Ժողովրդական վարժապետներ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏՆԵՐ
Վերջին տասը տարվա ընթացքում դպրոցները մեզանում զարմանալի արագությամբ աճել սկսան. նորերը ավելցան, իսկ հները աշխատեցին փոքր ի շատե կանոնավոր կերպարանք ստանալ: Եվ մինչև անգամ աղքատ գյուղացին իր որդիքը տիրացուների և տերտերների տներից հեռացրեց, և մտածեց իր եկեղեցուն կից փոքրիկ վարժարան ունենալ75:
Դա գեղեցիկ երևույթ էր. դա ժողովրդի մտավոր շարժողության նշան էր, որ աշխատում էր ժամանակի պահանջների համեմատ վարվել:
Բայց մյուս կողմից, աչքի է զարկում մի շատ տխուր երևույթ:
Երբ որ քննում ենք «Մշակի» և «Մեղուի» մեջ վերջին տարիներում տպված բազմաթիվ թղթակցությունները դպրոցների մասին, տեսնում ենք, որ ամեն տեղ, ամեն դպրոցներում, միևնույն անախորժ և վնասակար երևույթները կրկնվում են անդադար: Ի՞նչ: — Անհամաձայնություն դպրոցների հոգաբարձության և տեղային հոգևոր իշխանության ներկայացուցչի մեջ, անհամաձայնություն տեսչի և հոգաբարձության մեջ. անհամաձայնություն վարժապետների և տեսչի մեջ. անհամաձայնություն հոգաբարձուների և վարժապետների մեջ. — մի խոսքով դպրոցների չորս գործիչները, այսինքն` հոգևոր իշխանության ներկայացուցիչը, ժողովրդի կողմից ընտրված հոգաբարձությունը, տեսուչը և վարժապետները` անդադար կռվում են միմյանց հետ և առիթ են տալիս անվերջ խռովությունների, որոնք դպրոցի գավթից անցնում են ժողովրդի մեջ և հարուցանում են կուսակցությունների միմյանց դեմ հուզմունքը...
Դրանք շատ ցավալի երևույթներ են, որոնց մասին մեր լրագրությունը ավելի պարապվել է անցքերի նկարագրություններով, քան թե նրանց արտադրիչ պատճառների քննություններով:
Եվ հիշյալ խռովությունների ու անհամաձայնությունների մեջ պետք է որոնել մեր դպրոցների հետամնացությունը, որ նրանք ամենևին չեն հասնում նպատակի, և չեն կարողանում տալ ժողովրդին այն, ինչ որ նրան պետք է. և ժողովուրդը ստիպված է դարձյալ իր որդիների մտավոր սնունդը որոնել օտար աղբյուրներում:
Հայտնի բան է, դպրոցների կյանքում մի այնպիսի նշանավոր փոփոխություն, որ եղավ վերջին տարիների ընթացքում, չէր կարող անցնել առանց ներքին կռիվների և առանց աղմուկի: Բայց ցավալին այն է, որ կռիվը, աղմուկը ավելի կրքերի և դրա ու նրա շահերին են ծառայել, քան թե որևիցե գաղափարի, որ վերաբերում էր բուն հիմնարկության բարեկարգությանը:
Այս գործին ավելի ձեռնհաս եղող անձինքների վրա, որպիսի են մեր պ.պ. թեմական տեսուչները, պարտավորություն դնելով պարզել վերոհիշյալ տխուր երևույթների պատճառները, մենք կվեր առնենք մի ճյուղը միայն, այսինքն վարժապետներին, և կխոսենք նրանց մասին:
***
Մեր խոսքը գավառական վարժապետների մասին է:
Գավառական վարժապետները ըստ մեծի մասին կանչվում են Թիֆլիսից դպրոցների հոգաբարձության հրավերքով: Հոգաբարձուները վաճառական մարդիկ լինելով, վարժապետների ընտրության մեջ վարվում են ճիշտ այն կերպով, ինչ կերպով որ վարվում են իրանց առևտուրի մեջ: Օրինակ, նրանց մեկին պետք է շաքար, գրում է իր Թիֆլիսի գործակատարին, թե 100 պուդ շաքար ա՛ռ և ուղարկիր: Գործակատարը գնում է այնքան արկղներ, որոնք պարունակում են իրանց մեջ շաքարի պահանջված քանակությունը, և ուղարկում է, առանց յուրաքանչյուր արկղը առանձին-առանձին նայելու, որովհետև վստահություն ունի ծախողի հավատարմության վրա:
Հոգաբարձուն գրում է իր գործակատարին կամ ծանոթ մեկ վաճառականին, թե մի վարժապետ ուղարկիր (կարծես, դա էլ բազարում ծախվող մթերք է): Ի՞նչ անե խեղճ վաճառականը. իրա խելքի բան չէ. իրան անծանոթ մի ապրանք է վարժապետը, — այստեղ է հարցնում, այնտեղ է հարցնում, և շատ-շատ մի հայտարարություն է տպել տալիս «Մեղուի» կամ «Մշակի» մեջ:
Քարվանսարաների պուճախները պտրելով, հայտնվում է վաճառականի մոտ մի անծանոթ պարոն: — Ես վարժապետ եմ, — լինում է նրա առաջին խոսքը: — Հա՛, ինձ էլ մի վարժապետ է պետք, — ասում է վաճառականը և խնդրում է նստել: Վաճառականը հայտնում է, թե ինչ առարկայի համար է պահանջվում վարժապետը: Իսկ պարոն ցանկացողը ցույց է տալիս, թե ինքը ոչ միայն պահանջված առարկան, այլ «ամեն բան» կարող է դաս տալ և ավելացնում է մի քանի հրաշալիք իր անցյալ գործունեությունից: Պայմանների մեջ հաշտվում են և պարոն վարժապետը կանխիկ ստանում է մի գումար, իր պատառոտած կոշիկները և մաշված հագուստը փոխում է, և ճանապարհ է ընկնում:
Նա հասնում է նշանակված տեղը: Հոգաբարձությունը մի քանի ամսից հետո կամ տարվա կեսին հասկանում է պարոնի անընդունակությունը: Բայց ի՞նչ կարող է անել. պ. խաբեբան մի կամ երկու տարով հաստատ պայման է կապել. տուգանք է նշանակել, կանխիկ փող է ստացել, ի՞նչպես արտաքսել նրան, և կամ ո՞ւմը դնել նրա տեղ...: Դպրոցը ստիպված է քաշ գալ մի անպիտանի հետ, մինչև ժամանակի լրանալը...
Վարժապետների մեծ մասը այսպես են ընտրվում:
***
Իսկ այն դպրոցներում, որ ունեն տեսուչներ, վարժապետներ հրավիրվում են ավելի տեսչի ընտրությամբ: Չխոսելով տեսուչների ի՛նչ տեսակ մարդիկ լինելու վրա, այսքանը միայն կասենք, որ այս պարոնները իրանց հանձնված դպրոցների վրա կատարելապես տիրելու համար աշխատում են շրջապատվել իրանց սրտին մոտ եղող մարդիկներով — կույր հնազանդներով: Այնքան վնաս չուներ, եթե ընտրեին իրենց գաղափարակիցները, այսպիսով գոնյա դպրոցը կպահպաներ իր ուղղությունը և միակերպությունը: Բայց այստեղ ուսումնական նպատակը կուլ է գնում վարչականի մեջ, — տեսուչը վարվում է դպրոցի հետ այնպես, որպես մի պաշտոնական անձն, որ աշխատում է իր ստորադրյալները իր շահերին համապատասխանող մարդիկ լինեն...: Եվ նա շուտով հավաքում է իր թևի տակ հին ծանոթներին, բարեկամներին, և դպրոցը դառնում է զանազան շահախնդիրների համար հացի գործարան:
Իհարկե, այդ նպատակների մեջ չէ կարող օրինավոր ընտրություն լինել, քանի որ ցանկացող վարժապետների մեջ ազատ մրցություն չէ լինում. և տեսչի ընտրած վարժապետը նույնը կլինի, ինչ որ էր պարոն հոգաբարձուի գործակալի ուղարկածը և գուցե ավելի վատ, և ավելի խարդախ մեկը:
Եվ վնասակարն այն է, որ տեսուչները շատ անգամ իրանց այս ինչ բարեկամին, որպես հարմար գործիք, ձեռքի տակ ունենալու մտքով և կամ նրա համար ապրուստի մի աղբյուր բաց անելու համար, մտցնում են դպրոցի մեջ նոր-նոր առարկաներ, որ ավելորդ են, և այսպիսով դպրոցի պրոգրաման հարմարեցնում են ոչ թե դպրոցի պահանջներին, այլ իրանց ցանկացած մարդիկների ընդունակությանը: Եվ այսպես էլ է պատահում, որ տեսուչը մի նոր վարժապետի համար տեղ բաց անելու մտքով, շատ անգամ ստիպված է հեռացնել մի հին վարժապետ, որ գուցե ավելի ընդունակ էր իր գործին: Նա մի կերպով հաջողեցնում է: Բայց նոր մտնողը չգիտե այն առարկան, ինչ որ հինն էր դաս տալիս, փույթ չէ, նա կարող է պարապել այն առարկայով, ինչ որ ինքը գիտե, — և հին առարկան դուրս է ընկնում դպրոցի պրոգրամայից...:
Եվ այսպեսով, տեսչի իր պաշտոնի մեջ մտած օրից, նրա և հին վարժապետների մեջ սկսվում է մի ներքին կռիվ, որ պատճառ է տալիս անվերջ խռովությունների, որովհետև հներն էլ ունեն իրանց հին կապերը` կամ մի քանի ձայն ունեցող հոգաբարձուների հետ, կամ սրբազանի հետ, և կամ ժողովրդի մեջ նշանավոր, ու միևնույն ժամանակ դպրոցի վրա ազդեցություն ունեցող անձինքների հետ: Այս տեսակ վարժապետները հին ծառեր են, թեև ծերացած, բայց հողի մեջ խորին արմատ ունեն ձգած, նրանց տեղից շարժելը հեշտ բան չէ:
Բայց որովհետև մեր տեսուչների կյանքը շատ կարճ է լինում, նրանց հեռացնելուց հետո` հեռացվում է և նրանց կուսակիցների ամբողջ խումբը: Դպրոցը ենթարկվում է նոր փոփոխությունների...
***
Շատ անգամ հոգաբարձուները կամ նրանց մի մասը, նույնն են անում, ինչ որ անում է տեսուչը, այսինքն` մտցնում են դպրոցի մեջ մի մարդ, որ իրանց ավելի մոտ էր, որ կարողացել էր կողմնակի միջոցներով նրանց հաճությունը գրավել: Այստեղից առաջ է գալիս նույնպես անհաշտություն, կամ հոգաբարձուների միմյանց դեմ և կամ նրանց ու տեսչի մեջ, եթե վերջինս առաջինների հետ համաձայն չէր:
Շատ անգամ տեղային հոգևոր իշխանության ներկայացուցիչն է անում միևնույն բանը, աշխատելով մտցնել դպրոցի մեջ մի մարդ, որ նրան ամենայն ջերմեռանդությամբ խնկարկում է, և այս ու այն լրագրում, կեղծ անուններով, գովասանական նամակներ է հրատարակում սրբազանի, կամ գերապատիվ հայր-սուրբի չգործած ազգօգուտ գործերի մասին: — Դարձյալ խռովություններ են ծագում…:
Շատ անգամ նույնը անում է մի «աղա», որն ամենևին դպրոցի վարչության հետ կապ չունի, բայց ժողովրդի մեջ մեծ համարում և ազդեցություն ունի: Նա իր աղքատ բարեկամի համար հաց գտնելու մտքով, իսկույն խրում է նրան դպրոցի մեջ: Եվ կամ ցած շողոքորթի մեկը կարողանում է «աղայի» փառասիրությունը հրապուրել և նրա մեջ պաշտպանություն գտնել: «Աղան» ամեն ինչ կքանդե, դպրոցը տակնուվրա կանե, եթե իր ցույց տված մարդուն չընդունեն իբրև վարժապետ: Թող նա լիներ հիմար և անընդունակ մեկը, բայց ո՞վ կարող է ընդդիմանալ, երբ որ «աղան» հրամայում է…: Դարձյա՛լ խռովություններ... Որովհետև «աղաները» միշտ ունենում են ուրիշ «աղաներ» որպես հակառակորդներ:
Հիշյալ կրքերից ազատ չեն մնում և լրագիրների76 ու ամսագրերի խմբագիրները և դասագրքերի հեղինակները: Շատ անգամ գավառներից դրանց են դիմում վարժապետների համար. և այդ պարոնները գավառներում գործակալներ և թղթակիցներ ունենալու համար` իսկույն խրում են պահանջված տեղում իրանց ցանկացած մարդը:
***
Վարժապետների վերաբերությամբ դպրոցների գործը ոչ սակավ խառնում են և քահանաները, որոնք իրանց բազմամյա խարդախություններով մի տեսակ համարում են ստացել ժողովրդի մեջ: Դրանք միշտ ունենում են իրանց ձեռքի տակ մի զորեղ կուսակցություն: Ամեն տեղ դրանք նման են միմյանց և ծառայում են որպես հարմար գործիք «աղաների» և հոգևոր իշխանության ներկայացուցչի ձեռքում: Վերջինը կարոտություն ունի նրանց մեջ, որովհետև հմուտ որսորդներ են...: Իսկ առաջինները կարոտություն ունեն, որովհետև լավ լրտեսներ են...: Որպես ժողովրդի մոտ մարդիկ, որպես ամեն ծակ մտնողներ, այս քահանաները կարողանում են ամեն տեղից խաբարներ բերել և մեծ ինտրիգներ սարքել: Իսկ շատ տեղերում նրանք այն աստիճան բռնանում են և ազդեցության տեր են դառնում, մինչև նույնիսկ առաջնորդը կամ փոխ-առաջնորդը մի տեսակ կախումն են ստանում նրանցից, և ստիպված են նրանց կամքով վարվել, — հակառակ դեպքում տեր-հայրը պատրաստ է ժողովրդի մեջ մի մեծ փոթորիկ հարուցանել և հետո առաջնորդին Էջմիածնի ճանապարհը ցույց տալ...
***
Ես նպատակ չունեմ մատնանիշ անել որևէ անձի վրա, փառք աստուծո, այսպիսի քահանաների թիվը այնքան շատ է մեզանում, որ փաստերի կարոտություն չկա: Բայց այսքանը կասեմ, որ ոչ ոք այնքան վտանգավոր չէ ժողովրդի համար, որպես խորամանկ և խռովարար քահանան: Եթե այս հատկությունները լինեին մի «աղայի» մեջ, ժողովուրդը կարող էր իր հարաբերությունները կտրել նրա հետ, բայց ի՞նչ անե նա քահանայի հետ, քանի որ կապված է նրա հետ կրոնական կապերով և միշտ նրա մեջ կարոտություն ունի: Եվ շատ անգամ անկարելի է լինում հեռացնել այսպիսիներին, որովհետև նրանք, որպես ասացինք, ունեն իրանց ձեռքի տակ մի զորեղ կուսակցություն, և բացի սրանից, ունեն ծածուկ կապեր Էջմիածնի այս ու այն սրբազանի հետ... Նրանց կապերի մասին չէ մեր խոսքը, մենք պետք է խոսենք, թե որպես խառնում են դպրոցների գործերը:
Այս տարի, իմ Թիֆլիսում եղած ժամանակ, գավառական ուսուցիչների մեծ մասը հավաքվել էին այնտեղ, որովհետև արձակուրդի ժամանակ էր: Մենք շատ անգամ հանդիպում էինք «Եվրոպա» հյուրանոցում կամ Շենինգի մոտ: Համարյա ամենի բերանից միևնույն գանգատներն էին լսվում. — ամեն տեղ բռնացել է մի չարագործ քահանա և դպրոցի վերաբերությամբ ինչ անկարգություններ ասես, անում է: Նա վարժապետներ է դնում, վարժապետներ է փոխում, չնայելով, որ ինքը դպրոցի կառավարության մեջ գործ չունեցող մի մարդ է: Եթե ուրիշ կերպով նրան չհաջողվի, այն ժամանակ նա ունի իր ձեռքում մի հեշտ միջոց հեռացնելու իր ուզած վարժապետին, — բավական է, որ տարածե ժողովրդի մեջ, թե այս մարդը անկրոն է, խաչին կամ պասին չէ հավատում… պրծա՛վ գնաց...
Մի քանիսի համար պատմում էին, թե սովորություն ունեն վարժապետի ռոճիկից ծածուկ «տասնորդ» վեր առնել, եթե վերջինս չհոժարվի վճարել, պետք է թողնե դպրոցը: Հակառակ դեպքում, տեր-հայրը կարող է նրան հազար ու մեկ կերպով վնասել: Մեկի համար ասում էին, թե մինչև անգամ իր ձեռքի տակ ունի սրիկաներ, որոնք պատրաստ են տեր հոր ամեն տեսակ հրամանները կատարելու, որքան և ավազակային կամ եղեռնական լինեին:
Մենք լսել էինք, թե քահանաները մոցիքուլություն են անում, և թե՛ աղջկա, թե՛ տղայի կողմից առատ «աջահամբույր» են ստանում. մենք լսել էինք, որ քահանաները մինչև անգամ կավատություն են անում, բայց չէինք լսել, որ քահանան մի վարժապետի պաշտոն գտնելու համար աչք դներ նրա ողորմելի ռոճիկին:
Մենք մեր ընթերցողին ցույց տվեցինք, թե որպես են վարվում վարժապետների ընտրության մեջ դպրոցների կառավարության հինգ գլխավոր գործիչներն, — այսինքն` հոգաբարձությունը, տեսուչը, հոգևոր իշխանության ներկայացուցիչը, «աղաները» և խռովարար քահանաները: Այժմ խոսենք այն բանի վրա, թե ի՞նչ հետևանք են ունենում այս տեսակ ընտրությունները:
Շա՛տ հասկանալի է, թե ի՛նչ. — նախ, դպրոցը չէ ծառայում իր բուն նշանակությանը, իր իսկական նպատակին, այլ նա դառնում է զանազան կրքերի խաղալիք. նա դառնում է մի հիմնարկություն, որի միջից կռիվը, խռովությունը անպակաս են լինում: Երկրորդ, տարակույս չկա, որ շահեկան նպատակներով ընտրված վարժապետներ չեն կարող իրանց պաշտոնին ընդունակ մարդիկ լինել. — Բայց այս վարժապետները առաջ են բերում ուրիշ շատ անկարգություններ ևս: Ի՞նչ:
Ինձ պատահել է քննել մի քանի դպրոցների ծրագիրները. ի՞նչ եք կարծում, այդ ողորմելի ծրագիրները յուրաքանչյուր տարվա ընթացքում, և երբեմն միևնույն տարվա մեջ երկու անգամ փոխվել են: Ծրագիրները անդադար փոխվել են, որքան անգամ փոխվել են վերոհիշյալ հանգամանքներով վարժապետները: Նոր մտած վարժապետները, իրանց նախորդների անընդունակությունը ցույց տալու համար, սկսել են իրանց խելքին զոռ տալ մի նոր ձև և մի նոր պրոգրամա մտցնել: Եվ այսպես. հին վարժապետների հիմնածը միշտ նորերն քանդելով, առիթ են տվել անվերջ փոփոխությունների: Վարժապետները չեն ենթարկվել դպրոցի մեջ ընդունված մի որոշ պրոգրամայի կանոններին, այլ միշտ պրոգրաման է ենթարկվել վարժապետների կամայականությանը: — Այսպիսի դեպքերում, հայտնի բան է, դպրոցը կկորցնե իր նշանակությունը և մի որոշ նպատակի ծառայել կարող չէ:
Այս դրության մեջ շատ հասկանալի է և աշակերտների վիճակը, նրանք անդադար պետք է փոխեն իրանց ուսանելի առարկաները, — մեկը պետք է կիսատ թողնեն և մյուսը սկսեն, և շատ անգամ ստիպված պիտի լինին միևնույն առարկան զանազան վարժապետից զանազան կերպով սովորել: Նոր վարժապետը, ասելով, թե իր նախորդը չէ հասկացել, վատ է դաս տվել, — միշտ սկսում է գլխից, և սկսում է բոլորովին ուրիշ եղանակով: Որքա՞ն դժվար է աշակերտին մոռանալ տալ մի առարկա, որի վրա տարիներով տանջվել է, և նույնը նորից սկսել նոր ձևով:
Նոր վարժապետը չէ շարունակում հնի սկսածը, այլ միշտ վերադառնում է սկզբին: Այդ առաջանում է վարժապետների տարբեր կրթութենից, որոնք չեն ենթարկվում մի որոշ մանկավարժական եղանակի, այլ ամեն մեկը ուսուցանում է որպես ինքն է սովորել: Եվ չէր կարող լինել նրանց դասատվության եղանակների մեջ միակերպություն, որովհետև չեն պատկանում մի որոշ շկոլայի:
Վարժապետների այս տեսակ վարմունքը առաջանում է շատ անգամ նրանից, որ երբեմն ինքը վարժապետը չգիտե իր առարկան և կամենում է շառլատանությամբ անցկացնել. — նրան հեշտ է մի առարկա գլխից սկսել, քան թե շարունակել, որովհետև, երբ գլխից է սկսում, ինքն փոքր առ փոքր սովորելով, կարողանում է դաս տալ: Այս տեսակ վարժապետները, որպես ռամկորեն ասում են, իրանց «դալլաքությունը» ողորմելի դպրոցի գլխի վրա են սկսում սովորել. և կարողանում են շարունակել, որովհետև նրանց վրա կոնտրոլ չկա. նրանք դպրոցի վարչության մեջ պաշտպաններ ունեն, և իրանց «խաթրի» համար են պաշտոն տվել...
Եվ այսպես, նոր վարժապետը միշտ հնի աշխատությունը մերժում է և ուսման ընթացքը խանգարում է: Աշակերտի հավատարմությունը և սերը դեպի իր ուսանելի առարկան կորչում է, որովհետև նրան անդադար ասում են, թե քեզ ծուռն են սովորեցրել, պետք է նորից սովորես: Եվ յուրաքանչյուր վարժապետ, մի կամ երկու տարի մի դպրոցում մնալով, ամեն ինչ քանդում է, տակնուվրա է անում, և վերջը զզվեցնելով, թողնում և հեռանում է: Եվ եթե նրանից հետո եկողը մի խղճմտանքով մարդ է լինում, նա հազիվ թե կարողանում է իր նախորդի քանդածները շինել…
***
Վերոհիշյալ հանգամանքների մեջ, իհարկե, դպրոցներում ոչ միայն ուսանելի առարկաների համակարգություն և մինը մյուսին համապատասխան ներդաշնակություն չէ կարող լինել, — այլ դպրոցները մինչև անգամ չեն կարող տալ ժողովրդին և այն բանը, որ կոչվում է հասարակ դպրություն կամ գրագիտություն (грамотность): Այսպիսի դպրոցները միշտ զուրկ կմնան որոշ ուղղությունից, և ուսանելի առարկաների մեջ ներքին կապ չէ կարող լինել, այլ նրանք այնպես խառնիխուռն կերպով ածված կլինեն ողորմելի աշակերտների գլխում, որպես անկապ մթերք: Այլևս չեմ խոսում վարդապետների մանկավարժական եղանակների վրա, որոց ամեն մինը իր էշը իր եղանակովն է քշում...
Մեզանում մի առած կա, թե «ագռավն ուզեց կաքավի երիշով (ընթացքով) գնալ, իր երիշն էլ կորցրեց»: — Միշտ այդպես է լինում, երբ մարդ իր սովորականը թողնում է, և նախ քան սովորելու օտարի վարմունքի ձևերը, սկսում է ինքն էլ նույն ձևերով ընթանալ: Նա ծիծաղ է շարժում և ավելի ոչինչ:
Նոր, եվրոպական կոչված մանկավարժական արհեստի մեջ մեր վարժապետները միևնույնն են անում. — իրանք դեռ սովորելու կարոտ ուսուցչի պաշտոն են հանձն առնում: Եվ արտաքին ցույցերով միայն կամենում են նմանվել, թե հմուտ մանկավարժներ են. իսկ նմանվելն ցած կապիկություն է, որ միայն կարող է ծիծաղ շարժել:
Խոսելով առհասարակ մեր վարժապետների վրա, չէ կարելի չնկատել մի խոշոր երևույթ, որը խիստ անմխիթար տպավորություն է գործում: Մեր մեջ մինչև այսօր հայտնված, և իրանց գործին փոքր ի շատե հմուտ ու խղճմտանքով վարժապետների թիվը այնքան փոքր է, որ կարելի է մատներով համբարել. — Բեգնազարյանց, Աղայանց, Ղուկասյանց, Տեր-Ղևոնդյանց, Պռոշյանց, Պալասանյանց, Բարխուդարյանց, Շահվերդյանց, Չիգիանյանց, Մ. Սիմոնյանց և մի քանի ուրիշներ: Այդ պարոնները, բացի երկուսից, ո՛չ մասնագետներ են և ո՛չ բարձր ուսում ստացած համալսարանականներ. — դրանք ավելի ժողովրդական թերուսներ են: Եվ զարմանալին այն է, որ գրականության մեջ դարձյալ միևնույն անձինքն են հայտնվում. — ունեն ինքնուրույն և թարգմանական աշխատություններ, գրում են լրագիրների և ամսագիրների մեջ, և իրանք ոչ այս և ոչ այն մանկավարժ-արհեստագետի աշակերտ լինելով, տվեցին մեր դպրոցներին մի քանի դասագրքեր: Որո հակառակ, բարձր ուսում ստացած մանկավարժ-մասնագետներից մինչև այսօր ոչ մեկը չհայտնվեցավ ոչ վարժապետական ասպարեզում և ոչ գրականության մեջ: Այստեղ ճշմարտվում է «Մշակի» այն կարծիքը, որ ժողովրդական թերուսների մեջ գտնվում է ուժ, եռանդ և ապագա…: Ցույց տալու համար, թե այդ այդպես է, մենք հարկավոր ենք համարում փոքր-ինչ պարզել, թե ի՞նչ է մասնագետը և ի՞նչ է թերուսը:
***
Մասնագետը փոխաբերական ձևով խոսելով, մի շտեմարան է, որի մեջ ամբարված են իր արհեստի վերաբերյալ զանազան մթերք, որոնք օտարի արդյունաբերության գործ են: Նրա գլուխը մի պարկ է, որ լցրած է նույն մթերքով: Եթե թափ տվեցիր պարկը — դատարկ կմնա: Նա խոսում է, դատում է, վճռում է միշտ օտարի խելքով. ինքը սեփական դատողություն չունի: Նա միշտ գրքերի հեղինակների անուններ է հիշում, — նա միշտ վկայություններ է բերում, իսկ իր կարծիքը չէ հայտնում: Նա պատերազմում է արհեստական զենքով. ա՛ռ նրա ձեռքից զենքը, — նա կդառնա մի թույլ արարած…
Մասնագետը զգույշ է և երկչոտ. նա իր սեփական ուժերի վրա ինքնավստահություն չունի: Երբ պետք է նրան մի բան գրել, իսկույն սկսում է գրքերը փորփրել, որ նրանց միջից մտքեր դուրս բերե. և այս պատճառով նրա գրվածքը լինում է կցկտուր և շատ անգամ մթին ու անկապ: Նա կարող է լավ թարգմանել և օտարի աշխատություններից ծաղկաքաղ անել, բայց ոչ ստեղծել: Նրա մեջ ինքնուրույնության չկա: Եվ այս է պատճառը, երբ մասնագետը անգործությունից մոռանում է իր սովորածը, նա շատ չէ զանազանվում հասարակ և տգետ մարդիկներից:
(Մեր խոսքերը այն անձանց ավելի հասկանալի կլինին, որոնք մտածել են մեր այժմյան բարձր ուսում ստացած երիտասարդներից ստեղծել մի տիպ և ներկայացնել կամ բեմի վրա և կամ վեպի մեջ: Ամենևին չէ աջողվում մի այսպիսի աշխատություն, որովհետև նրանք կատարելագործված տիպեր չեն, — նրանք կեղծ բաներ են: Նրանք որոշ գույն չունեն, միայն խայտաճամուկ երևույթներ ունեն, որոնք աչք են շլացնում... և այդ խայտաճամուկ գույները, կարծես, զարդարանքի համար են, և ժամանակը շուտով հնացնում է նրանց... ):
Բոլորովին սխալ և միակողմանի կլիներ մեր դատողությունը, եթե այսքանը միայն լիներ մեր կարծիքը մասնագետների մասին: Լինում են բացառություններ, ուր բարձր ուսում ստացած մասնագետը սեփականում է իրան գիտությունը, լավ մարսում է նրան, և անցնելով հեղինակությունների վարդապետական սահմանից, — իր համար կազմում է մի ինքնուրույն և որոշ տեսություն: Այնուհետև նա իր սեփական հայացքն ունի իրերի վրա և դատում է իր խելքով: Եվ դրանց միջից ծնում են հանճարներ: Բայց զարմանալին այն է, որ եթե բաժանելու լինենք այսպիսիների թիվը, դարձյալ մեծամասնությունը կմնա ժողովրդական, և ժողովրդի ստոր դասից բարձրացած մարդիկների կողմը: Այդ այն պատճառով է, որ ժողովրդական մարդը, եթե կարելի է այսպես ասել, հղացած է մտնում գիտության մեջ. և գիտությունը միայն կատարելագործում է ծնունդը: Ժողովրդական մարդը նախ քան ոտք դնելը դպրոցի շեմքի վրա ունի իր աշխարհատեսությունը և գիտակցությունների հարուստ մթերք, որոնք թեև անմշակ են լինում, թեև իրանց սաղմնական վիճակի մեջ են գտնվում, բայց գիտության լույսի տակ բուսնում, աճում և հասունանում են: Այս է պատճառը, որ ժողովրդի միջից դուրս եկած բարձր ուսում ստացած մարդիկ լինում են ընդարձակ հայացքի տեր և ունենում են բազմակողմանի հմտություններ:
***
Այժմ խոսենք, թե ինչ է թերուսը:
Թերուսը շատ նման է բարձր ուսում ստացած ժողովրդական մարդուն, այն զանազանությամբ միայն, որ դրա մեջ գիտությունը, ժողովրդական հմտությունների հետ համեմատելով, շատ փոքր մաս է կազմում: Այլ կերպ խոսելով, թերուսը մի տեսակ բաղադրություն է, որի մեջ սեփական խելքը միացել է գիտութենից ստացած ճշմարտությունների հետ, թեև վերջինները առաջինի փոքր մասն են կազմում:
Բայց բնության օրենք է, երբ մարդու որևէ անդամը, կամ զգայարանքը խանգարված ու թույլ է լինում, մնացածները ավելի զարգանում են և փոխարինում են նրան: Կույր մարդիկը կարողանում են ճանաչել մեկին ոտքերի ձայնից, և ճանաչել կեղծ դրամը մատների շոշափելով: Խուլ ու մունջերի տեսանելիքը այնքան զարգանում է, որ նրանք դառնում են մի տեսակ ֆիզիոգնոմներ, և նայելով մարդու երեսին, հասկանում են նրա միտքը: Ձեռք չունեցող մարդկանց ոտների մատները այնքան զարգանում են, որ կարողանում են նրանցով գրել ու նկարել: Ինչ որ լինում է մարմնական կազմվածքի մեջ, նույնը և լինում է մարդու մտավոր կարողությունների մեջ: Անգրագետները զարմանալի հիշողություն ունեն. մի անգրագետ վաճառական կարողանում է իր բոլոր հաշիվները մտքումը պահել: Ռամիկ երկրագործները ավելի լավ են գուշակում եղանակների փոփոխությունը, քան թե մի հմուտ օդերևութաբան (մետեորոլոգ):
Այսպես է զարգանում և թերուսը:
Նա պատրաստի գիտությունից այնքան չէ ստանում, որ իրան բավականություն տա, և այս պատճառով նրա խելքը, դատողությունները և բոլոր մտավոր զորությունները ավելի ինքնուրույն կերպով զարգանում են:
Խմորի մի փոքրիկ մասը թթվեցնում է ամբողջ զանգվածը: Գիտությունը, թեև փոքր չափով ստացած, նույն ներգործությունն է անում թերուսի մեջ: Բավական է, որ նա ըմբռնում է մի փոքրիկ նշույլ գիտության լույսից. — այդ նշույլը նրա մեջ լայնանում է, և ընդարձակվելով, դեպի ամեն կողմ շառավիղներ է ձգում:
Թերուսը պատրաստի հող ունի և հողը ժողովրդական կյանքից ստացած ունակությունն է, որի մեջ ընկած ամեն սերմ անպտուղ չէ մնում:
Թերուսը մի պատվաստված ծառ է, որի վրա վայրենի դրության մեջ ուժեղ և առողջ էր, խորին արմատներ ուներ արձակած մայր հողի մեջ: Նա քաղցր պտուղներ է տալիս, և նրա պտուղները ախորժելի են ավելի այն պատճառով, որ իրանց բնական և ինքնուրույն գույն, համ և հոտ ունեն:
Թերուսը, ավելի կատարելագործվելով, դառնում է մի տեսակ ինքնուս փիլիսոփա, որը ընդհանուր մարդկային ճշմարտությունները դուրս է բերում իր սեփական աշխատանքով, իր մտածություններով ու փորձերով: Շատ անգամ նա սխալներ է գործում և խոշոր սխալներ, բայց որպես նրա ճիշտ գաղափարները իր առողջ դատողության արդյունք են, այնպես էլ գործած սխալները իր սխալներն են, օտարի խելքը չէ սխալեցնում նրան: Նա շատ անգամ սայթաքում է, ընկնում է, որովհետև իր սեփական ոտների վրա է քայլում, վարձկան ձի չէ նստած: Նա մարդկային հեղինակությունների հետ գործ չունի և գուցե չի էլ ճանաչում նրանց: Նա հետևում է մեկ հեղինակության միայն — դա է բնության համաշխարհական գիրքը: Այս հսկայական գրքից քաղում է նա ինչ որ իրան պետք է:
Նա հետազոտում է, ճանաչում է մարդկությունը, մարդկության սրտի և կյանքի մեջ ուսումնասիրելով նրա պետքերը: Նրա արտահայտած մտքերը մարդկության մտածությունների եզրակացություններն են, նրա ձայնը ժողովրդի սրտիցն է բխում: Ինքն ժողովրդին է պատկանում և իր մեջ բովանդակում է ամբողջ ժողովուրդը: — Նա դառնում է մարգարե, պատգամախոս և արտահայտում է ժողովրդի պահանջները:
Բայց մենք այսպիսի ինքնուսներ չունենք և չենք էլ ունեցել, — դրանք այն մարդիկն են, որ կոչվում են տաղանդներ, ժողովրդական բանաստեղծներ և փիլիսոփաներ:
Մենք ունենք անհաստատ թերուսներ միայն, որոնք մի խառնուրդ են գիտության և ժողովրդական մարդիկների, իրանց անզարգացած դրության մեջ: Այդ մարդիկը օգտավետ են լինում նրանով, որ զուրկ չեն առողջ և ինքնուրույն մտածութենից, և զորեղ ընդունակություն ունենալով, շուտով ըմբռնում են ամեն մի լուսավոր գաղափար: Եվ այդ է պատճառը, որ նրանք մի զարգացած մարդու ազդեցության տակ, կամ մի զարգացած շրջանի մեջ` այնքան զարգանում են, որ երևելի մարդիկ են դառնում: Մեզանում այս տեսակ շրջաններից առաջին օրինակը տվեց «Մշակի» խմբագրատունը, նա պատրաստեց և պատրաստում է մարդիկ, որոնք ապագա են խոստանում…:
Ոչ ոք այնքան ճարպկությամբ չէ սեփականում և չէ յուրացնում ուրիշի մտածության ծնունդը, որպես թերուսը: Եվ եթե քննելու լինենք մեր թերուսների գրավոր աշխատությունները, կտեսնենք, որ նրանք հետևողություններ են, միայն վարպետ կերպով ձևակերպած: Թերուսը և սահմանափակ մասնագետը նրանով են միայն զանազանվում, որ առաջինը բանեցնում է իր խելքը, իսկ երկրորդը` օտարի խելքը:
Թերուսը նոր ատամներ և լավ ախորժակ ունի, նա ամեն բան մարսում է: Դուք տվեցեք նրան մտքեր միայն, նա իսկույն մի բան կշարադրե: Եվ այս է պատճառը, որ նրանց գրվածքները լինում են բազմակողմանի. նրանք ամեն բանի վրա դատում են, ամեն բանի վրա գրում են և ամեն բանի մեջ խրվում են...:
Եվ շատ զարմանք չէ, երբ տեսնում ենք, որ մեր թե՛ գրական և թե՛ ուսումնարանական ասպարեզներում ավելի թերուսներն են դեր խաղում: Դրանք կարող են օգտավետ լինել, որովհետև իրանք ճանաչել են ժողովրդին և ժողովուրդն էլ հասկանում է նրանց լեզուն: — Միայն թե շառլատաններ չլինեն...
***
Խոսելով մեր ժողովրդական վարժապետների և ժողովրդական դպրոցների դրության վրա, մենք, սիրելի ընթերցող, բաց արինք մի ցավալի վերք միայն... ափսո՛ս, որ չպիտի կարողանանք ցույց տալ նրա դարմանները: «Գավազանի երկու ծայրն էլ ապականված է, ո՛ր կողմից և բռնելու լինինք, պետք է մեր ձեռքը մուրտառենք...»: Ուրեմն ժողովրդին ենք թողնում մտածել իր անելիքը...: