Jump to content

Թումանյանի նամակներ/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
նամակ Օլգա Թումանյանին
Աղբյուր. ԵԼԺ հ9, էջ 11,
ծ. ― էջ 477

4. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս―Աղստաֆա

31 հոկտեմբերի 1889 ամի, ի Տփխիս

Օլա ջան,

Չեմ կարող չխոստովանիլ, որ շատ ձանձրալի են ինձ համար այս օրերը, չնայելով, որ, իհարկե, միայնակ չեմ բոլորովին, ինչքա՜ն երկար են թվում ինձ այս ժամերը, այժմ ես զգում եմ հատկապես, որ ոչ ոք չէ կարող փոխարինել քեզ ինձ համար. զարմանալի բան, երազի նման եմ հիշում քո այստեղ եղած ժամերը։ Զգալի է դառնում ինձ համար քո բացակայությունը, մանավանդ, երբ վերադառնում եմ կոնսիստորիայից կամ երեկոյան տուն եմ գալիս։

Բարևիր մեր կողմից Մուշեղին, հայրիկին, մայրիկին, Գիգոլին և Կատոյին։ Շաքարն այստեղ է և խնդրում է, որ մեզ համար թեյ բերելիս իրան համար էլ մի երկու գրվանքա բերեք։

Գրիր, թե երբ եք գալու, որ գամ երկաթուղու կայարանը։ Արդեն բոլորը քնած են, (ժամը 11½ է) ես եմ միայն, որ արթուն եմ և նամակ եմ գրում ահա։

Քո Հովհաննես Թումանյան

<Հ. Գ.> Օլա ջան, մոռացա գրելու, որ անցյալ գիշեր երազում քեզ տեսա. թե ինչպես, ինչ դրության՝ ափսոս մոռացել եմ։