Jump to content

Ինքնախաբեություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Ծանի՛ր զքեզ

Ինքնախաբեությո՛ւն... դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երևակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: — Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից:

Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի և նա ամեն բան լավ կողմից է տեսնում, նրա մյուս աչքը կույր է տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. — իրան ամեն բանով լիացած է համարում:

Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են...

***

Ինքնախաբեության հակառակն է ինքնաճանաչությունը, նրա հայրը նախանձն է, իսկ մայրը` դժգոհությունը: Նա ոչինչ բանով բավական չէ: Նա շատ բան ունի, բայց միշտ մտածում է, թե սակավ ունի: Նա միշտ դեպի վեր է նայում, աշխատում է բարձրանալ: Նա ըմբռնել է ընդհանուր մարդկային կատարելությունները, նա ծանոթ է բարձր և վսեմ գաղափարների հետ, և իրան համեմատելով կատարելագործված ընդհանրության հետ, գտնում է շատ փոքր և փոքր...: Դրա համար միշտ դժգոհ է: Նա կրկնում է Սոկրատեսի հետ. «Ես միայն մի բան գիտեմ, այն է, որ ոչինչ չգիտեմ»: Այդ խոսքի մեջն է ինքնաճանաչության բոլոր վսեմությունը:

Երանելի է այն մարդը, որ այսպես է զգում: Այստեղից է առաջ գալիս տոկուն աշխատությունը, դա է ոգևորում մարդուն դեպի անդադար առաջադիմություն, դա է ծնում հանճարները, արհեստը, գիտությունը և աշխարհի բարօրությունը:

Դժգոհությունը իր վիճակից` մի ազնիվ գրգիռ է, որ տանում է դեպի նրա բարվոքումը:

***

Որպիսի բնավորություններ հայտնվում են անհատների մեջ, նույնպիսիք և հայտնվում են ամբողջ ժողովուրդների և ազգերի մեջ: Որովհետև բոլորը կազմված է մասներից, ինչ որ մասներն են, այն և բոլորն է:

Կան ազգեր, որ շատ գոհ են իրանց վիճակից, կարծում են, թե ամեն բան ունեն և իրանց թերությունները չեն տեսնում: Կան նաև ազգեր, որքան առաջ են գնում, որքան արդյունաբերում են, որքան կատարելագործվում են, — այնքան դժգոհ են:

Խոսենք մեզ վրա:

Մենք գտնվում ենք կատարյալ ինքնախաբեական վիճակի մեջ:

Ընտանիքը, ազգայնության հիմքը, սկսել է մեզանում փտել, այլանդակվել, - մի կողմից շռայլությունը, մյուս կողմից անբարոյականությունը օրըստօրե ոչնչացնում են նրա մեջ ինչ որ բարի է, ինչ որ ազնիվ է: Նա կորցրել է իր նահապետական պարզությունը, և նոր, այսպես կոչված եվրոպական կրթութենից` սեփականել է միայն վատ կողմերը: — Ո՛չ, ասում են, այդպես չէ, մի բան, որով կարող է պարծենալ հայը, դա է նրա ընտանեկան սրբությունը, որի մեջ տիրում է խնայողություն, անդամների առաքինական ներդաշնակություն և այլն:

Մեր լեզուն, ասում ենք, սկսել է կորչել ազգի բերանից. Տաճկաստանի հայը տաճկերեն է խոսում, Ռուսաստանի հայը ռուսերեն է խոսում, Պարսկաստանի հայը պարսկերեն, Հնդկաստանի հայը անգլերեն. և ամենավտանգավորն այն է, որ այդ ախտը սկսում է ընտանիքից: — Ո՛չ, պատասխանում են, այդպես չէ, մեր լեզվով Ադամն ու Նոյն էին խոսում, ի՞նչ հայ կա, որ իր լեզուն չգիտենա:

Մեր գրականությունը աղքատ է, ասում ենք, ժողովուրդը զուրկ է մնում մտավոր սնունդից. պահանջում ենք մեր հասարակութենից ընթերցանություն, բայց նրան գիրք չենք տալիս: — Իսկույն ցույց են տալիս Եղիշեն և Խորենացին: Էլ ի՞նչ: — Մի քանի էլ կրոնական գրքեր:

