Jump to content

Թումանյանի նամակներ/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
նամակ ծնողներին
Աղբյուր. ԵԼԺ հ9, էջ 7,
ծ. ― էջ 476

[ 7 ]


1. ԾՆՈՂՆԵՐԻՆ
Թիֆլիս―Դսեղ
Ի 1885 ամի 1-ին հունվարի,

ի ք<աղաքն> Տփխիս

Հարգելի ծնողք իմ,
Շնորհավոր Նոր Տարի!

Որդիական սիրով և անկեղծ սրտիվ բարևս մատուցանեմ ձերդ թանկագին հրամանոցդ. եթե մեզնից հարցանեք փառք Ամենազորին ողջ եմք և առողջ. միայն ձերդ ողջությունն կցանկամք։ Մինչև այստեղ նույն իսկ նոր տարու օրն եմ գրել և հանկարծ սրտիս վրա գնալով՝ էլ չգրեցի, որովհետև ահա քանի անգամ է նամակ եմ գրում պատասխան չեմ ստանում1:

Ստացա ձեր ուղարկած տասը (10) ռուբլին, չի առա պալտո, ալ երկու մանեթ (2 մնթ) և մի քանի շահի, որ պարտ էինք չերչոնց տղերանցը2, տվի, մնացածը կենում է և ուզում եմ վերնաշապիկ, շալվար և շապիկ ու շապկահնգեր առնել իսկ պալտոն ավելորդ եմ համարում, որովհետև այստեղ տաք է, ուսումնարանը տաք է, մեջտեղը մի քանի քայլ, էլ ուրիշ գնալու տեղ չունեմ. ստացանք նույնպես մի տիկ թան, մի աղլուխ չիր և մի տոպրակ պանիր, ամանները հետ ուղարկեցի. նույնպես ուղարկեցի շաքար, չայի, քյամար մի հատ և կանֆետ րեխանց համար (անցյալ նամակում ևս գրել եմ)։ Ստացա այժմ և մի թաս յուղ (յուղ ավելորդ էր) ուղարկում եմ ահա թասը, տոպրակը և ձեր ասած սև կոճակները. [ 8 ]  Վկայականս ստացա, թվանշաններս լավն էին. տեղս էլ շատ լավ է։ Խնդրեմ շուտով նամակ գրեք. իսկ Ռոստոմից շատ նեղացած եմ, որ նամակ չի գրում.

Մայրիկ ջան, խնդրեմ փոխինձ ուղարկես և գուլբեք, ուրիշ ոչինչ. Հա, մոռացա, անցյալ անգամ Նեսոյի հետ ուղարկեցի և երկու աղլուխ։

Շատ բարև են անում ձեզ Ավագը, Նատոն, Օսանը, Մոսեսը, Ներսեսը։

Իսկ իմ կողմից շատ բարև կանեք քեռոնց, բիձոնց և բոլոր ազգականաց և բարեկամաց։

Ձեր որդի Հովհաննես Թումանյանց

Այս նամակի կեսն նույն իսկ նոր տարու օրն՝ հունվարի մեկին եմ գրել, կեսը հունվարի 17-ին, իսկ երեսը փետրվարի 25-ին և ահա ուղարկում եմ Մարտի 12-ին։

Հովհաննես Թ.

Ростому Туманову сказать пиши письмо

Оганес Туманянц

1885-го года
12-го дня Марта
Городъ Тифлис