Jump to content

Թումանյանի սևագիր և անավարտ գրառումներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թումանյանի սևագիր և անավարտ գրառումներ
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 560
ծ. ― էջ 813
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ


ԳՐՈՂԻ ԿՅԱՆՔԻՑ

Ես ու օրիորդ X սիրում էինք իրար․ նա եկավ իմ առանձնասենյակը— ես ցույց տվեցի իմ գրադարանը և սկսեցի Շեքսպիրը գովել— պատմել— թե ինչպես եմ սիրում, և այլն։

Նա հանկարծ ծիծաղեց, սկսեց քամահրել իմ կուռքը և գոնե քաղաքավարության նշույլ անգամ չտվեց։

Ես նրան ատեցի այդ րոպեից, մենք շուտով սառանք— և նրա մի ընկերուհին ինձ ցույց տվեց նրա մի նամակը— թե ինչպես էր նա խանդոտվել, նախանձվել, երբ իմացել էր, թե ես Շեքսպիրին այնքան եմ սիրում, որ ոչ մի բան այնքան— և երբ լսում է Շեքսպիրի անունը կամ տեսնում է, ուզում է պատռել։


<ՎԻՃՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐՈՎԻՆ>

Վիճում են բոլորովին այլ բանի մասին— երբ տեսնում է, որ տարվում է գոռում է— ոչ, ես թույլ չեմ տալ[1] ոտքելու հասարակության իրավունքը, դուք բռնաբարում եք, ազգերը դարերով կռվել են այդ իրավունքների համար— մարդկության լավագույն զավակները․․․

Դուք այսօր ուզում եք ժողովրդին, բայց կզարթնի այդ ժողովուրդը[2]— նա մեզ հետ է— նա թույլ չի տալ ձեզ ոտքելու յուր սրբազան իրավունքները[3], դուք չեք սարսափում[4] ժողովրդի ներկայությունից (ամբոխը հուզվում է ու աղմկում)։

(Այս բոլորից հետո, հերոսը միայնակ տանը— ծանր է, ծանր, ծանր)։




ՏԱՆՋՈՂ ՁԱՅՆԵՐ

Ուզում է թողնել– երեխաներին– վերցնել տանել, երբ խնդիրը վերջացվի։

— Բաս ես ինչպես մնամ առանց երեխաների[5]։— Նորից ձայն տվեց իմ հիվանդ խղճին— տանջվում է։


Գնում է վրդովված փաստաբանի մոտ։ Ո՞ւմ են պատկանում օրենքով երեխաները— հորը։

— Լավ— խնդում է։

Ապա կրկին տանջվում է, մտորում— ես նրան կթողնեմ— ես կարող եմ նրանից հեռանալ– բայց ի՞նչպես զրկեմ նրանց իրանց մորից, ի՞նչ իրավունքով— այդ ժամանակ երեխան ձայն է տալիս՝ մայրիկ, մայրիկ և այլն։

Ահա ինչ է հասկանում նա, քո մայրը քեզ վերցնում է— դու ահա —

Բայց ինչ է հասկանում նա– նա միայն մի բան գիտի– այն է, որ յուր մայրիկն ամենաթանկն է աշխարհում— նրանից չի բաժանվիլ, եթե բաժանի։

Ապահարզան[6]— Մի գրական մարդ է եկել[7]— խոսում են մի քիչ, մտնում է մյուս սենյակը կնոջը ասելու, որ գա[8] բարևի և այլն— նա մրթմրթում է, թե ամեն մի հիմարի տուն կգցի, ու դեռ արի հետն էլ բարևիր․

— Ինչ հիմար, ախր դա[9] հայտնի և այլն։

— Հողեմ դրա գլուխն էլ, իրան վեպերինն էլ,— դուրս է գնում, կրկին խոսում են (մյուս բաժնում)։

— Ախպեր, զարմանալի մարդիկ ենք մենք— ինչքան էլ կրթվենք, էլի ասիացի ենք[10], դու էլ քո կնոջը X-ի նման ես պահում— չես ուզում մարդու հետ ծանոթանա․

— Չէ, նա ազատ է։




<ԺՈՂՈՎՈՒՄ ՆԱ ՎԵՐ է ԿԵՆՈՒՄ>

Ժողովում նա վեր է կենում խոսալու թե չէ կամ մի անմեղ բան է ասում— նա ծափահարում է, գոռում է՝ կեցցե։ 

Տեսեք, դրանց հիմա նա ինչ կանի— մտադիր է և այլն և մի գաղտնիք է դուրս թողնում։

Կարծում է, որ խոսում են նրա և տիկնոջ մասին ու բամբասում— հրապարակավ գոռում— թե ո՞վ է ասում, թե նրանք իրար սիրում են, նրանք որոնք ասում են և այլն, և այլն։


<ԱՇՈՒՐԱ>

Մի քանի ժամանակ անցնելուց հետո[11] Ստեփանին թողեցին ազատ շրջելու[12], ուղարկում էին շալակով փայտ բերելու և այլն։

