Jump to content

Ժամանակակից օրորանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ժամանակակից օրորանք


Օ՛ր-օ՛ր-օ՛ր, բալա՛ս, օ՛ր-օ՛ր-օ՛ր, ջանի՛կ,
Կուզեմ քեզ կյանքում տեսնել երջանի՜կ։

Հերըդ հարուստ էր, հարուստ էլ մեռավ,
Ո՜ւմ փողերն ասես կյանքում չըկերավ.
Ժըլատ ու գըծուծ, մարդ չէր մեղքանում,
Խիղճը փողումն էր, հոգին-գրպասում.
Գրպանից զոռով կոպեկ հանելիս,
Հետն էլ հոգուցն էր մի կտոր տալիս…
Ողորմի՜ հոգուն… էդ ճանապարհով
Քեզ էլ գանձ թողեց ու կյանք ապահով.

Օր-օր-օ՛ր, բալաս, օր-օր-օ՛ր, ջանի՛կ,
Կուզեմ քեզ կյանքում տեսնել երջանի՛կ…
Կըվարձեմ դայակ ու դաստիարակ՝
Մամզել ու մյուսիո, որ ազա՜տ, արա՜գ
Միտքըդ զարգացնեն, աչքըդ բաց անեն,
Կյանքի նորանո՜ր ճամփեքով տանեն…
Փորձ, շիկ ու ճաշակ շատ ունեն նրանք,
Անմեղ գառի պես, դու կյանք չես մտնիլ.
Կյանքի համ ու հոտ, գաղտնիքներ բոլոր
Նըրանք լա՜վ գիտեն… Որդի ջան, օ՛ր-օ՛ր…

Օր-օր-օ՛ր, բալա՛ս, օր-օր-օ՛ր, ջանի՛կ,
Կուզեմ քեզ կյանքում տեսնել երջանի՛կ։

Քեզ ուսում կըտամ, բարձրագույն ուսում,
Մեր դարը, որդի՛ս, դիպլոմ է ուզում.
Դիպլոմը ծոցիդ՝ հինգ տասը տարից
Հայրենիք կըգաս օտար աշխարհից,
Կոկված ու փոխված, քեզ չե՛ն ճանաչի,
Կասեն — սա իսկի հայի նըմա՜ն չի…
Տա՛ աստված, որդի՛ս, նըման չըլինես,
Հայի անունը կե՜ղտ կըբերի քեզ…
Օր-օր-օ՛ր, բալա՛ս, օր-օր-օ՛ր, ջանի՛կ,
Կուզեմ քեզ կյանքում տեսնել երջանի՜կ։


Կյանքը թատրոն է… Ամեն մարդ պիտի
Նախշած երեսով բեմ դուրս գա, որդի՛.
Սաղ կյանքըդ խաղա՛, եղի՛ր դերասան —
Մի օր Ժան-Պիեռ, մի օր թուրք Հասան…
Նեղի՛ր անզորին, պատվի՛ր ուժեղին,
Միշտ դերեր փոխիր ժամի՜ն ու տեղի՜ն…
Թե կին էլ ուզես՝ ծուո քիթ ու բերան,
Ամո՜թ չի, միայն մե՜ծ օժիտ վերան…
Օր-օր-օ՛ր, բալա՛ս, օ՛ր-օ՛ր-օ՛ր, ջանի՛կ,
Կուզեմ քեզ կյանքում տեսնել երջանի՛կ…