Երկու խոստովանանք
Արտաքին տեսք
Երկու խոստովանանք
— Տեր-հա՛յր, մեղքերիս թողությո՛ւն արա.
«Պատմի՛ր, զավակըս. ի՞նչ մեղք ես գործել»։
— Ոստիկան էի՝ բանտապետ դառա,
Իմ ճանկից մարդիկ մահո՜վ են պըրծել…
Վա՜յ ինձ, բազո՜ւմ են իմ մեղք ու արատ —
Սիրե՜լ եմ կաշառք, սիրե՜լ գողություն…
«Է՛հ, ոչի՜նչ, որդիս, տե՜րն է գթառատ,
Մեղքիդ թողությո՜ւն…»։
— Տեր–հա՛յր, մեղքերիս թողությո՜ւն արա,
«Պատմի՛ր, զավակըս, ի՜նչ մեղք ես գործել»։
— Սխալմամբ պաս-օր բերանըս առա
Մի կտոր երշիկ… Պասն էի մոռցել…
Տեր-հա՛յր, մասն արա ինձ սուրբ հաղորդի,
Ուրիշ մեղք չունեմ, երկի՜նքըն է վկա.
«Օ՜, մե՛ծ է մեղքըդ… քեզ համար, որդի՛,
Թողություն չըկա…»։