Բառերի հայելին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմը Գրպանի բանաստեղծություններ (Բառերի հայելին)

Աշոտ Գաբրիելյան

«Հոգնել եմ հոգնությունից...»
ԲԱՌԵՐԻ ՀԱՅԵԼԻՆ

Ես մահացած էի.
Որսված է վայրկյանը,
Աչքերը,
Որոնք մարմնիս
Ներսում էին քրքրում,
Օղին,
Պոռնիկը
Եվ շշերի արանքից
Ինձ նայող
Աղավաղված
Կիսատ-պռատությունն
Ու ամբողջությունը…

Չեմ տեսնում վայրկյանները`
Դողացող ձեռքերը ժամանակի,
Մոռացված սերը,
Որը կանգնել է
Ժամանակի կոկորդում,
Թուքը,
Որը մարսեց ինձ…
Բոլոր իմ երգերը
Չարժեր ասել բառերով.
Ի ՞նչ իմաստ ունի բառը,
Եթե իմը չէ հիմա…
Եթե ձայն է,
Որ խեղդվել է
Օդում, օդի մեջ
Ու բռնաբարվել…
……………………
Օդում…
…Ուր քամի է
Եվ զանգակի
Անկաղապար
Լեզվակներն են թափառում
Աստղերից թելերով կապված
Ու հարվածում սրտիս պես
Խուլ,
Ինչպես մահը
Մահացածի երազում…

Թափորը դատարկություն է կրում.
Ինձ հողում տեղ չկա,
Ինչպես իմ հոգում բառեր…
Ես երգն եմ
Միզահոտ պատանքով փաթաթված,
Բառը,
Որ չի կարող ինձ արտասանել…

Հայելու մեջ
Միայն բառերն են
Շրջում իրենց երեսը…

Ինձ երկնքում են թաղում,
Ինչպես գիրը հայելու առաջ,
Ինչպես մեռնողի վերջին խոսքը,
Որ ոչ ոք չի լսում…
ԲԱՆ-ը,
Որ Աստված խլեց ինձնից
Ադամի մեղքով…
………………………
Ես սիրուս հասա
Իմ սերմահոտ բառերով միայն…
Դափ-դատարկ,
Ինչպես
Մարմինս.
Ես գիրն էի
Մահից սարսափած…