Մեր դպրոցները, ասում ենք, ամենաթշվառ դրության մեջ են, նոր իմաստակների ձեռքում խաղալիք են դարձել: Նրանք կորցրել են հին ձևը, որն թեև փտած էր, բայց ինքնուրույն էր և դարևոր փորձերի վրա էր հիմնված: — Ո՛չ, այդպես չէ, պատասխանում են, և իսկույն ցույց են տալիս քեզ եվրոպական մանկավարժությունը: Թեև այդ եվրոպական մանկավարժություն ասած բանը այնքան են հասկանում մեր վարժապետները, որքան հասկանում են մեր աղջիկները եվրոպական մոդայով ձևած մի հագուստ, որ պատրաստ գնել էին ֆրանսուհի դերձակից:

Մեր եկեղեցին այլանդակվել է, ասում ենք, փոխել է իր նախնական պարզ կերպարանքը, դարձել է ծիսապաշտության, շնորհավաճառության և անհավատության մի գործարան: — Դու անկրոն ես, անհավատ ես, պատասխանում են, եկեղեցու սրբության դեմ չէ կարելի խոսել, մեր եկեղեցու նման ազատ եկեղեցի չկա:

Մեր եկեղեցական կառավարությունը, ասում ենք, դարձել է բաշիբոզուկների վարչություն. կամայականությունը տիրում է կարգի և կանոնների վրա. անարժանները առաջ են գնում, արժանավորները ճնշվում են: — Իսկույն ստանում ես միևնույն հիմար պատասխանը, թե դու կրոնի դեմ ես խոսում, և հետն էլ ավելացնում են մի քանի հայհոյանքներ:

Մեր եկեղեցականները, ասում ենք, դարձել են անպիտան մշակներ. նրանց գիտությունը, նրանց վարքը չէ համապատասխանում իրանց հանձն առած պաշտոնին: Նրանք ավելի գայթակղեցնում են մեր ժողովուրդը, քան թե նրան մի բարոյական և հոգևոր ուղղություն են տալիս: — Իսկույն քեզ ցույց կտան Ներսես Մեծին, Սահակ Պարթևին և Մեսրոպին: Իսկ այժմյաննե՞րը: — Այժմյանները քավում են իրանց մեղքերը հների աշխատությամբ...:

Մեր լրագրությունը, ամսագրերը և եռամսյա հանդեսները, ասում ենք, փոխանակ արթնացնելու ժողովուրդը իր նախապաշարմունքներից, փոխանակ նոր և թարմ մտածությունների հետ ծանոթացնելու, փոխանակ նրան դեպի ուղիղ ճանապարհը առաջնորդելու — ավելի մոլորեցնում են, ավելի թմրեցնում են նրան իր անշարժության մեջ: — Այսպես պետք է կրթել ժողովուրդը, պատասխանում են քեզ:

Վերջապես ամեն բան մեզանում լավ է գնում...: Խոսում ես տնտեսական անկարգության վրա, վաճառականության անկանոնության վրա, երկրագործության հետամնացության վրա, արհեստի նահապետական դրության վրա, գյուղացու` մշակ դասի ողորմելի վիճակի վրա, մի խոսքով, ամեն բանի վրա, ինչ որ պետք է մարդուն, — միևնույն պատասխանն ես ստանում, ամեն ինչ լավ է մեզանում...:

Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեութենից. այս բոլորը առաջ է գալիս այն միակողմանի հայացքից, որ մենք ամեն բան լավ կողմիցն ենք տեսնում:

***

Ինքնախաբեությունը մեզանում ծնեց մի տեսակ «ազգասերներ», որոնց վրա մինչև այսօր ո՛չ մեր վիպասանները, ո՛չ մեր թատրոնական բեմը և ո՛չ էլ մեր լրագրությունը ուշադրություն չեն դարձրել: Դրանց նշանաբանը բովանդակվում է այս սկզբունքի մեջ. «Ինչ որ հայկական է, այն լավ է»:

Այս տեսակ «ազգասերները» մի կատարելագործված տիպ են ներկայացնում մեր հասարակության մեջ, որոնք, կարծես, պատկանում են մի առանձին շկոլայի, որի հիմնադիրը հայտնի չէ:

Դրանք, արդարև, սիրում են ազգը, որպես մի երիտասարդ սիրահարված է լինում մի օրիորդի վրա, որն նրան ամենևին չէ ճանաչում, որը նրա բերանից մի խոսք անգամ չէ լսել, որը նրա կողմից ոչ մի շնորհ չէ տեսել, բայց նա սիրում է… Օրիորդի հիմարություններն անգամ սիրելի են նրան...:

Նրանք սիրում են... վրդովվում են... ոգևորվում են... և ամեն կիրք իրանց սրտի մեջն է մնում: Նրանք ազգը գտնում են իրանց սենյակի չորս պատերի մեջ. դրսում նրա հետ հարաբերություն չունեն: Որպես մեր երևակայական սիրահարը իր սիրուհին իր գլխի մեջն ունի:

Այս տեսակ «ազգասերներին» ծանոթ չէ «գործը»: Բայց նրանք մեծ բարիք գործած են համարում ազգին, երբ խոսում են նրա վրա, և խոսում են միշտ իրանց նմանների հետ. նրանց ձայնը օտարը չէ լսում: Նրանք չունեն մինչև անգամ այն բանը, որ կոչվում է ցանկություն. որովհետև մի բան ցանկանալու համար պետք է մի բան պահանջել. բայց նրանք պահանջմունք ևս չունեն: Նրանք բավական են այն բոլորով, ինչ որ կա արդեն, ինչ որ թողել են մեր պապերը: Իսկ մի նոր բան անելու համար դեռ սպասում են...

Նրանց խոսքը — գովասանությունն է: Գովել, ոգևորվել. ուրախանալ ազգի չունեցած կատարելություններով, — այդ է նրանց սիրո երևակայական առարկան: Եվ միշտ վրդովվում են, դավաճան, ուրացող են համարում այն մարդուն, որ համարձակվում է ազգի այս և այն թերությունները նկատել, կամ նրա նախապաշարմունքի դեմ խոսել: «Դու մեր ունեցածը քանդում ես» ասում են:

Այս տեսակ «ազգասերներ» կան, գոյություն ունեն, բայց աչքի չեն երևում: Նրանք ըստ մեծի մասին առանձնական կյանք են վարում: Նրանք քուրմերի բնավորություն ունեն, սիրում են վարագույրի ետևում թաքնված մնալ և երբեմն պատգամներ խոսել: Նրանց խոսքերի մեջ իմաստ չկա, բայց միևնույն ժամանակ բազմիմաստ են, որպես մարգարեի խոսք, որ միշտ մեկնության կարոտ է…:

Նրանք չեն սիրում ազգային գործերի մեջ մտնել, որովհետև միշտ երևակայում են, որ իրանք մի «մեծ» բան պիտի անեն, որի ժամանակը չէ հասել… և միշտ իրանց աչքի առջև արգելքներ են տեսնում: Այլև արհամարհում են այժմյան գործիչների գործը, համարելով երեխայական խաղ: Լուռ ժպիտը նրանց երեսից պակաս չէ: Երբ լսում են որևիցե դատողություն մի նորելուկից, և նայում են նրա վրա, որպես մի զարգացած մարդ նայում է փոքրիկ մանուկի ծուռ ու սխալ թոթովանքին: Իրանք միշտ լուռ են, շատ բան գիտեն, բայց չեն խոսում...:

Նրանք միշտ ոգևորվում են անցյալով. Վարդանը, Ավարայրի դաշտը, Անին նրանց խոսակցության նյութն է: Թուրքիայում և Կ. Պոլսի ազգային սահմանադրության մեջ տեսնում են մեծ ապագա, և հայոց փրկությունը գտնում են հայոց եկեղեցու մեջ:

Այս «ազգասերները» իրանց տեսակի կատարելագործված տիպն են, որոնք հանճարներ են համարվում: Նրանք բարի մարդիկ են, բայց վտանգավոր են: Կույր սերը միշտ վնասակար է լինում. որովհետև միշտ լավն է տեսնում, վատը չէ նկատում:

Բայց կա և երկրորդական տեսակը, որն առաջինի կեղծ պատճենն է: Դրանք խարդախ մարդիկ են, որ ազգասիրական դիմակի ներքո թաքցնում են շահեկան նպատակներ: Այսպիսիները խառնվում են գործի մեջ: Նրանք լինում են` դպրոցների հոգաբարձուներ, եկեղեցիների գանձապետներ, հարուստ որբերի խնամակալներ, բարեգործական նպատակով նվիրված գումարների կտակակատարներ, առաջնորդ-սրբազանների խնկարկուներ, աղքատ դերասանների պաշտպաններ, միևնույն դպրոցի մեջ մշտական և ժառանգական վարժապետներ, և երբեմն լրագիրների և ամսագիրների խմբագիրներ: Այս տեսակ ազգասերների թվումն են և այն բարերարները, որոնք միշտ կողոպտել են, հափշտակել են և հազարումեկ կերպ ավազակությամբ հարստություն են դիզել.- և վերջ ի վերջո ցանկանում են լավ մարդ ձևանալ, և իրանց կեղտոտ անցյալը ծածկել ազգասիրական քողով:

Այս տեսակ «ազգասերը» սիրում է ազգը նրան կողոպտելու համար, որպես վամպիրը թմրեցնելով է ծծում իր զոհի արյունը: Նա կխոսի քեզ հետ միշտ հայերեն լեզվով, կաշխատե հեռու մնալ օտարազգի բառերից, և միշտ (բայց խոսքերով միայն) բարի ցանկություններ կհայտնե իր «սիրելի» և «պատվական» ազգի մասին: Ա՛խ ու ո՛հը նրա բերանից պակաս չեն, երբ լսում է ազգի թշվառությունը, և շատ անգամ արտասուք է երևում նրա աչքերում, երբ կարդում է «Վերք Հայաստանին»: Նրա բարկությանը չափ չկա, երբ ազգի մասին թշնամանք և հայհոյանք է լսում, և ատում է այն բոլորին, որոնք հայ չեն: — Այս բոլորը անում է նա, բայց եթե գիտենա, թե Հայկի ոսկորներին մի քանի կոպեկ փող կտան, իսկույն գերեզմանից կհանե ու կծախե…:

***

Ընթերցող, դու բավական ծանոթացար մեր նկարած երկու տիպերի հետ — փտած և կեղծ ազգասերների հետ. — կամենում ե՞ս այժմ քեզ անձնապես ծանոթացնեմ նրանց մեկի հետ, և դու քեզ բոլորին ճանաչած համարիր, որովհետև ամենքը շատ քիչ տարբերությամբ միմյանց նման են:

Դա վերջին տեսակիցն է:

Ահա՛ մտնում ենք նրա մենարանը, այստեղ է գործում ազգի երևելի մտածողը: Մեծ գրասեղանի հանդեպ, նույնպես մեծ բազկաթոռի վրա նստած է նա: Նա մի հաստլիկ մարդ է, խոսում է նույնպես հաստլիկ ձայնով. թշերը նույնպես հաստլիկ են և թունդ-կարմիր գույն ունեն: Երևում է, ազգասերի փորը միշտ կուշտ է եղել. նա շատ առողջ է, թեև գլխի մազերը սպիտակել են:

Գրասեղանի դեմ ու դեմ (ազգասերի աչքի առջև) սև շրջանակի մեջ, կախված է մի խորհրդավոր պատկեր, որ ներկայացնում է մի հերարձակ կույս, որ նստած է փլատակների վրա: Նրա շուրջը թափված են խորտակված գավազաններ, փոշեթաղ թագեր, փշրված դրոշներ և զանազան զենքեր: Իսկ ինքը` կույսը, ծնոտին նեցուկ տված, գեղեցիկ գլուխը մի կողմ թեքած, տխուր կերպով նայում է Հայաստանի ավերակներին…: Այս պատկերից փոքր-ինչ հեռու, ազգասերի աջ ու ձախ կողմերում, պատից քաշ են ընկած երկու ուրիշ պատկերներ ոսկեզօծ շրջանակներով: Դրանցից մեկը Հայկն է, իսկ մյուսը` Վարդան Մամիկոնյանը: Հայկի պատկերի ներքև պատի վրա մեխած է հին Հայաստանի քարտեզը:

Գրասեղանի վրա ածած են շատ թղթեր, որոնց վրա, քամին չցրվելու համար, դրած է մի աղյուսանման բան. դա մոզայիկներով զարդարած մի կրային բաղադրություն է, որ բերած է Անիի ավերակներից:

Մի անկյունում մեծ պահարանի մեջ շարած են գրքեր Վենետիկի ոսկեզօծ կազմերով, կարծես. շնորհքի համար դարսված լինեն: Սենյակը զարդարած է արևելյան ճաշակով. փռած են գորգեր, դրած է թախտ և երևում են մութաքաներ:

Ազգասերը լուռ է. նրա բազմահոգ դեմքը ցույց է տալիս, որ զբաղված է:

Ահա՜ ներս վազեցին սենյակի մեջ երկու հրեշտակի նման փոքրիկ երեխաներ: «Պապաշա, պապաշա», կոչելով, նրանցից մեկը թռավ հոր ծնկների վրա և փաթաթվեցավ նրա վզովը: Իսկ մյուս մանուկը փորձ փորձեց հետևել եղբորը, բայց գլորվեցավ հատակի վրա: Հայրը բարձրացրեց նրան և համբուրեց:

Երեխաներից մեկի անունը Լևոն է, մյուսինը` Ռուբեն: Հայրը մեծ ծառայություն է արել ազգին, որ կենդանացրել է այդ պատմական անունները…:

— Ինչո՞ւ հայերեն չեն խոսում, — հարցնում ես ազգասերից:

— Մայրերի ու աղախինների հետ այսպես են սորված... ես էլ ժամանակ չունեմ դրանցով զբաղվելու, — պատասխանում է նա:

Երեխաները խլում են գրասեղանի վրայից «Մեղուի» վերջին համարը, որ տանեն իրանց համար «փռռան» շինեն: Հայրը կոչում է, որ ետ բերեն, բայց չարաճճիները անհայտանում են:

***

Ընթերցող, այս բոլորը քեզ վրա կարծեմ լավ տպավորություն գործեց. արտաքին ցույցերը բավական գրավիչ տեսար. այժմ մտնենք ազգասերի ներսը — սրտի մեջ:

Ես կսկսեմ խոսակցությունը, դու միայն լսիր:

— Դուք, երևի, «Մշակ» չե՞ք ստանում, — հարցնում եմ ես:

— Մի՞թե արժե փող կորցնել... — պատասխանում է նա արհամարհական ձայնով: — Այս լրագրի վրա թքել միայն կարելի է և ոչ կարդալ:

— Երևի, դուք կարդում ե՞ք, — իսկույն հարցնում է նա:

— Այո՛, և շատ սիրով:

— Այդ ձեզանից չէ՛ի սպասում…

— Ինչո՞ւ:

— Եղբա՛յր պատվական, էլ ի՞նչ մնաց, որ չխայտառակեց նա. — ընտանիք, կրոն, եկեղեցի: — Նա ուրացավ մեր ազգի բոլոր ազնիվ կողմերը. էլ մուր չմնաց, որ չքսեց նրա վրա: Նա մեզ խայտառակեց, իսպառ խայտառակեց...:

— Ինչո՞ւ չխայտառակել, երբ խայտառակելու բաներ կան:

— Մի՞թե կարելի է այդ: Ասենք թե լինեին մեր մեջ թերություններ, մի՞թե կարելի է ամեն ինչ հրապարակ հանել:

— Այսպես վարվում են միայն այն հիմար հիվանդները, որ թաքցնելով իրանց ցավերը, աշխատում են առողջ ձևանալ: Մեր թերությունները ծածկելով ի՞նչ շինեցինք մինչև այսօր:

— Գոնյա մեր պատիվը պահեցինք: Օտարներն մեր պակասությունները չհասկացան:

— Օտարներն մեզ նման կույր չեն...

Նա սկսեց թղթերի մեջ մի բան որոնել:

— Ահա՛ ձեզ ցույց կտամ Ս. Պետերբուրգից ստացած պ. Կովյանի նամակը... ի՛նչ պատվական դատողություններ, ի՛նչ պատվական խորհրդածություն... Որտե՞ղ կորավ... Սաշա, — կոչեց նա ծառային:

— Նեղություն մի կրեք. Ս. Պետերբուրգի «պատվական խորհրդածությունները» ինձ պետք չեն. առանց ձեր կարդալու, ես կարող եմ ասել, թե ինչ գրված կլինի այն նամակի մեջ:

Նա դառնում է դեպի ինձ:

— Ուրեմն ասացեք, խնդրեմ, պետք չէ՞ թքել մի այսպիսի լրագրի վրա, որ բացասում է մեր լավ կողմերը, հերքում է և ամեն ինչ քանդում է, տակնուվրա է անում: Այդ ո՞ւմ դուր է գալիս, ո՞վ չէ բարկանում:

— Դա շատ բնական է. փորձեցեք երկու աչքերով կույր մեկին ասել` դուք կույր եք. նա իսկույն կբարկանա, թեև հայտնեցիք մի անհերքելի ճշմարտություն:

Նա տաքացավ:

— Դա զզվելի է… միշտ գովել պետք է, խրախուսել պետք է, քաջալերել պետք է. դուք միայն հուսահատեցնում եք... դուք ամեն բան սև գունով եք տեսնում... կյանք, ուժ ուրանում եք ազգի մեջ...:

— Կրթության այդ հին և փտած եղանակը արդեն ցույց տվեց իր արդյունքը: Կ. Պոլսի հոսհոսների լրագրությունը մինչև այսօր այդ ձևին էր հետևում, նա միշտ գովում էր, նա միշտ ոգևորվում էր, ցույց տալով, թե ամեն բան ունեն, ամեն բան պատրաստ է: Բայց հանգամանքները ցույց տվեցին, թե նրանք ինչ տեսակ ժողովուրդ պատրաստեցին: Տաճկահայոց ոչնչությունը հայտնվեցավ:

Ազգասերի նետը, կարծես, քարին դիպավ. նա կանգ առավ և սկսեց մտածել:

Ես շարունակեցի.

— Նույնը անում էին մեզանում և մինչև այսօր. «ինչ որ հայկական է, այն լավ է». — այս էր մեր ազգ սիրողների սկզբունքը: — Հայ վաճառականը խաբեբայությամբ է վարում իր առևտուրը: — Պետք է գովել նրան, այդ գողություն չէ, որովհետև գործողը հայ է: Հայ ընտանիքը օրըստօրե քայքայվում է բարոյական փտության մեջ: — Վնաս չունի. որովհետև մեր ազգի ընտանիքն է, նրան վատ ասել չի լինի: Հայ եկեղեցականները դարձել են ավազակներ: — Պետք է գովել նրանց, որովհետև մեր հոգևոր հայրերն են, մեր կրոնի ավանդապահներն են...: Ի՞նչ խոսքս երկարացնեմ, դուք ամեն աղբ, ամեն կեղտ, ամեն ապականություն գովում էիք, և գովում եք, որովհետև հայի աղբ է...

— Ի՞նչ վնաս տվեցինք մեր գովություններով:

— Այն վնասը, որ դուք խաբեցիք ազգը և գովաբանելով նրա հիմարությունները, նրա անպիտանությունները, առիթ տվեցիք անպիտանությանը մնալ միշտ անպիտանություն: Դուք ազգի աչքերը փակեցիք իր այլանդակությունը չտեսնելու համար:

— Իսկ դուք, որ պախարակում եք, քանդում եք, ոչնչացնում եք, նրա տեղը ի՞նչ եք դնում:

— Մենք այգեպանի պաշտոն ենք կատարում: Այգեպանը, երբ անխնա կտրում է ծառի չորացած, փտած և ավելորդ ճղները, չէ մտածում նրանց տեղը մի նոր ճյուղ կպցնել. որովհետև գիտե, որ նորը ինքն իրան կբուսնի, եթե ծառի մեջ կյանք կա, ուժ կա և հողի մեջ արմատ ունի...:

Խոսակցությունը ընդհատվում է: Դատարանի ծառան ներս է բերում մի հրավիրաթուղթ և ստորագրել է տալիս:

— Ի՞նչ գործերի համար եք կանչված:

— Դարձյալ այն անիծված կտակի համար է…

Ազգասերը մոռացավ սերն էլ, ազգն էլ, Վարդանն էլ, Հայկն էլ: Նա կանգնեց այս խոսքերով.

— Ներողություն, ես փաստաբանիս մոտ պետք է գնամ: