ մեր նստաշրջանի աշխատանքները չխանգարել»... Մենք, իհարկե, գիտեինք, թե այս ամենը որքան ծանր կնստի մեզ վրա, բայց ոչնչի առաջ չէինք կարող կանգ առնել, որովհետեւ ուրիշ ճանապարհ չկար, արդեն «դանակը ոսկորին է հասել»։ Այսպես, իմ ելույթը ադրբեջաներեն թարգմանելով՝ Կեւորկովը փսփսում էր Բագիրովի ականջի տակ... Հանկարծ Բագիրովը վեր է թռչում տեղից, թե՝ ընկերներ, դուք նստաշրջան հրավիրելու կարգն ու կանոնը չգիտեք, չէ՞ որ ձեր մանդատային հանձնաժողովը այստեղ չէ, բացակայում է եւ դուք իրավունք չունեք առանց դրա նստաշրջան հրավիրել... Ես պատասխանեցի, որ ամեն ինչ նախատեսված է, մնում է միայն, որ իրենք մեզ չխանգարեն։ Ու նստեցի։ Ճիշտն ասած, ըստ իմ սովորության, ժողովներից անգամ հեռու էի մնում, էլ ո՞ւր մնաց նստաշրջաններ վարել... Հենց այդ պահին ինձ մոտենում է մասնագիտությամբ իրավաբան Կարեն Բաբուրյանը եւ ասում.

-Կարգն այսպիսին է. եթե մանդատային հանձնաժողովի անդամները կամ նախագահը չեն ներկայանում նստաշրջանին, դեպուտատներն ընտրում են մանդատային նոր հանձնաժողով, որը եւ ընտրում է իր նախագահին։ Ապա, նրանք, ուսումնասիրելով համապատասխան փաստաթղթերն ու դեպուտատների քանակային մասնակցության տոկոսը, օրակարգին ներկայացվող հարցի դրվածքը, հայտարարում են՝ նստաշրջանն իրավունք ունի սկսելու իր աշխատանքը, թե չէ...

Մանդատային հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի անդամներից չորսը (հիմա չեմ հիշում՝ ով) նստաշրջանին չեն եկել Կեւորկովի պահանջով եւ ցանկությամբ... Դժբախտաբար, Սերո Նիկոլայի, մեր մեջ էլ մարդիկ կային, որ դեպքերի ընթացքին նայում էին ուրիշի աչքերով, եւ որովհետեւ սովոր էին միշտ «ծանր հակին նստել», այս շարժման սկզբում շշմել էին՝ չիմանալով ոնց կողմնորոշվել, ում կողմն անցնել։ Հետո, իհարկե, ժողովրդական հզոր ալիքը շատ բան պարզեց։

Եվ այսպես, Կարեն Բաբուրյանից եւ ապա վերջում նստած Հ. Պողոսյանից ճշգրտումներն իմանալով, նորից հայտնվում եմ ամբիոնի մոտ, գրեթե այն ժամանակ, երբ իր «խնդրառական» ոճին շարունակում էր տուրք տալ Բագիրովը։ Դահլիճում նստած դեպուտատներին տեղյակ եմ պահում, «Քիչ առաջ ասացին, որ մանդատային հանձնաժողովի նախագահը բացակայում է, անդամներից եւս բացակա մարդ կա... Բայց դա մեզ արգելք լինել չի կարող։ Նման դեպքերում, ըստ սահմանադրական կարգի, մենք՝ դեպուտատներս իրավունք ունենք մանդատային նոր հանձնաժողով ընտրել, հանձնաժողովը կընտրի իր նախագահին եւ... եւ ամեն ինչ կգնա իր հունով»։ Դահլիճն ուրախ ծափահարում է։ Ես խոսքս վերջացնոմ եմ այսպես. «Իսկ մեր հյուրերը (ցույց եմ տալիս նախագահությունը) իրենք թող որոշեն՝ ուզում են՝ մնան, չեն ուզում՝ գնան... Մենք հիմա սկսում ենք մեր աշխատանքները»։ Ես դեռ ամբիոնի մոտ էի, երբ լսելով մեր վճիռը, Բագիրովը տեղից վեր ցատկեց նյարդայնացած, թե՝ դե լավ, ընկերներ, այդ դեպքում հայտարարում եմ հինգ րոպե ընդմիջում։ Բայց նրանք ի՞նչ իրավունք ունեին ընդմիջում հայտարարելու կամ չհայտարարելու, մտածում էինք, փորձեցինք ընդդիմանալ, բայց մեկ էլ ասացինք՝ լավ շունչ առնենք մենք էլ, որոշ հարցեր էլ կան, մեզ համար ավելի պարզ դարձնենք ու շարունակենք մեր գրոհը...

