Թաքնվի՛ր, ո՛վ լուսին, մթան սիրահար.
Դեմքդ սև քողով թող ծածկեն ամպեր.
Մի՛ լուսավորիր դու այդքան պայծառ
Այս դաշտ ու հովիտ, այս խորունկ ձորեր.
Օ՛ն, աչքես հեռի բնության սեթևեթ,
Մինչ չէ սիրուհիս թև՛ի թև ինձ հետ:
Դադրի՛ր, ով զեփյուռ, հեզիկ մի շնչեր.
Մի՛ տար դու ծաղկանց համբույրներ թաքուն.
Դադրեցեք և դուք քաղցրաշունչ հովեր,
Մի՛ ծառերուն մեջ հանեք սոսավյուն.
Մինչ չէ հանգչեցնում գլուխն իմ կրծքին
Հոգվույս տարակա հատորը անգին.
Եվ սիրակարկաչ դու, վճի՛տ առվակ,
Դարձի՛ր, о՜ն փութով դեպի քո ակունք,
Եվ կամ լուռ, անձայն քո մանրիկ կոհակ
Գըլորե ժայռին խորշերը գաղտուկ.
Մինչդեռ չեն դիտում քո՛ ջինջ ալիքներ
Իմ Աստվածուհու սևորակ աչեր։
եվ շուրջս բոլոր թո՛ղ պատե խավար,
Սևաթույր ամպեր ծածկեն վառ աստղեր,
Երկինք ու երկիր թող խառնվեն իրար
Եվ որոտընդոստ դղրդի եթեր:
Զի գեղոնք բնության, հրաշալիք երկնից,
Բայց աչոք դիտել ես չեմ հանդուրժում,
Քանի սիրելիս հեռի է ինձնից,
Քանի սրտիս մեջ արցունք է հոսում…: