Jump to content

Իզուր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԶՈՒՐ



Իզո՜ւր, ո՜հ, զո՜ւր հոգեկան
Հիացմունքով առլցյալ
Դիտեցի դեմքըդ չքնաղ
Եվ աչերդ լուսափայլ.

Ի զո՜ւր աղու նայվածքիդ
Եվ գեղանի ժպտին մեջ
Որոնեցի պատասխան
Սիրույն իմ ջերմ ու անշեջ։

Եվ տենչացի որ քեզմով
Հափշտակված վայրկենին
Ինձ երևան գա մուսան
Զարնե հոգվույս չարերին,

Եվ ազդելով նրանց շունչ,
Հուր ու ավյուն հրաշազան,
Երգել տա ինձ երգ անուշ,
Երգը սիրո սրբազան…

Քո հայացքը քաղցր է, մեղույշ,
Բայց չէ ուղղված իմ ժպտին.
Խոսքդ գողտր է, ձայնըդ անույշ,
Բայց չեն հնչում իմ սրտին։

Թե մոտենամ վառ շուրթերիդ,
Նրանք իսկույն կպաղին,
Թե ջերմաշունչ դիմեմ քո գիրկ,
Կըցրտանա նա կրկին։

Գիտես, գուցե, սիրել տաքուկ,
Բայց ինձ չէ որ պիտ սիրես,
ոչ էլ Ւնձ է, որ քո փափուկ
Սիրտը պիտի նվիրես…

Թող ուրեմն, տկար ձայնից
Չըբորբոքվի մեծ հրդեհ,
Դատարկ տեղը հոգիս իզուր
Չզգա ոչինչ բարձր ու վեհ.

Ո՛չ մուսայից խնդրե ավյուն,
Ո՛չ երազե լիահույս,
Ո՛չ քնարի լարը շարժե,
Ոչ երգ երգե սրտահույզ։

Զի անկենդան ու անմիտ է
երգը սրտի պուետին,
Երբ նա սիրո տաճարի մեջ
Աղոթավորն է հետին,

Երբ նրան խանդ չի ներշնչում
Կուսի սերը ճշմարիտ
Եվ ժպիտը սիրապարար
Կամ արցունքը մարգարիտ։