Կային եւ ղեկավարներ, Սերո Նիկոլայի, որոնք մինչեւ այդ չէին գրանցվել՝ նստաշրջանին մասնակցելու, մանավանդ այն ժամանակ, երբ մեկ դեպուտատի մասնակցությունն անգամ կարող էր վճռական լինել քվորումի ապահովության համար, մոտենում էին ինձ ու ասում՝ մենք էլ ենք եկել... Ընդմիջման ժամանակ որոշ պարզաբանումներ ենք անում, մանդատային հանձնաժողովի համար նախատեսում ենք համապատասխան թեկնածուների ու սպասում... անցնում է հինգ րոպե, տասը րոպե, բայց ինքնակոչ «նախագահությունը» չի գալիս... Նստաշրջան հրավիրելիս քիչ վեճեր, կռիվներ չենք ունեցել մարզգործկոմի նախագահ Վլ. Օսիպովի հետ։ Կուսակցական «կրախմալը» դեռ ուղիղ էր պահում շատերին ու շատերի «գալստուկները»։ Հետո շարժումն ամեն ինչ, իհարկե, կարգավորեց, առաջին իսկ օրերից հասանք նախանձելի միաբանության, որը սակայն, ցավոք, հետագայում ունեցավ ջրգողության պահեր... Բայց դա ուրիշ ժամանակի զրույց է։

Երբ «նախագահությունն» ուշացավ, ես փորձեցի նստաշրջանի աշխատանքները բաց հայտարարել ու սկսել մեր գործը։ Այդ պահին ինձ մոտեցան մարզարհմիության խորհրդի նախագահ Սերգեյ Դավթյանն ու մարզսոցապի վարիչ Գրետա Սահակյանն ու ասացին. «Միեւնույն է, նրանք արդեն իրենց դասը ստացել են, ուր որ է կգան ու կգնան՝ կկորչեն այստեղից... Մի քանի րոպե էլ սպասենք»։

Լսեցի նրանց։ Իսկ ի՞նչ էին անում մեր «ընդմիջման» հեղինակները, վերեւականները, այսպես ասած։ Մարզգործկոմի նախագահի սենյակից կապվել էին Մոսկվայի հետ, վիճակը ներկայացրել միանգամայն շրջված ձեւով, թելադրել Բագիրովա-Կեւորկովյան ինչ-որ դեղատոմս-դրույթներ, որոնք տառացիորեն հաջորդ օրը պիտի դառնային Կենտկոմի նոր որոշման հիմքը եւ շարունակում էին ուղիներ փնտրել։ Կանգ էին առել այն կետի վրա, ըստ որի պետք է ԽՄԿԿ Կենտկոմը որոշում հանի ու դնի քարտուղարներից մեկի-երկուսի ձեռքին, ուղարկի Ստեփանակերտ, ասի գնացե՛ք, տեսե՛ք էդ մարդիկ ինչո՞ւ են աչքները բաց արել, որոշման լաթով նորից պինդ փակեցեք նրանց աչքերը ու եկեք։

Իսկ Արցախը եռում էր։

Որոշ ժամանակ չանցած, նորից նախագահությունը իր տեղը գրավեց։ Բագիրովը արեւելակուսակցական ու կուսակցականաարեւելյան մի ճառ էլ ասաց, նույնը կրկնեց Կոնդրատեւը։ Բայց վերջինս, որ ըստ մեզ հասած տվյալների ալիեւյան կողմնորոշման, ադրբեջանամետ կադր էր, կարծես ինչ-որ բան հասկանում էր, այսինքն այն, որ ժողովրդական նման հախուռն ընթացքի առաջն առնել ինչ-որ ճառերով հնարավոր չէ։ Հասկացավ, թե մեզ թվաց, այսպես թե այնպես, իր ճառը կարճ կապեց։ Նորից Բագիրովը կանգնեց տեղում, նորից փորձեց դեպուտատներին համոզել, պառակտումների փորձերի դիմեց ու ծիծաղելի վիճակ ընկավ... Եվ երբ արդեն գրեթե խնդրում էր, որ մեկը վեր կենա եւ իր հետ համաձայնության մի խոսք ասի, ես ձայն խնդրեցի... Արեւելյան «սիրով» (աչքին գրող էի դարձել արդեն) խոսքը տվեց ինձ։ Ես ասացի միայն մի քանի բառ.

-Բավական է, թույլ տվեք մեր նստաշրջանը սկսել...

Դեպուտատները սկսեցին ծափահարել, որպես համաձայնության նշան եւ միաժամանակ այդ ծափերով դուրս էին հրավիրում անկոչ «նախագահությանը»։ Բագիրովը սմքած-սմքած, կատաղած-կատաղած թեւերը տարածեց ու ուսերը վեր թոթովելով մի քիչ մնաց, ապա ծամածռված շուրթերի արանքից թուրքական ռուսերենով ասաց. -Նու, լաթնը, թասվիթանի...

Այդ «թասվիթանին» արցախահայության մեջ թուրքական դարավոր ատելության, հոխորտանքի, հայերիս նկատմամբ յոթանասուն տարիներ ի վեր կիրառվող ու կիրառվելիք բարբարոսությունների հիշեցում էր։

Դեռ նրանք բոլորը չէին հասցրել նախագահության ետին դռնով դուրս գալ, երբ առաջարկություն արեցի մանդատային հանձնաժողով ստեղծելու մասին։ Տրվեցին համապատասխան առաջարկություններ։ Մանդատային հանձնաժողովի նախագահ ընտրվեց շինանյութերի կոմբինատի առաջավոր մի բանվոր՝ Ալեքսանդր անունով։ Նա գործի անցավ։ Մի քանի րոպե հետո մանդատային հանձնաժողովի նախագահը հաղորդեց, որ նստաշրջանը լիազորված է` իր աշխատանքները սկսելու։ Ես բացում եմ նստաշրջանը եւ առաջարկում նստաշրջանի աշխատանքները վարելու համար նախագահ ընտրել դեպուտատ Վիգեն Հայրապետյանին։ Ընտրվում է նաեւ քարտուղար։ Վիգեն Հայրապետյանը գործի է անցնում։ Նա անմիջապես ինձ կանչում է ու ականջիս տակ շշնջում.

-Պա զեկուցողը հուվա իննական... մընըռնաս քիցալընք...

Իսկապես, այդ մասին մոռացել էինք։ Ասում եմ՝ կզեկուցեմ ինքս։ Ու Վիգեն Հայրապետյանը զեկուցման համար խոսքը տալիս է ինձ։ Կարծում եմ, պետք չէ լրիվությամբ մեջբերել խոսքս, բայց քսան րոպե խոսում եմ այն ամենի մասին, ինչի մասին 70 տարի խոսում ենք, ինչի մասին լռում ենք, ինչի մասին գիտե ամբողջ աշխարհը, ինչը իր հոգում մշտապես զգում է բազմադիմացկուն արցախցին։ Ապա մեկը մյուսի հետեւից ելույթ են ունենում մեր դեպուտատները։ Նրանց խոսքերից, Սերո Նիկոլայի, կրակ էր թափվում։ Իսկ մի հարս, որ զգեստի տակ թաքցրած թուր ուներ, կենտրոնական նստարանին էր նստել ու ամբիոնին մոտենալու հնարավորություն չուներ, տեղում կանգնել, դարձել էր կրակե մրրիկ...

Քսանից ավելի դեպուտատներ խոսք ասացին, քսանից ավելի դեպուտատներ, չհասցնելով իրենց խոսքն ասել (ժամանակը գնում էր, գիշեր էր արդեն), գրավոր ելույթներ հանձնեցին... Քառասունից ավելի ելույթներ։ Երեւի դա առաջին նստաշրջանն էր յոթանասուն տարում, ուր, հիրավի, դեմոկրատիա կար, ուր ձեւական ոչինչ չկար, ամեն ինչ պարզ էր ու արդար...

08.06.90 թվական

Սիրելի վարպետ։ Օրերը հոսում են, բայց մեր օգտին ոչինչ չի կատարվում։ Ամեն ինչ արվում է ի վնաս հայերիս։ Ֆոտեեւը եկավ ու գնաց Բաքու։ Լուկյանովից, ըստ ստացված տեղեկությունների, հանձնարարություն էր ստացել, որ մարզգործկոմը պիտի օրինավոր ճանաչվի։ Բայց... դեռ բան չկա։ Իսկ Արցախի վիճակը օր-օրի դառնում է անտանելի։ Ժողովրդի յուրաքանչյուր մի արդար պահանջ ու բողոք ընդունվում է զորքերի հրացանազարկով, կոտորածներով։ Այսօր ձեռքս ընկավ 1919թ. Շուշվա դեպքերի մասին պատմող արխիվային մի փաստաթուղթ, որի մեջ խոսվում է, թե արդարություն եւ ազատություն պահանջող հայության դեմ ինչեր են արվում։ Ահավասիկ. «...Նա անմիջապես հրամայեց զինվորներին պարզել հրացանները անզեն, բայց ծաղրող ժողովրդի վրա։ Ժողովրդի համախմբման առաջին շարքերը կազմում էին ռեալական եւ թեմական դպրոցների աշակերտները, հետեւապես առաջին զոհերը նոքա պետք է լինեին. ընկնում է 12 տարեկան մի ռեալիստ, վիրավորվում են 8-10 հոգի։ Վրեժխնդրության պատրաստ զայրույթով լցված մի քանի անձինք ատրճանակներով են պատասխանում կազակներին եւ չորս կազակ փռվում են գետնին։ Դեպքից հետո կազակները իշխում են քաղաքում եւ շրջակա գյուղերում, խուզարկություններով ու ձերբակալություններով տակնուվրա են անում քաղաքը, բանտը լցնում մոտ 120 հոգի. լրբությանն ու անարգությանը սահման չկա...» (Հայկ. ԽՍՀ կենտրոնական արխիվ, 227)։

Տեսնո՞ւմ եք, ոչ մի տարբերություն չկա մեր երեկվա եւ այսօրվա տառապանքների միջեւ։ Ասես նկարագրվում են, նույնությամբ, Ստեփանակերտի մերօրյա դեպքերն ու անցուդարձերը։ Տարբերությունը այսքանն է. երեկ նման անմարդկային ու բարբարոս քայլերի էր դիմում մեր ժողովրդի դեմ անգլիացի գեներալ Շատելվորտը (ուղարկված Բաքվից), այսօր դա անում է գեներալ Սաֆոնովը (ուղարկված Բաքվից)։ Ավելի կոնկրետ, միասին կարդանք Ղարաբաղի ազգային խորհրդի գաղտնի գիրը, որը 1919թ. մարտի 20-ին հանձնվել է Հայաստանի հանրապետության կառավարությանը։ Գիրը երկար է, կարծում եմ, անհրաժեշտություն չկա տվյալ պահին ամբողջովին ընթերցելու, բայց որոշ տողերի վրա կանգ առնենք։ Ահա. «Ղարաբաղի հայության քաղաքական ձգտումների մասին խորհրդիս նախորդ գրությունից տեղեկացած կլինեք. նա պարզ ու կտրուկ հայտարարել է, որ երբեք բախտը չպիտի կապի Ադրբեջանի կառավարության հետ։ Իր այդ որոշման մասին անգամ ապրիլ ամսում գումարած հինգերորդ համագումարի միջոցով նա կրկին անգամ հիշեցրեց անգլիական հրամանատարության ներկայացուցիչ գեն. Շատելվորտին, որ հատկապես եկել էր Բաքվից համագումարին հայտարարություններ անելու։ Նրա հայտարարությունները մի նպատակով էին արվում. վարագուրած սպառնալիքներով ազդել հայության վրա, ինչպես օրինակ տնտեսական բոյկոտի եւ ճանապարհների հաղորդակցությունն ընդհատելու երկյուղի տակ Ադրբեջանի անհրաժեշտությունն էր ցանկանում ապացուցել...»։ Մի քանի տող հետո կարդում ենք. «Մի՞թե սա ամենամեծ ապացույցը չի գեն. Շատելվորտի վարած սխալ քաղաքականության։ Նրա վարած անձնական քաղաքականության ամենամեծ սխալը կայանում է նրա մեջ, որ նա ստիպում է մեզ ընդունել Ադրբեջանի լուծը, մի բան, որ հայությունը լսել անգամ չի ուզում։ Արդյո՞ք անգլիական կառավարությունը կամ նրա կովկասյան հրամանատարությունը հանձնարարել է գեն. Շատելվորտին մեր այս կամ այն կառավարությանը պատկանելու հարցը որոշել, եւ դա հակառակ ժողովրդի կամքի՞ պիտի տեղի ունենա» (710)։

Ահա թե ինչպես է կրկնվում պատմությունը։ Ուրեմն, Սերո Նիկոլայի, պարզապես պիտի կտրվի այն ձեռքը, որը բարձրացվում է մեր ժողովրդի վրա, պիտի ելնենք նրա դեմ, ով (ինչպես հայտնի հեքիաթում) մեզ ուզում է խաբել՝ դռան ճեղքից ցույց տալով ոչ իր ձեռքը։ Եվ, ի վերջո, մենք էլ այնքան անպաշտպան չենք։ Հայ ժողովուրդը պետք է մշտապես ունենա իր ինքնապաշտպանական հզոր բանակն ու ուժը, մշտապես՝ ինչ կարգեր ու բարքեր էլ լինեն, որովհետեւ, դրանից բացի մնացած բոլոր միջոցներն ու ուղիները սխալ են։ Բավական է, որքան հավատացինք ու կոտորվեցինք։ Մեր խորհրդախաբկանքով տարված` անհեռատես մի շարք ղեկավարների մեղքով դարի սկզբին ձեռքից տվինք այնքան երազած ու այնքան դժվար ստեղծած Հայաստանի անկախությունը։ Վերջնականապես ճանաչենք մեր թշնամիներին, ու եթե նրանք դեռ փորձում են մեզ «բարեկամ» կանչելով՝ մեր թիկունքը դանակ խրել, մենք էլ մի քիչ ճակատային չլինենք ու իմանանք, թե ինչ ենք անում... Ինչո՞ւ պիտի թշնամին իմանա, թե մենք իր մասին ինչ ենք մտածում, կամ՝ ինչ ենք մտադիր անել առաջիկայում։ Մեր քայլերը նրանք չպիտի իմանան, այլապես միշտ մենք հանկարծակիի կբերվենք, ոչ թե իրենք... Մենք, սիրելի Սերո Նիկոլայի, մի անգամ չենք խոսել այս հարցերի շուրջ՝ ե՛ւ Երեւանում, ե՛ւ այստեղ՝ Արցախում։ Ձեր կյանքի ու պայքարի փորձը հուշում են անսխալ։ Ժամանակի զգացողությունը միշտ էլ ուժեղ է Սերո Սպարապետի մեջ - դա, անշուշտ, մեր ժողովրդի մշտապես արթուն ոգու թելադրանքն է...

09.06.90 թվական


Այստեղ ուզում եմ մեջ բերել ամբողջությամբ նստաշրջանի որոշումը եւ ելույթ ունեցողների անուն-ազգանունները, գուցե Ձեզ պետք գան դրանք, որովհետեւ պատմությանը Դուք ավելի ու ավելի եք անդրադառնում Ձեր գործերում։


ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ԼՂԻՄ 20-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին։ Լսելով ու քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ խորհրդի դեպուտատների ելույթները՝ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին», ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է.

Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խոհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորին ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջեւ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը։

Նստաշրջանը մարզի աշխատավորներին կոչ է անում մոբիլիզացնել բոլոր ուժերը իրացնելու պլան-առաջադրանքները, ապահովելու բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ռիթմիկ, անխափան աշխատանքները, պաշտպանել պետական եւ աշխատանքային կարգապահությունը։


ԼՂԻ մարզգործկոմի
նախագահի տեղակալ՝ Շ.Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԼՂԻ մարզգործկոմի քարտուղար՝ Ռ.Մ. ԽԱՉԻՅԱՆ

Որոշումն ընդունվեց ծափերով ու մենք տեսանք, որ «բուռն», «երկարատեւ» եւ նման այլ հարկադիր ծափերից բացի կարող են լինել նաեւ սրտից եկող ծափեր։ Նստաշրջանն ինձ եւ ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին հանձնարարեց դուրս գալ ու ժողովրդի առաջ պաշտոնապես հայտարարել մեր որոշման մասին, կետերը բարձրաձայն կարդալ, որ լսեն մարդիկ... Արդեն ուշ գիշեր էր համարյա։ Բարձրախոսով, հենց մարզգործկոմի շենքի մուտքի մոտ, շունչս հավաքելով` շնորհավորեցի արցախցիներին, ամբողջ հայությանը, մեր ժողովրդի համար ամենագեղեցիկ ու ամենամարդկային, ամենաարդար որոշման առթիվ... Այդ օրվա մեջ է իմ կյանքի աստեղային պահը... Մարդիկ ուրախությունից չգիտեին ինչ անել, համբուրում էին մեկը մյուսին, ծաղիկներ էին նվիրում, խնդությունից լալիս էին...

Հետո, քանի որ ժողովուրդը շատ էր ոտքի վրա կանգնած մնացել, խնդրեցի մարդկանց, որ ցրվեն, գնան տները, կարգը պահպանեն եւ այլն... Նույն պահին վեճ էր գնում «Խորհրդային Ղարաբաղի» խմբագրի սենյակում՝ որոշումը տպագրելու կապակցությամբ։ Ես որոշման մի օրինակը շուտ տարել էի խմբագրություն, բայց գտնվել էին մարդիկ, որոնք դա անօրինական էին ճանաչում, քանի որ մարզգործկոմի կնիքը չկար։ Այստեղ էր հրավիրվել նաեւ կուսակցության մարզկոմի քարտուղար Ջ. Միրզոյանը։ Գրողներ Հր. Բեգլարյանը, Գ. Գաբրիելյանը, խմբագրի տեղակալ Ա. Գասպարյանը եւ շատ ուրիշներ, ամբողջ կոլեկտիվը միաձայն պնդում էին տպագրել որոշումը։ Իսկ տպարանի բանվորները տուն չէին ուզում գնալ՝ քանի դեռ որոշման տեքստը չէին շարել ու կապել էջը...

Ժողովուրդը ցրվեց՝ հավատալով, որ մյուս օրը թերթում կկարդա բաղձալի որոշումը, բայց որոշման տպագրությունը դժվար էր իրականանում։ Մանավանդ մարզգործկոմի նախագահ Օսիպովը, որի ամբողջ կյանքը անցել եւ անցնում էր թուրքերին ծառայելու մեջ (այստեղ նա Կեւորկովի մրցակիցն էր), հրաժարվել էր մարզգործկոմի կնիքը տրամադրելուց։ Այստեղ էլ վրա է հասնում դարձյալ Հ. Պողոսյանի եւ իրավաբան Կ. Բաբուրյանի իմացությունը։ Մեզ խորհուրդ են տալիս. եթե մարզգործկոմի նախագահը հրաժարվում է կնիքը տրամադրելուց, նման դեպքերում որոշման տակ, նախագահի վարքն ու գործելակերպը քննադատաբար ներկայացնելուց հետո, ստորագրում են մարզխորհրդի անդամները։ Վերջիններիս ստորագրությունները փոխարինում են կնիքին։ Մի քանի օր հետո որոշման տեքստերն արդեն Երեւանում, Մոսկվայում, ապա Բաքվում էին՝ անհրաժեշտ կառավարական հասցեներով...

Ադրբեջանական թերթերն ու հեռուստեսությունը միանգամից վայնասուն բարձրացրին։ Իսկ Բաքվի հեռուստաէկրանին, Սերո Նիկոլայի, գրող Բ. Վահաբզադեի գլխավորությամբ, վայնասուն բարձրացրած մտավորականների «միլի մեջլիսը» արցախցի գրողներիս դեմ սկսեց ոչ միայն սուր ճոճել, այլեւ վճռեց, որ մեր գրական բաժանմունքի ղեկավարի քառասունը որ լրանում է (նկատի ունեին ինձ հիշելով նաեւ, որ Ուլուբաբյանը եւս քառասունում էր, երբ արտաքսվեց արցախյան հարցի առումով), պետք է նրանց գլուխը... գնահատել։ Եվ այսպես մտածում են իրենց գրող հորջորջողները։

Մեր արդար պահանջի ու նստաշրջանի մասին սկսեց խոսել ամբողջ աշխարհը։ Հաճախակի էին դարձել մեր հեռախոսազանգերը՝ մեկ Լոնդոնից, մեկ Փարիզից, մեկ... Եվ այսպես մեր սրտերի կրակով մեր Արցախը դարձավ աշխարհի ամենատաք կետը։

Իբրեւ՝ ե՞րբ չի Արցախը եղել... ամենան։


***

Սերո Նիկոլայի։ Հիմա ամառ է Արցախում։ Չնայած պարետային ժամի խստություններին, թութը էլի հասել է Մարտակերտում ու տափաստանային մյուս շրջաններում։ Ստեփանակերտում էլ, ավտոմատների տհաճ ճարճատյուններից, թթենու հաճախակի փշաքաղվող ճյուղերին փոքրիկ-փոքրիկ այդ աստղապտուղներն արդեն սպիտակին են տալիս, պտուկներից առյուծի կաթը ծորում է ասֆալտի վրա...

Ի դեպ, կաթ ասացի՝ հիշեցի փոքրիկ դեպք, պատմեմ, մի քիչ աշխուժանանք։ Օրերս Հրաչյա Բեգլարյանը` մեր շարժման ամենանվիրյալներից մեկը, որի ստեղծագործությունը եւ հատկապես հանրահայտ երգ դարձած «Ղարաբաղցին» Դուք շատ եք հավանում, գալիս էր Երեւան։ Մի քիչ ինքնաշեն թթի օղի էր վերցրել ու լցրել պահածոների «բանկաների» մեջ։ Եվ քանի որ օդանավակայանում մեկ-մեկ ստուգում էին ու օղին վերցնում կամ տուգանում, Հրաչյան բանկաներին կպցրել էր առյուծի նկարներով հատուկ պատրաստած էտիկետկաներ, վրան գրել՝ «Առյուծի կաթ»։ Զինվորականներին թարգմանում էինք ու բացատրում, որ դա արցախյան հատուկ դեղ է. հենց արցախցի երեխան ծծից կտրվում է թե չէ, այդ կաթից օրը մի բաժակ բերանն են լցնում։ Դրանից է, բացատրում ենք կատակելով, որ արցախցիներս առյուծի նման ուժեղ ենք, որ Արցախ աշխարհը երկարակեցության չեմպիոն է...

Մի խոսքով, զինվորները հիացած լսում են, բաց թողնում, Հրաչյան էլ խոստանում է, որ առյուծի կաթ մի շիշ կպատրաստի եւ իրենց համար... Վերադարձին կնվիրի։ Բայց դե Հրաչյայից «Առյուծի կաթ» կպրծնի՞... է՜հ, ժպտալու սիրտ էլ չի մնացել, բայց մեկ է՝ պիտի ե՛ւ ժպտանք, ե՛ւ ապրենք, ե՛ւ հաղթենք...

Տղաներն ու աղջիկները, փառք Աստծո, զրույցի են շտապում ժամանակին (երեկոները սկսվում է պարետային ժամը), սերը շարունակում է ապրել ու արարել... Արցախի համար նոր զինվորներ... Իսկ երեկ քաղաքի N1 դպրոցում վերջին զանգն էին տոնում... Շրջանավարտներից մեկն ասաց.

-Մենք երդվում ենք մեր երազով, մեր դպրատան ամեն մի կանգուն քարով, մեր պապերի թափած արյամբ՝ հայ ժողովրդին կծառայենք Անդրանիկի, Գեւորգ Չաուշի, Նժդեհի, Թեւանի, մեր մյուս հերոսների օրինակով... Արցախը կհաղթի անպայման ու կվերամիավորվի Մայր Հայաստանի հետ...

Վերջին զանգի օրն էր։ Քաղաքի փողոցներով քայլում էին պատանիներ ու աղջիկներ՝ վարդափնջերը կրծքներին սեղմած, քայլում էին` ավտոմատներով ու մահակներով զինված զինվորականների կողքով...

Մենք վարդերով էլ կրակել գիտենք... Բայց եւ երբեք չենք մոռանա, Սերո Նիկոլայի, որ Վարդան Մամիկոնյանը Ավարայր է մեկնել ոչ ծաղիկներով... Վարդանանց դասը լավ են սերտում մեր զավակները։ Ուրեմն, ինչ էլ որ լինի՝ մենք լինելու ենք։

Միշտ՝ Ձեր Վարդան։


Հ.Գ. Պիտի ներողություն խնդրեմ Ձեզանից, Սերո Նիկոլայի, այն բանի համար, որ իրադարձություններն ու դեպքերը հաճախ ներկայացնում եմ մաս-մաս, ժամանակագրական տարբեր կտրվածքների մեջ, երբեմն էլ «խոսքը շաքարով կտրող» պատումների մեկընդմեջությամբ։ Երեւի թե այս ամենը տեղը-տեղին համակարգելու ժամանակն էլ կգա։