Jump to content

Իղձ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իղձ
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 227
տ. ― էջ 455, ծ. ― էջ 587

Փոխադրությունը՝ Հովհաննես Թումանյանի կողմից

ԻՂՁ


Ինչո՞ւ չեմ թռչուն, վայրենի մի հավ,
Որ հիմա գլխիս վերևից թռավ.
Ինչո՞ւ չեմ կարող երկնքում ճախրել
Եվ ազատություն միմիայն սիրել։

5 Ես դեպի Տարոն կըսլանայի,
Ուր ծաղկում են դաշտերն իմ պապերի,
Դատարկ ամրոցում միգապատ լերանց
Հանգչում են մոռացված աճյունքը նրանց։

Այնտեղ հին պատից մնում են կախած
10 Նրանց լայն վահանն ու սուրը ժանգոտած,
Կըթռչեի սրի, վահանի վրայով,
Եվ կըսրբեի փոշին թևերով։

Եվ պարթևական լռած քնարի
Ժանգոտ լարերին ես կըզարկեի,
15 Որ նրա ձայնը դարձյալ հոգենվագ
Հնչեր մշտալուռ կամարների տակ։

Ճակատագրի խիստ օրենքների դեմ
Իզուր է խնդիրս,— ես այդ լավ գիտեմ
Իմ և բլուրների միջև հայրական
20 Սարեր ու ձորեր, կապույտ ծովեր կան։

Վերջին շառավիղը դյուցազունների
Ահա տարագիր, ցոփ կյանքի գերի.
Այստեղ ծնվեցա, բայց ուրիշ հոգով...
Ա՜խ, ինչո՞ւ չեմ ես թռչուն վայրենի։