Jump to content

Կրկին այնտեղ այն ահեղ օրերի մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

-Մոտենում է ԼՂՀ մարզխորհրդի պատմական նստաշրջանի 15-րդ տարեդարձը. երեւույթ, որի մասին գրվել է, էլի կգրվի։ Երբեմն հայտնվում են նույնիսկ իրար հակասող տեղեկություններ նստաշրջանի կայացման, ընթացքի մասին։ Դուք, պարոն Հակոբյան, նախաձեռնող խմբի կողմից հատուկ հանձնարարությամբ ամրագրված էիք՝ նստաշրջանը կազմակերպված անցկացնելու համար։ Պատմեցեք, խնդրեմ, կատարվածի, տեսածի մասին։ Ինչպե՞ս է իրականում կայացել նստաշրջանը։

-Մեր անցած ճանապարհը հուշում է մի ճշմարտություն. հասարակությունը անցման ինչեւինչ էտապներում նույնիսկ կարող է դեֆորմացվել, բայց ժողովուրդը՝ երբեք։ Երեւույթների տրամաբանական ընթացքը ժամանակի մեջ կարգավորվում-մաքրազտվում է ժողովրդի պատմական հիշողությամբ, առանց որի չի կարող լինել ոչ մի առաջնաքայլ։ Կոնկրետ՝ նստաշրջանի պատրաստումը վերագրել որեւէ անձի, անկախ նրանից՝ ես եմ, դու թե մեկ ուրիշը, ինչպես հաճախ է արվում մամուլում, միանգամայն սխալ, անընդունելի ու դատապարտելի երեւույթ է, ապատեղեկատվություն՝ ուղղված առաջին հերթին հենց Արցախի ու նստաշրջանի դեմ։ Նստաշրջանը հասունացել էր, այն պատրաստել է ամբողջ ժողովուրդը, նրա կայացմանը մասնակցել են սարերում իր գործը կատարող հասարակ հովվից մինչեւ նրա ընտրյալ պատգամավորը։ Եվ ոչ միայն։ Սակայն ես դրանով ամենեւին էլ չեմ ուզում նսեմացնել անհատների ունեցած դերը։

Յուրաքանչյուրի մասին պիտի խոսել հարգանքով եւ միայն նշել նրա արածները, իսկ ամեն մեկի արածը, իրոք, քիչ չէ, հետեւապես այստեղ «հավելագրումներ» չպիտի թույլ տրվեն։ Նստաշրջանում մարդկանց ունեցած ելույթների մասին գրված է թերթերում՝ անուն առ անուն, փաստերը աղավաղողները պիտի գոնե այդ անուններից որոշակի եզրակացություն անեն... Վերջին հաշվով, պահվում են նաեւ ձայնահոլովակները, բոլոր փաստաթղթերը։ Ականատես մասնակիցների զգալի մասը այսօր դեռ շարքում է։ Ինչեւէ։ Ճշմարտությունը բոլորից թանկ է։ Ամեն ինչ բացարձակապես արվել է սիրո եւ հավատի մղումով, անձնուրացորեն, այնպես որ՝ տխուր է տեսնել, թե ինչպես են կատարվածը (նման դեպքեր, ցավոք, լինում են) առանձին մարդիկ տարիներ հետո արհեստականորեն ծանրացնում այս կամ այն նժարի վրա։ Սա դատապարտելի է, մանավանդ՝ երբ նայում ենք պատմական նստաշրջանի անցկացման այն պարզ, նվիրական, իսկապես բարձր օրերի դիրքից, երբ նայում ենք կյանքը հայրենիքի համար զոհած զինվորի շիրմահողի, անհայտ կորածների, այսօր խրամատում գնդացիրը կրծքին սեղմած զինվորի դիրքից։

Համահայկական շարժումը՝ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ, իր բարձրակետին մոտեցավ, երբ մտավորականների մի խումբ Արցախը Հայաստանին միացնելու նամակ հղեց Մոսկվա։ Նամակը տեղ հասցրին Շարժման ակտիվ գործիչներ Համլետ Գրիգորյանը եւ Նիկոլայ Ավագիմյանը։ Մի երկու-երեք շաբաթ հետո պատվիրակների մեր խումբը մեկնեց Մոսկվա՝ նամակի ետեւից, հասավ Կրեմլ։ Նամակը պատրաստել ենք Հրաչյա Բեգլարյանը եւ ես, հետո ընդհանուր հավաքում, իհարկե, կատարել ենք մի շարք կարեւոր խմբագրումներ։ Դա ժամանակին դիտվեց որպես խիզախում։ Արցախի հասարակական կազմակերպությունները՝ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների միությունները, այս գործում առավել ակտիվություն էին դրսեւորում։ Նամակի ստեղծման եւ մոսկովյան պատվիրակություն ստեղծելու գործի նախաձեռնությունը, բնականաբար, գրողները վերցրել էին իրենց ձեռքը։ Երբ, նամակը Մոսկվա ուղարկվելուց առաջ, հասել էր ԼՂ կրթության բաժնի ղեկավար, պատգամավոր Վ. Հայրապետյանի մոտ, նա եւ ստորագրել է նամակի տակ, եւ ասել. «Դե, էլ ինչու ենք հեռու գնում, էնա մի սեսիա անենք, պրծավ-գնաց, էլի»։

Այս մասին մեր հայրենասեր շատ ընկերներից էլ էինք լսել՝ եւ դրանից առաջ, եւ դրանից հետո, մանավանդ՝ Մոսկվայում, «Ուկրաինա» հյուրանոցում, ուր տեղավորված էր մեր պատվիրակությունը։ Հիշարժան են Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, անվանի պատմաբան ու հին գարդմանցի Հր. Եպիսկոպոսյանի հորդորները. «Տղերք, հենց հասնեք Ստեփանակերտ, սեսիա արեք, ճիշտը դա է»։ Եվ ամեն անգամ խոսքը վերջացնում էր Ծօ տՏոպՊՌՎ արտահայտությամբ, որը նրա խորին համոզմունքն էր։ Մենք անընդհատ հեռախոսային կապի մեջ էինք Արցախի հետ։ Մանուչարովի մեքենայում տեղադրված հեռախոսը հնարավորություն էր տալիս, որ Մոսկվայում գտնվող պատվիրակներս լսափողի մեջ լսեինք Ստեփանակերտի հրապարակում հավաքված ժողովրդի ձայնը՝ Ար-ցախ, Հա-յաս-տան, մի-ա-ցում։

Դաս էինք առել նախորդ՝ Բագրատ Ուլուբաբյանի գլխավորությամբ պատրաստված նամակի ընթացքից եւ մեր նամակի տակ մարզի գրեթե բոլոր պատասխանատու աշխատողները, բացի մի քանի հոգուց (այսպես ասած՝ խոշորագույնները), դրել էին իրենց ստորագրությունը։ Դա ժողովրդին ոգեւորելու, կազմակերպված ձեւով ոտքի հանելու գործում իսկապես մեծ դեր խաղաց։ Նամակը մենք բազմացրել եւ ուղարկել ենք շրջանները։ Նորագյուղի հիմնադիր, մարզխորհրդի պատգամավոր Արշավիր Գալստյանն, օրինակ, հետո պատմում էր, թե գյուղի հասարակությունը ինչպիսի խանդավառությամբ էր ընդունել նամակը, որի տակ միաբանված իրենց ստորագրությունն էին դրել թե նշանավոր գրողներն ու մշակույթի գործիչները, թե քաղաքական գործիչներն ու հերոսները, թե պատգամավորները, տարբեր ոլորտների աչքի ընկած դեմքերը։ Այսինքն, դա հավատ էր ներշնչում՝ ժողովրդի հետ է ղեկավարությունը, միաբանություն կա, ուրեմն՝ գործը գլուխ կգա, ուրեմն՝ կհաղթենք։ Նամակը շրջաններ ուղարկելուց հետո շատ չէր անցել, երբ նրա օրինակներից մեկը ձեռքին, գրողների միություն եկավ Վաչե Սարուխանյանը եւ Իգոր Մուրադյանի քաջալերանքի խոսքերը հաղորդեց մտավորականներիս՝ պատմելով այն ազդեցության ու արդյունավետության մասին, որ թողնում էր մեր նամակը մարդկանց շրջանում։

Մոսկվայից եկանք եւ ի՞նչ տեսանք. Արցախը ոտքի էր ելել, հրապարակը եռում էր։ Մոսկվայից հրապարակ հասած մեր ցանկացած լուր ժողովրդի մեջ նոր ալիք էր բարձրացնում, նրան դարձնում ավելի հաստատակամ իր վճռի մեջ։ Արցախում շարժման գլուխ էր անցել Մանուչարովը, որի ղեկավարությամբ էլ ստեղծվեց նստաշրջանի անցկացման նախաձեռնող խումբ։ Ակտիվության բարձրակետում էր Ռազմիկ Պետրոսյանը, որը, դեռ դրանից շատ տարիներ առաջ, արդեն կեւորկովյան հալածանքների էր ենթարկվում ազգասիրական գաղափարների համար։ Նախաձեռնող խմբի կազմում ընդգրկված էին շարժման նվիրյալներ՝ Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Մաքսիմ Հովհաննիսյան, Ռազմիկ Պետրոսյան, Ռոլես Աղաջանյան, Բենիկ Օվչյան, Ժաննա Գալստյան, Էդվարդ Ղուկասյան, Համլետ Գրիգորյան, Արմո Ծատրյան, Էռնեստ Հայրապետյան, Պավել Նաջարյան, Վալերի Մարության, Արմեն Հակոբյան, Էդվարդ Ղազարով, Ռադիկ Աթայան... Ուրիշներ։

Նստաշրջանն անցկացնելու ուղղությամբ քիչ գործ չէր կատարվել նաեւ մինչեւ մեր պատվիրակության վերադառնալը Մոսկվայից։ Պատշաճը պիտի հատուցել նրանց, ովքեր հավատարիմ մնացին այն օրերի իրենց սկզբունքին ու դավանանքին եւ մինչեւ այսօր էլ մաքառում են ժողովրդի պայքարը վերջնական ավարտին հասցնելու համար։ Ու ամենեւին էլ պատահական չէ, որ էն գլխից շարժումը ժողովրդական բնույթ կրեց։ Յուրաքանչյուրը հերոսական գործ էր կատարում։ Կային նաեւ ենթախմբեր՝ մեր հրաշալի տղաներից կազմված, որոնք արհամարհելով առատ եկած ձյունն ու բուքը, գաղտնազինված, գրեթե փակ ճանապարհներով, սար ու ձորով ապահովում էին, ըստ շրջանների, պատգամավորների ներկայությունը։ Նստաշրջանի պատրաստման գործում մեծ էր Արկադի Մանուչարովի, Ռազմիկ Պետրոսյանի եւ Կարեն Բաբուրյանի դերը։ Վերջինս դարձել էր նստաշրջանը օրինավոր անցկացնելու իրավաբանական խորհրդատուն։ Շարժման «շտաբը» (այն գրողների միությունից «Սովետական Ղարաբաղ» թերթի արվեստի բաժին էր տեղափոխվել՝ հրապարակին մոտ գտնվելու պատճառով) վերածվել էր ժիր մեղվափեթակի։ Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ Ժաննա Գալստյանը Հենրի Պողոսյանից վերցրել էր նստաշրջանը անցկացնելու մասին մի շարք կարեւոր խորհուրդներ։ Դրանք տալով ինձ, նախաձեռնող խումբը հանձնարարեց՝ գնալ կառավարության նիստերի դահլիճ եւ առաջ տանել բոլորիս սկսած գործը։ Հրապարակում հավաքված հասարակության միջով «կածան» բացվեց։ Մեծ, շատ մեծ պատասխանատվություն էր դրված ամեն մեկիս վրա։

Նիստերի դահլիճում Արմո Ծատրյանի հետ լծվեցինք ներկայացած պատգամավորների ցուցակը կազմելուն՝ ով է ներկա, ով՝ չէ։ Պետք էր քվորում ապահովել։ Շտապեշտապ զանգում էինք «շտաբ», հայտնում վիճակը, նոր հանձնարարություններ ստանում։ Ադրբեջանի միլիցիայի եւ անվտանգության բարձր պաշտոնյաներն ու շարքայինները, ուղեկցելով Բագիրովին, թափվել էին Ստեփանակերտ, փակել քաղաք բերող ուղիները։ Խոջալուի մոտ ճանապարհը փակել էին Ասկերանից եկող պատգամավորների առաջ։ Ստեփանակերտի կանայք շրջապատել էին կուսակցության մարզկոմի շենքը, որտեղ գտնվում էին բարձրաստիճան զինվորականներ Մոսկվայից եւ Բաքվից, արդեն երրորդ օրն էր, ինչ նրանք ուզում էին գնալ ու ճաշել կառավարական հյուրանոցում։ Կանայք ճանապարհ չէին տալիս։ Նրանք ստիպված, ներքին գործերի մի պատասխանատու աշխատողի միջոցով, իրենց մոտ հրավիրեցին Ռազմիկ Պետրոսյանին եւ Ռոլես Աղաջանյանին, իսկ վերջիններս հարցը դրեցին այսպես՝ եթե Ասկերանից եկող մեր պատգամավորներին բաց թողնեք, գան նստաշրջանին, մենք էլ ձեր ճանապարհը կբացենք։ Նրանք համաձայնեցին, այդպես էլ եղավ։ Արդեն բավականին պատգամավորներ էին հավաքվել դահլիճում։

Այստեղ ես ուզում եմ մի լրացում անել։ Քվորումի հարցը դժվարացել էր նաեւ այն պատճառով, որ ադրբեջանցի պատգամավորներին Բաքվից հրաման էր տրված ներքին կարգով չմասնակցել նստաշրջանին, չնայած կային պատգամավոր ադրբեջանցիների մեջ այնպիսիները, որ կիսում էին արցախցիներիս պահանջը, այն համարում խիստ արդար (ի տարբերություն մի քանի արցախցի պաշտոնյա պատգամավորների)։ Եվ ոչ միայն նրանք։ Երբեք չի կարելի մոռանալ, ասենք, ազգությամբ ռուս Տանյա Սոբոլեւայի ելույթները, եթե չեմ սխալվում, նա պատգամավոր էր ընտրված կոշկի ֆաբրիկայի կոլեկտիվի կողմից։

Եկավ մի պահ, որ ընդամենը երեք հոգու ներկայություն քվորում կապահովեր արդեն։ Ռազմիկ Պետրոսյանը եւ Ռոլես Աղաջանյանը գործում էին անվրեպ։ Աշան մեկնեց մեր քաջ տղաներից մեկը՝ Սերժիկ Ասատրյանը, նա ձիով գյուղից Ստեփանակերտ բերեց պատգամավոր մի կնոջ, որը, չնայած հիվանդ էր, անկողնային վիճակում, սակայն սիրով համաձայնեց մասնակցել նստաշրջանին՝ նկատի առնելով նրա վճռորոշ լինելը։ Ռոլես Աղաջանյանի ծառայողական մեքենան՝ «Ուազ» մակնիշի, ուղարկվեց Քարին տակ՝ պատգամավոր բերելու այս առաքելությունը նույնպես հաջող կատարվեց։ Ռազմիկ Պետրոսյանին տվինք քաղաքում ապրող ուրիշ մի պատգամավորուհու անուն, նրա ներկայությունը եւս չուշացավ։ Մի խոսքով, քվորումն ապահովված էր։ Դրանից հետո դահլիճ մտան նաեւ մի քանի պաշտոնյա պատգամավորներ։ Իսկ Բաքվից եւ Մոսկվայից եկած ղեկավարներն ապսպրում են, որ իրենք էլ են մասնակցելու նստաշրջանին, «մի քիչ սպասեք»։ Սպասեցինք։ Հայտնեցին, որ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բագիրովը կուսակցության մարզկոմի շենքից ինձ կանչում է։ Չգնացի։ Նորից կանչեցին, այս անգամ ասացին՝ Եղիշե Սարգսյանն է ասում, որ գնաս։ Սարգսյանը մեր մարդն է։ Այնուամենայնիվ, զանգեցի Ռազմիկ Պետրոսյանին եւ Արկադի Մանուչարովին, խմբի տղաներին, ասացին՝ գնա, բայց շուտ ետ վերադարձիր... Ժողովուրդն ամուր էր կանգնած։ Բագիրովականները, պարզ է, լսել էին, որ նախաձեռնող խմբի կողմից որպես մարզխորհրդի պատգամավոր ես ընտրված էի նստաշրջանի աշխատանքի պատասխանատու, դրա համար էլ կանչել էին, որ հեղափոխեն՝ գործադրելով արեւելյան քծնանքի իրենց ամբողջ «մարտավարությունը»։ Իմ խոսքը, բնականաբար, հստակ մերժողական էր։ Ի դեպ, ասեմ, որ մարզկոմի շենքի մոտ էլ գտնվեց մի երդվյալ «կեւորկովական», որն ինձ փորձում էր վախեցնել. «Տանկերի տակ են տալու ժողովրդին, քեզ էլ հետը, աչքերդ բաց, տես ինչ եք անում»։

Մարզգործկոմի շենքի երկրորդ հարկի աստիճանների վրա հանդիպեցի Կարեն Բաբուրյանին, նա նստաշրջանի ընթացքին վերաբերող մի շարք խորհուրդներ տվեց։ Երբ վերադարձա արդեն նիստերի դահլիճ, ձեռնամուխ եղանք նստաշրջանի գործերին։ Այս անգամ դարձյալ հայտնեցին, թե «ղեկավարությունը խնդրում է սպասել, իրենք էլ են մասնակցելու»։ Խորհրդակցեցինք պատգամավորների հետ, զանգեցինք նախաձեռնող խմբին, համաձայնեցինք։ Վերջապես եկավ Բագիրովը՝ իր շքախմբով։ Գրավեցին բեմը։ Ելույթ ունեցողներից ամեն մեկը ճարտասանական իր ամբողջ արվեստով ուզում էր համոզել «ճամփից շեղված» արցախցիներին, որ ետ կանգնեն նստաշրջան անցկացնելու քայլից, դա հնարավոր բան չէ։ Ժողովուրդը հրապարակից անվերջ կանչում էր՝ սեսիա, սեսիա... Բագիրովի եւ նրա նազիր-վեզիրների բերանները փակում էին մեր պատգամավորներն իրենց փաստարկված, ճշգրիտ, հիմնավորված ու անառարկելի խոսքով։ Այնպիսի փաստեր էին բերում, որ մնում էին շշկլված։ Բոլորս ինքնամոռաց ոգեւորության մեջ էինք, մեկս մեկիս հերթ տալով, անկոտրելի կամք ու հաստատակամություն էինք դրսեւորում։ Ի վերջո, ելույթ ունեցավ, արդեն որերոդ անգամ, Բագիրովը։ Նրան մի պահ թվաց, թե իր խոսքով ազդում է դահլիճի վրա, բայց սխալվեց, մեր լռությունը պարզապես արհամարհանքի նշան էր։ Ես կանգնեցի տեղում եւ բոլորի անունից դիմեցի Բագիրովին. «Մինչեւ գիշեր էլ մնաք դահլիճում, միեւնույն է, արդյունքի չեք հասնելու, մի խանգարեք մեզ, թողեք մեր նստաշրջանն անցկացնենք ժամանակին»։ Այստեղ Բագիրովը փլված-պարտված թափ տվեց ձեռքը, գնաց, նրա ետեւից բոլոր նազիր-վեզիրները թողեցին բեմը։ Պետք էր նստաշրջանը սկսել։ Հրապարակից լսվող ժողովրդի ձայնը մեր ականջներում ու սրտում ղողանջում էր իր արդար պահանջով։ Նստաշրջանը, ըստ ընդունված կարգի, սովորաբար, վարում են մարզգործկոմի նախագահը կամ տեղակալներից մեկը, իսկ եթե նրանք բացակայում են կամ հրաժարվում, ապա պատգամավորները ստիպված են լինում նոր նախագահ ընտրել։ Երկրորդ տարբերակը ուժի մեջ մտավ։ Ես առաջարկեցի Վիգեն Հայրապետյանի թեկնածությունը՝ նախագահի համար։ Մինչ այդ, չմոռանամ նշել, ընտրվեց մանդատային հանձնաժողովի նոր ղեկավար, նախկինը, Կեւորկովի կարգադրությամբ, չէր մասնակցում նստաշրջանին։ Մի խոսքով, սկսվեց նստաշրջանը։ Վ. Հայրապետյանը, որ նախագահում էր, մոտ կանչեց ինձ. «Պա զեկուցողը հուվա՞»։ Չէինք մտածել այդ մասին։ Սերգեյ Դավթյանը տեղից հուշեց, որ նման նստաշրջաններում կարեւոր էլ չէ զեկուցումը, գլխավորը ելույթներն ու որոշումն են։ Այնուամենայնիվ, որպեսզի այստեղ էլ հետագայում «բաց» չգտնեն, մոտեցա ամբիոնին ու սկսեցի իմ ելույթը, որը փաստորեն փոխարինեց զեկուցմանը։ Ապա մեկը մյուսի ետեւից ելույթ են ունենում պատգամավորները։ Նստաշրջանի սպասված, բաղձալի որոշումով մեզ թվում էր, թե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Իհարկե, որոշակիորեն զգում էինք նաեւ առաջիկայում սպասվելիք դժվարություններն ու դաժան պայքարը։ Շմավոն Պետրոսյանի հետ շենքից դուրս եկանք եւ մարզգործկոմի մուտքի աստիճանների վրա սրտատրոփ սպասող ժողովրդի առաջ ես հանդես եկա հակիրճ խոսքով, փոքրիկ բարձրախոսով, որ բերել էր միլիցիայի աշխատող, երջանկահիշատակ գրող Վալերի Քոչարյանը։ Ժողովուրդն աննախադեպ ոգեւորությամբ ընդունեց մեծ ավետիքը՝ արցախցիներիս բարի կամքով կայացած որոշման մասին։ Այնուհետեւ մեջտեղ եկավ որոշումը օրինականորեն ձեւակերպելու խնդիրը, որն առանց ԼՂ մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանի վճռորոշ դերի ու մասնակցության, բնականաբար, հնարավոր չէր լինի կազմակերպել, մանավանդ, որ մարզգործկոմի կնիքը իր հետ փախցրել էր նախագահ Օսիպովը... Ուզում էինք ամեն ինչ անել պատշաճ մակարդակով. յուրաքանչյուր հարց իրավաբանորեն ճիշտ մեկնություն էր ստանում ինչպես Կարեն Բաբուրյանի, այնպես էլ Երեւանից ժամանած հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանի խորհուրդներով։ Նրանց միացել էր նաեւ Ստեփանակերտի քաղդատավոր Ռազմիկ Սարգսյանը։

...Նստաշրջանից հետո «շտաբում» ինձ ողջագուրանքներով արդեն «խեղդում» էին։ Սա համարում եմ իմ կյանքի ամենաչքնաղ պահը։ Նախաձեռնող խմբի հանձնարարությունը կատարված էր։ Հետագայում, ի դեպ, նախաձեռնող խումբն էլ եղավ այն կորիզը, որի հիման վրա ստեղծվեց «Կռունկը»։ Վերջինս ժողովրդական մեր հզոր շարժման ձեւավորված անդրանիկ կազմակերպությունն էր, առաջին ծիծեռնակը... «Կռունկը» այսօր էլ, սա նրա նախագահության բոլոր անդամների համոզմունքն է, պիտի շարունակի աշխատել։

Ինչպես տեսնում եք, նստաշրջանի հետ կապված բոլոր հարցերը լուծվել են գերազանց հաջողությամբ։ Բայց ոչ պակաս նշանակության մի խնդիր մնում էր։ Ո՞րն էր դա։ Նստաշրջանի որոշումը Երեւան, Մոսկվա, Բաքու եւ այլ հասցեներով առաքելը։ Ադրբեջանը բոլոր փոստային եւ ոչ փոստային ճանապարհները փակել էր, առել խիստ հսկողության տակ, որ դրանով իսկ տապալի գործը։ Ռոլես Աղաջանյանը, Ռոբիկ Բաղդասարյանը եւ Պավել Նաջարյանը Արկադի Մանուչարովի մոտ՝ շինանյութերի կոմբինատում, պայմանավորվելով անելիքների մասին, ճանապարհ են ընկնում դեպի Երեւան՝ Ռոլեսի մեքենայով։ Վարորդը Սնղչի Գրիգորի տղա Հրաչիկն էր։ Բայց Շուշի չհասած, բախվելով ազերիների թափորին, ետ են գալիս։ Ուրեմն՝ ցամաքային ճանապարհով որոշումը տեղ հասցնելն արդեն բացառվում է։ Ինչ անել, ինչպես վարվել։ Այստեղ էլ նորից մեր քաջ տղաներն իրենց հնարամտությամբ գերազանցում են թշնամուն։ Նվիրյալների մի փոքրիկ «թափորի» ուղեկցությամբ «մահացած» հին կոմունիստի դագաղը, որի մեջ էր որոշումը, «Շտապ օգնություն» մեքենայով տարվում է Ստեփանակերտի օդանավակայան՝ դարձյալ Ռոլես Աղաջանյանի, Պավել Նաջարյանի եւ Ռոբիկ Բաղդասարյանի կողմից։ Օդանավակայանում նրանց միանում են բժիշկ Վալերի Մարությանն ու Ռազմիկ Պետրոսյանը եւ կազմակերպված ձեւով, Ռոբիկ Բաղդասարյանի միջոցով, պատմական որոշումը ուղղաթիռով հասնում է Երեւան։ Արցախը դարձել էր աշխարհի ամենատաք կետը։ Եվ այդ օրերին Արցախում էին Դեմիչեւը, Ռազումովսկին... Մի խոսքով։

Նստաշրջանը ժողովրդի նվաճումն է, Շարժման, ինչպես ասում են, հիմնաքարը։ Ցանկալի եւ խիստ անհրաժեշտ է, որ այսօր ստեղծենք նստաշրջանի ակտիվ մասնակիցներից, «Կռունկի» նախագահության անդամներից կազմված մի խորհուրդ, միասին, համատեղ ուժերով քննարկենք, ի վերջո, մշակված վիճակում հրատարակման երաշխավորենք պատմական նստաշրջանի նախապատրաստման ու անցկացման պատմությունը եւ, որպես աղբյուրագիտական անսխալ հիմք, թողնենք գալիք սերունդներին։ Խորհուրդը պետք է միաժամանակ իր իրավասության տակ վերցնի նստաշրջանի ու Շարժման մասին գրվող ցանկացած գործերի քննարկման, փաստերի ստուգման ու ճշտման, տպագրության գործը, քանի որ այսօր արդեն ազգային ու պետական նշանակություն է ձեռք բերում։ Եվ մոտեցումն էլ պիտի նույնքան լուրջ լինի ու պատասխանատու։ Դա հնարավորություն կտա, անշուշտ, խուսափել փաստերի, դեպքերի ու իրադարձությունների հետագա խեղաթյուրումներից՝ առանձին անհատների կողմից։ Մի առաջարկություն եւս. ժամանակն է արդեն, որ ԼՂՀ Ազգային Ժողովը կազմակերպի պատմական նստաշրջանի մասնակից դեպուտատների (այն ժամանակ «դեպուտատ» բառն էր օգտագործվում) հավաք նստաշրջանի 15-րդ տարեդարձի առթիվ, լսենք, բարի խոսքեր ասենք այդ, հիրավի, հերոսական մարդկանց հասցեին... Հիշենք, միասին կրկին հաստատենք այն, ինչ ճշմարիտ է ու արժեքավոր։

Ահա այն, ինչ կարելի էր ներկայացնել համառոտակի։ Բնականաբար, շատ մանրամասներ կարող է դուրս են մնացել, թող ներվի։ Դրանք, անշուշտ, կլրացվեն մեր հետագա գրառումներում։ Շարժման տասնհինգամյակը, կարծում եմ, մեծ առիթ է նաեւ չարածը անելու, լրացնելու, նստաշրջանի ու դժվարին գոյամարտի մեր նվաճումները բազմապատկելու առումով՝ նստաշրջանյան օրերի միաբանությամբ, մաքրությամբ, սիրով ու նվիրվածությամբ։

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

16 հունվարի, 2003թ., թիվ 5 (1372)