Դեռ մութ գիշեր, երկրի վրա
Փռած ուներ յուր թևեր,
Դեռ մարդկային սիրտն անըզգա
Քնո գիրկը կթմրեր…
Մեռած ասես ամբողջ բնություն,
ո՛չ աղաղակ, ո՛չ շշուկ.
Կարծես հատած է մահվան քուն
Ամենուն էլ ձայն ու շունչ,
Չի երևում ոչ նվազ լույս,
Ոչ աս տեղաց փայլ ու շող,
Իմ էլ կարծես հանգչում է հույս
Արև տեսնել ոսկեշող։
2
Տխուր գիշեր, և արթնության
Ո՜վ ատելի արարած.
Քո մեջ ճիշտ որ Հայի կենաց
Պատկերն ունիս նկարած,
Նրա անշարժ, անշունչ մարմին
Դրված կարծես դագաղում,
Նրա անհոգ, թմրած հոգին,
Որ լի ուզում արթնություն,
Նրա կյանքը, նրա վիճակ,
Որ ճնշման տակ և տխուր
Մնում է միշտ փրկող աչքից,
Հավետ անտես և անլուր։
3
Բայց, ա՛հ, հանկարծ հավը խոսեց,
Տալիս է նա ավետիք,
Թե լուսո ելքն արդեն բացվեց
խավարն արագ կըլնի չիք։
Կարծես, կասեր, պետք է վանել
Միտք սևացնորք, հուսահատ,
Խավարի դեմն էլ մաքառել
Հուսալ, գործել անընդհատ։
Իրավ, աչքս երբ դարձուցի
Դեպ սենյակիս պատուհան,
Հեռուն իսկույն նշմարեցի
Արշալուսո ծիածան։
4
Ո՛հ, ի՜նչ սիրուն պատկեր ունիս,
Ավետաբեր արշալույս,
Քեզնով իբրու կարթնու հոգիս,
Կվառվի իմ մարած հույս։
Թեպետ մթան մեջ ու հեռուն
Կերևցնես քո պատկեր,
Թեպետ դուրսը միշտ արյան գույն
Ծածկված ունի քո լապտեր,
Սակայն ծոցիդ մեջ անկասկած
Արևու գունդ կծածկես,
Առավոտյան ժամը զարկած
Զայն մութ երկրին կբաշխես…։
5
Բայց մեր էլ ե՞րբ պիտի փայլի
Ավետաբեր արշալույս,
Մեր արևը ե՞րբ պիտ ելնե,
Պսակել խեղճ Հայի հույս։
6
Այո, քո մեջն էլ կտեսնեմ
Մեր հուսալիր ապագան,
Այո, Հայն էլ լույս կտեսնե
Միայն թե լինի միաբան,
Հայի խավարն էլ կցրվի,
Շատ չի տևիր գերություն,
Գեթ մեր մեջեն եթե վերցվի
Մեր անտարբեր սառնություն,
Եթե գործից հետ չփախչին,
Որոնք ունեն ուժ ու կար,
Եթե լեզվի հետ վաստակին
Ձեռք և կորով հավասար։