Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻԴԻԼԻԱ
Գնում եմ անտառ, թռչունների մոտ,
Բայց թռչունները ինձնից փախչում են,
Թեւերի քամուց թեքվում թուփ ու խոտ,
Ասես իրարից ամուր կառչում են։
Չվստահելուց վիրավորվում եմ,
Շրջվում դեպի ետ... բայց մի ձայն, ահա,
Մի շիվ ձեռքի պես տարուբերվում է,
Ինձ մոտ է կանչում մտերմի նման։
Մոտենում, դեմքս հպում եմ նրան,
Եղբայրների պես իրար ենք փարվում,
Ես նրա կանաչ սաղարթի վրա
Արցունքի երկու «շիթ եմ նշմարում»։
Հետո մոտենում ծառերին մեկ-մեկ,
Ես ձեռք եմ տալիս ու սիրտ ենք բացում.
Վերադառնում են թռչնի խաղ ու երգ,
Վերադառնում են հավատ ու հուզում։
Մի հավք է իջնում իմ ուսի վրա,
Ասում է՝ ներիր... Ապա երգի պես
Թափանցիկ ու ջինջ հայացքը նրա
Մեխվում է ուղիղ իմ աչքերի մեջ։
Հավքը կտուցին «բռնել» է երգը,
Երգով իմ խորքից ցավեր է հանում,
Մեղմում է օրվա վշտերն ու վերքը
Եվ ինձ անտառի խորքերն է տանում...
Ինձ ձեր շարքերը ընդունեք, հավքեր,
Ծառե՛ր, ընդունեք ինձ ձեր շարքերը,
Որպես անմշակ, վայրի ծաղիկներ՝
Ձեր կյանքով ապրեն թող իմ երգերը։
|
|