Jump to content

Իմը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻՄԸ

Պոետներից զզված
Փողոցներում հոսում է
Թուքը…
Խոսքի անկշռույթ կշիռը
Նյութապաշտի որկորի չափով
Ու ստամոքսահյութի առատությամբ
Աչքերս ու բերանս են փակում…
Իմը…
Իմս…
Իմն ես ինչպես իմ
Չհասկացված փախուստը…

Բոլորը
Ինչպես մի մարմին
Եվ ինչպես նողկանքը
Հղփացածի կոկորդում…

Ինձ կախել են
Պատի մեխից,
Ինչպես խամաճիկի
Կախ ընկած բերանը…

Չարդարացված հույսերի թիրախն եմ,
Ու իմն եմ,
Ինչպես չստացված զոհ…

Բոլորը բանաստեղծություն են
Պոետներից զզված
Ու քայլում են
Ստվերների նման`
Դատարկ սավանների
Տռփանքը թաղելով
Իմ մեջ…

Պոետներից զզված
Քայլում եմ իմ մեջ`
Ինձ ավարտելով
Բոլոր բանաստեղծությունների համար…