Մի քանի ժամանակից հետո Ստեփանին[13] ազատ թողնում են աշխատելու, շրջելու։

Եվ ահա սիրահարները ժամադիր են եղել մի տեղ— անտառում, այնտեղ են խոսում, բացվում, խոստանում միշտ այնտեղ գալ։

Բայց մյուս անգամ գալիս է[14] Աշուրան և նա այլևս չկա, նա լալով ման է գալիս, որոնում անտառում, կարծում է հանաք է արել, թաք կացել, բայց նա չկար։

Շուտով լուր է տարածվում, թե փախել է գերին, բայց Աշուրան կրկին գալիս էր այն ծառերի տակ որոնում, կանչում X-ին։


Նրանք հայեր են, և այդ միացնում է նրանց։

Զանին— Իմ մոր, հոր, եղբորս, մեր տան, ընկերներիս, հայրենիքիս կարոտը քեզանից եմ ուզում… Իմ սիրտը սրանց չի սիրիլ, սրանք ինչ են հարցնո՞ւմ սիրտը…

Լռեց Զանին. լուռ էր Ա<շուրա>ն և այդ լռության մեջ տխրությունը ճմլում, քամում էր նրանց սրտերը։

— Դու էլ ինձ նման— ո՞վ գիտի, ո՞ւմ ես թողել…


(Պատմում է իրանց գյուղի դիրքը, գերի ընկնելու պատմությունը)։




<Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԲԱՆՆ-Ի>

Ի սկզբանե էր բանն-ի բացատրությունը. Գանձակեցի Մելիք Մնացականը մի մարմնի տաքություն չափելու ջերմաչափ է ունենում, ամառվան (Գանձակի) շոգին[15] սաստիկ շոգում է։ Ծառային ղրկում է, թե տես քանի աստիճան է։ Ծառան գնում է— գալիս, թե՝ զրոյից էլ չորս աստիճան ցած է․

— Բա՛, ես էլ ասում եմ ընչի եմ մրսում— գնա մի քուրքս բեր, էս ինչ ցուրտ ա էլել։




<ՆՅՈՒԹԵՐ>

Տղեք, մելիք Սարգսյանց մի կարաս կարմիր գինի ուներ, չէր ծախում, սպասում էր, որ պատերազմ լինի, միշտ հետաքրքրվում էր, հեռագիրներ էր կարդում, հարցուփորձ անում, որ Անգլիան ու ռուսը կկռվեն, Տաճկաստանը վեր է կենում և այլն—

Կամ խոլերա պետք է լինի— ասում են, Բաքու մի օրումը հինգ հոգի հանկարծամահ են եղել (Կարմիր գինին է ամրանալու միջոցը— ով գիտի, շիշը կտա։) և այլն— Հնդկաստանում օրը 5000 հոգի մեռնում են— անպատճառ կգա։


<ԵՂՆԻԿՆ ՈՒ ԿՐԻԱՆ>

Վիրավոր եղնիկը փախած հանդիպում է կրիային։

— Ինչ է պատահել։

— Որսկանը զարկեց։

— Ա՜խ[16], ինչ են ուզում էդ անգութ մարդիկ մեզանից,— հառաչեց կրիան։

— Երանի որսկանն ինձ տասը գնդակ տար, միայն թե դու չխառնվեիր մեր նախրին,— պատաս<խանեց> եղնիկը։


ԱՂԱՅԻ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՑՈՒՆԸ

Գնաց էն աշխարհքը– հրեշտակն առաջն եկավ– ուզեց գայթակղեցնել[17] (հանեց իր թղթերը բարեգործ), հրեշտակը ժպտաց, և նա ուզում էր ձեռք գցել– բանը բացվեց– եկավ Սատանան։

Սատանան ուզում էր նրան նետել– հնոցը– ով եք դուք– ես հակառակ աստուծո– ախար ես նրա օրենքներն եմ ոտի տակ տվել, ես նրա դեմ եմ գնացել– Չար ոգին մտածեց– ճիշտ որ։


<ԱՂՎԵՍԻ, ՀՐԵՇԻ ԵՎ ՄԱՐԴԻ ԱՌԱԿԸ>

Աղվեսի, հրեշի և մարդի առակը– որ հրեշն ուզում է ուտի– ում մոտ գնում են ասում է պետք է կերած լինեիր վաղուց– աղվեսն ուզում է ազատել– և մինչդեռ սպանելու վրա է մարդուն դյուր է գալիս նրա մորթին– քարով զարկում է– աղվեսը թողնում է ու կանչում– ես բան չեմ ասում– միայն ինքդ մտածիր, թե էս ինչ բանի վրա եմ տա<ռապում>․․․


Տողատակեր

[խմբագրել]
  1. տալ[ու]
  2. [ես և]
  3. [ահա նա]
  4. [նրա]
  5. [Ահա]
  6. [տանջող ձայներ]
  7. [մտնում է մյուս]
  8. [ծանոթացնի]
  9. [մեր]
  10. [տիկնոջը]
  11. [ազատ թողեցին]
  12. [և շուտով հավատացին նրան իրանց ոչխարները]
  13. [իրան]
  14. [ֆու]
  15. [նստած]
  16. [երանի իմանամ]
  17. [վե<ր>]